Համոզված է ժյուրիի անդամ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ մեծանուն կոմպոզիտորի՝ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը:
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտի սեփական մեկնաբանությամբ հանդես եկավ մրցույթի Գրան պրիի ու հանդիսատեսի համակրանքին արժանացած Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան):
«Առավոտը» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հարցազրույց ունեցավ ժյուրիի անդամ, ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոյի հետ, ով երկրորդ անգամ է հրավիրվում մասնակցելու ժյուրիի աշխատանքներին: Նրա խնդրանքով զրույցը վարեցինք տուն-թանգարանում տեղադրված դաշնամուրի մոտ (լուսանկարում), որի վրա 1960-70թթ. նվագել է Արամ Խաչատրյանը: Կրավչենկոն նախ ժպտալով ասաց, թե միայն խորհրդային երկրում ստեղծագործող հանճարներին էր բնորոշ ընտրել Բելառուսում Մոլոտովի անվան դաշնամուրի ֆաբրիկայի արտադրության գործիքը: Հետո էլ ավելացրեց, որ լինելով Արամ Իլյիչի ընտանիքի մտերիմ բարեկամներից, ինքը համակարծիք է կոմպոզիտոր, մրցույթի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի հնչեցրած այն մտքին, թե հաջորդ տարի Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ Երեւանում պետք է անցկացնել ոչ թե մրցույթ, այլ փառատոն. «Դա հնարավորություն կտա Հայաստանում հյուրընկալել ոչ միայն այս մրցույթի նախկին դափնեկիրներին, այլեւ անվանի արվեստագետների՝ բոլոր ոլորտներից: Արամ Իլյիչը իր մարդկային որակներով եզակի անձնավորություն էր, ու դեռ ապրում են մարդիկ, ովքեր իրենց շփումներով համոզվել են դրանում: Վստահ եմ, որ հաջորդ տարի Երեւանում անցկացվող խաչատրյանական փառատոնին, իհարկե, եթե Սմբատյանի առաջարկն ընդունվի, կմիանան նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ն, մի խոսքով՝ երկրներ, որտեղ այսօր էլ հնչում է հայ կոմպոզիտորի երաժշտությունը ու հայտնի թատրոնների խաղացանկում է նրա անկրկնելի «Սպարտակ» բալետը»:
Հարցին՝ երկրորդ անգամ լինելով ժյուրիի կազմում, մրցույթում առաջընթաց տեսնո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժամանակակից երիտասարդության առաքելություններից մեկը սերնդից սերունդ փոխանցվող մշակութային արժեքների պահպանումն է: Խաչատրյանի երաժշտությունը հանդիսանում է համաշխարհային մշակութային ժառանգության մի մասը: Համոզված եմ՝ այս մրցույթը հանդես կգա որպես կատարողական արվեստի բարելավման հարթակ, կապահովի մասնակիցներին բազմազգ միջավայրում շփման անհրաժեշտ կենսափորձով: Փաստ է, որ այս տարի մրցույթին մասնակցելու հայտերն ավելացել են ոչ միայն ԱՊՀ, այլեւ այլ երկրներից»: Նա հավելեց, թե չի ընդունում «փոքր երկրներ» արտահայտությունը՝ մշակույթի պարագայում, օրինակ, Հայաստանը տարածքով փոքր է, իսկ Խաչատրյանով ու մյուս հանճարներով՝ ահռելի:
Վերջին տարիներին դասական համարվող մրցույթների կողքին անցկացվում են նմանատիպ, մեղմ ասած՝ միջոցառումներ. արդյո՞ք դրանք չեն գցում համբավ ունեցող մրցույթների հեղինակությունը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Պագանինիի (Իտալիա, 1969թ.), Մ. Լոնգի եւ Ժ. Թիբոյի անվան (Ֆրանսիա, 1971թ.) եւ այլ մրցույթների հաղթող մեր զրուցակիցն ասաց. «Սնկի նման աճած մրցույթների հանդիպում եմ ողջ աշխարհում: Կոնկրետ ինձ համար կարեւոր է այն հանգամանքը, թե մրցույթը ում անվան է: Գուցե կգտնվեն մարդիկ, ովքեր այս հարցում ինձ հետ համակարծիք չեն լինի: Նմաններին կասեմ հետեւյալը՝ հենց ձեր մրցույթի օրինակով. հանճարի անունը կրող մրցույթը հնարավոր է, որ հիմնադրման առաջին երկու տարիներին ինչ-ինչ բացթողումներ ունենա, բայց արդեն 8-րդ տարին Երեւանում խաչատրյանական մրցույթը ոչ միայն անվամբ, այլեւ բարձրակարգ մրցույթներին բնորոշ «ատրիբուտներով» իրավամբ կարելի է դասել հեղինակավորների շարքը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ