Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկան կվերականգնվի իր նախկին տեսքով

Հունիս 14,2012 13:44

Խոստանում է Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը, որը շուկայի ճարտարապետի ազգականն է:

«Երեւան քաղաքի ավագանին իր կառուցվածքով եւ տրամաբանությամբ, այսպես ասած, «մինի պառլամենտ» է, հետեւաբար քաղաքական կոալիցիայի կազմը, տվյալ պարագայում՝ ԲՀԿ-ի հրաժարումը կոալիցիայի մաս կազմելուց, որեւէ կերպ չի կարող ազդել Երեւանի ավագանու գործունեության վրա»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Երեւանի ավագանու գործունեությունը ԲՀԿ-ի՝ քաղաքական կոալիցիայի մաս կազմելուց հրաժարվելուց հետո, ասաց Երեւանի ավագանու հանրապետական անդամ, ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Տիկին Նահապետյանը չի ժխտում, որ նախկինում, երբ ԲՀԿ-ն քաղաքական կոալիցիայի մաս էր, այդ համագործակցությունը տարածվում էր նաեւ Երեւանի ավագանու աշխատանքների վրա, բայց նկատում է, որ դա զուտ բարոյական էր. «Աշխատանքային իմաստով քաղաքի կառավարման մասին մոտեցումների, տեսակետների քննարկումների, անհամաձայնությունների եւ համաձայնությունների վրա դա որեւէ կերպ չէր անդրադառնում»: Ընդգծելով Երեւանի ավագանու ինքնուրույնությունը՝ տիկին Նահապետյանը նկատում է, որ ընտրողները միանգամայն այլ վերաբերմունք եւ մոտեցում ունեն տեղական ինքնակառավարման ընտրություններին: Հետեւաբար, բնավ էլ պարտադիր չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական պատկերն ուղիղ արտացոլվի Երեւանի ավագանիում: Նա նաեւ փաստում է, որ իր գործունեության ընթացքում Երեւանի ավագանիում ներկայացված ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները մշտապես լավ հարաբերություններ են ունեցել եւ ունեն, աշխատել ու աշխատում են ներդաշնակ, վեճերն էլ չեն անցնում աշխատանքային սահմանը: Ի դեպ, նա ժխտում է տարածված կարծիքը, որ ավագանիում որոշումները միաձայն են ընդունվում՝ փաստելով, որ բոլոր վեճերն ու անհամաձայնությունները լինում են հանձնաժողովներում՝ հարցերի քննարկումների ժամանակ, եւ ստեղծվում ու ավագանու նիստում քվեարկության են դրվում արդեն փոխհամաձայնեցված տարբերակով: Սակայն, իբրեւ ամենամեծ խմբակցություն, մշտապես ՀՀԿ-ն է ստանձնել մայրաքաղաքի համար ողջ պատասխանատվությունը՝ կիսելով եւ փառքի դափնիները, եւ դժգոհությունները. «ԲՀԿ-ն ներկայացված չէ մայրաքաղաքի կառավարման որեւէ գործադիր օղակում: ԲՀԿ խմբակցությունը ներկայացված է միայն Երեւանի ավագանիում եւ պատասխանատվություն է կիսում միայն ավագանու ընդունած որոշումների համար, դրանց իրականացման պատասխանատվությունը ՀՀԿ-ինն է»: Անկախ ամեն ինչից՝ տիկին Նահապետյանն ասում է, որ Երեւանի ավագանիում ներկայացվածները բոլորն էլ երեւանցիներ են, եւ բոլորն էլ մտահոգ են Երեւանի ու երեւանցու խնդիրներով:

Անդրադառնալով վերջին շրջանում բավականին աղմուկ բարձրացրած քաղաքային խնդիրներին՝ Մաշտոցի պուրակի եւ Փակ շուկայի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, մեր զրուցակիցը նկատեց, որ Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի թիվ մեկ խնդիրը մայրաքաղաքում կանաչ տարածքների ավելացումն է. «Մայրաքաղաքում այսօր կանաչ գոտիներ են ավելացել, եւ դա շարունակական է լինելու: Շատ կցանկանայի, որ բնապահպաններն օբյեկտիվ արձագանքեն բոլոր երեւույթներին: Օրինակ՝ թող մեկ անգամ էլ ասեն, թե ինչքան են ավելացել քաղաքում կանաչ գոտիները, եւ ինչքան է գեղեցկացել Երեւանը: Մաշտոցի պուրակի պարագայում խոսքը ժամանակավոր լուծման մասին էր, բայց, կարծում եմ, նախագահի եւ քաղաքապետի որոշումը ճիշտ էր. կարողացանք վերջնականապես ձերբազատվել այդ կրպակային գաղափարից: Իսկ Փակ շուկայի մասով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այն վերականգնվելու է իր նախկին ճարտարապետական տեսքով եւ նշանակությամբ: Մոտակա ժամանակներս մենք կունենանք վերանորոգված եւ ավելի քաղաքակիրթ շուկա՝ քաղաքի կենտրոնում»: Տիկին Նահապետյանն իր վրա է վերցնում նման հայտարարություն անելու պատասխանատվությունը, քանի որ նաեւ անձնական շահագրգռության բերումով է խոսել կառուցապատողների, սեփականատերերի եւ քաղաքապետարանի չինովնիկների հետ՝ ստանալով համապատասխան հավաստիացումներ: Փակ շուկայի ճարտարապետն իր ամուսնու պապիկն է՝ ժամանակին Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ մայրաքաղաքում բակերի վերանորոգման, ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները որեւէ առնչություն չունեին նախընտրական շրջանի հետ. «Իր գործունեության երեք տարիների ընթացքում Երեւանի ավագանու որոշմամբ կառուցվել կամ վերանորոգվել, բարեկարգվել է մոտ 322 բակային տարածք, որոնք այժմ խաղահրապարակ են: Դա շարունակական ծրագիր է, եւ Երեւանում չի լինի բակ, որը խաղահրապարակ չունենա: Բակային տարածքների ասֆալտապատումը, շենքերի մուտքերի, աղբահանման կետերի վերանորոգում-մաքրումը նույնպես ծրագրային աշխատանքներ են եւ շարունակվելու են»:

Ի դեպ, Երեւանն այս տարի հռչակվել է գրքի մայրաքաղաք, այդ ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են եղել: Ներկայումս, մեր զրուցակցի տեղեկացմամբ, հավաքվել է շուրջ 20 հազար գիրք, որոնք համալրելու են սահմանամերձ գյուղերի գրադարանները: Դա Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀԿ կանանց խորհրդի համատեղ նախաձեռնությունն է: Կբացվեն նաեւ գրախանութներ. «Ամեն ինչ արվելու է, որ ներկայիս սերունդը կտրվի տարատեսակ համակարգիչներից, ipad-ներից եւ սկսի գիրք կարդալ»,- ասաց Նաիրա Նահապետյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930