«Հենարան» մամուլի ակումբում երեկ Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր երկու լավ լուրով:
«Տարիներ առաջ, երբ ստեղծվեց Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիան, ես իմ առջեւ նպատակ դրեցի՝ հասնել այն բանին, որպեսզի Հայաստանում բնակվող հայ մարզիկը կարողանա պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար եւ ունենա գոտու վարկանիշ: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ, չնայած՝ դեռ հսկայական գործ էլ կա անելու: Հայաստանի ընդհանուր մարտերի բոլոր մարզիկներին հնարավորություն ընձեռելով՝ այսօր հասել ենք այդ ցուցանիշին եւ աշխարհի չեմպիոններ ունենք: Ավելին՝ ընդհանուր մարտերի միջազգային բոլոր կազմակերպությունները վարկանիշային ցուցակում 70 կգ քաշային կարգում առաջին համարը տալիս են հայաստանցի Դավիթ Խաչատրյանին: Նա անցկացրած իր բոլոր մարտերում համոզիչ հաղթանակներ է տարել աշխարհի տարբեր ծայրերը ներկայացրած մրցակիցների, այդ թվում ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ մարտի վերջնամասում խեղդող հնարք իրականացնելով: Եվ արդեն այժմ Դավիթը, որը նույնպես աշխարհի չեմպիոն է, օգոստոսին արդեն աշխարհի վարկածի չեմպիոնական գոտու համար Դոնի Ռոստովում մենամարտելու է ֆրանսիացի թխամորթ մարզիկ Մամուր Ֆոլի հետ: Շատ մեծ հույս ունենք, որ մեր մարզիկը տուն կվերադառնա հաղթանակած»,- ասաց Հայկ Ղուկասյանը:
Երկրորդ ուրախալի լուրն այն էր, որ հունիսի 17-ին Երեւանում՝ «Գիզա» ակումբում, կայանալու է պրոֆեսիոնալ միջազգային մրցաշար: Ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ, իրենք Հայաստանից այդ մրցաշարին մասնակցելու 270 հայտ են ստացել, որոնցից ընտրել են 30 լավագույններին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ