Իջեւանում կայացավ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Նիստում ցուցմունքներ տվեց «Ղոզլու» հենակետի հարեւան՝ «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը: Ամբաստանյալն ասաց, որ ինքը Արտակ Նազարյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, որ իրենց վաշտը լավ ցուցանիշներով տարբերվել է գնդի այլ վաշտերից, «պոկազատելնի լինյա» է եղել:
Վ. Հայրապետյանը հայտնեց, որ դեպքից հետո ինքը տարվել է Ռազմական ոստիկանություն, ուր 7 օր եղել է կալանքի տակ՝ չիմանալով իր կարգավիճակը: Ամբաստանյալն ասաց, որ Արտակ Նազարյանը երբեք չէր գանգատվում ծառայության պայմաններից, նա մտերիմ էր իր դասակի զինվորների հետ, շատ էր սիրում զինվորներին, երբ իր դասակի զինվորները այլ գումարտակների սպաների հետ խնդիրներ են ունեցել, Նազարյանը գնացել՝ այդ հարցերը լուծել է: Ամբաստանյալն ասաց, որ հասկանում է իրեն առաջադրված քրեական հոդվածի բովանդակությունը, սակայն չի հասկանում, թե ինչո՞ւ է իրեն նման մեղադրանք վերագրվել: Նա ասաց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը երկու ամիս եղել է պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության տակ, հետո վերականգնվել է նույն զորամասում ծառայության մեջ, 8 ամիս անց ինքը ձերբակալվել է:
Հայրապետյանն անդրադառնալով 2010թ. հուլիսի 19-ին կապիտան Հակոբ Մանուկյանի եւ լեյտենանտ Արտակ Նազարյանի կռվին՝ ասաց, որ ինքը չի հարվածել Նազարյանին, այլ՝ բաժանել է նրանց: Ամբաստանյալն ասաց, որ ինքը պատճառ չուներ Արտակ Նազարյանին խփելու: Մինչդեռ դատարանին ցուցմունքներ տված 4 վկաներից 3-ը պնդել էին, որ Վահագն Հայրապետյանն այդ ժամանակ հարվածել է Նազարյանին: Դատավոր Սամվել Մարդանյանը Վ. Հայրապետյանին հարցրեց, որ եթե Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություններ չեն գործադրվել, բարձրագույն կրթություն ունեցող, երիտասարդ սպան ինչո՞ւ կյանքից հեռացավ:
«Չեմ կարող ասել»,- ասաց Վահագն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ամբաստանյալին ասաց, թե վերջինիս վկայությամբ՝ Ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ինչո՞ւ է նա այժմ հրաժարվում նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներից:
«Այդտեղ ինչ կա, ոնց է գրված, ես գործին տեղյակ չեմ: Ինչ-որ գրված է՝ ինձ հետաքրքիր չէ, կարող է բաներ կան, որ ստորագրել եմ, բայց չեմ նայել: Ես դատարանում ճիշտ եմ ասում»,- ասաց ամբաստանյալը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին: Այդ նիստում կհարցաքննվեն ամբաստանալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ