Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ առեւտրի համաձայնագիրը վտանգավոր է Հայաստանի համար

Հունիս 14,2012 13:41

Այս կարծիքին է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը

2020 թվականին Հայաստանը կդառնա եվրոպական երկրներին կցորդ մի երկիր, որտեղից արդեն պետական մակարդակով աշխատուժի եւ հումքի լայնածավալ «արտահոսք» կլինի, եթե մեր կառավարությունը ստորագրի Եվրամիության խորը եւ համապարփակ ազատ առեւտի համաձայնագիրը, որի քննարկումների փուլում ենք առայժմ: «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակայն այդ արտահոսքը կանխելու մի փոքր հույս կա. եթե այս կարճ ժամանակահատվածում մեր կառավարությունն իսկապես բարեփոխումներ կատարի բիզնես-միջավայրի համար, եւ իսկապես մրցունակ արտադրողներ ի հայտ գան՝ մոդեռնիզացնելով իրենց ձեռնարկությունները: Հակառակ դեպքում, բացի աշխատուժ ու հումք մատակարարողից, կդառնանք նաեւ ավելի մեծ ծավալով ներմուծող երկիր:

Գագիկ Մակարյանի այս մտահոգությունների առնչությամբ «Առավոտը» մասնագետին հիշեցրեց, որ մեր կառավարությունը հիմա էլ բարեփոխումներ է կատարում, մասնավորապես՝ հարկային արտոնություններ է տրամադրում այն ընկերություններին, որոնք, ասենք, իրենց ձեռնարկությունը մոդեռնիզացնելու ու մրցունակ ապրանք արտադրելու համար նորագույն սարքավորումներ են ուզում ներկրել: Այս կապակցությամբ պարոն Մակարյանը նկատեց, որ այդ արտոնությունները ոչ բոլորին են հասանելի: Ըստ նրա՝ կառավարության արտոնություններից օգտվելու համար ոչ բոլորն են դիմում, քանի որ դա շատ խրթին գործընթաց է, որը եթե անգամ հաղթահարում են, ապա կարող են օգտվել միայն 70 միլիոն եւ ավելի դրամ շրջանառություն ունեցողները, իսկ դրանք մեր երկրում ընդամենը մի քանի տասնյակ են: Մինչդեռ Հայաստանում հազարավոր գործարարների համար 70 միլիոնի շեմը շատ բարձր է, եւ չեն կարողանում օգտվել արտոնություններից, զարգացնել իրենց բիզնեսը, ուստի այդպես էլ չեն արտադրում մրցունակ ապրանք:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ «Մոդեռնիզացիան զանգվածային պետք է լինի՝ էժան եւ նպատակային վարկեր: Արտոնություններն էլ, օրինակ, պետք է լինեն այնպիսին, որ, ասենք, ձեռնարկությունն իր շահույթը ուղղի իր զարգացմանն ու մոդեռնիզացիային, որի արդյունքում կայուն աշխատատեղեր կլինեն: Իսկ եթե ձեռնարկությունը կործանվում է, ապա պետությունն է տուժում: Նախ՝ անգործներին պետք է նպաստ վճարել, հետո պետությունը հարկատուից է զրկվում եւ այլն: Իսկ մեր երկրում նպաստների գումարն ավելի մեծ է, քան այն գումարը, որը կառավարությունը պետք է տա ձեռնարկությունների մոդեռնիզացիայի համար»: Բացի այս, ըստ պարոն Մակարյանի՝ անհավասար մրցակցային պայմանների ու վարկերի բարձր տոկոսների պատճառով էլ գործարարները ռիսկի չեն դիմում, որպեսզի գոնե վարկ վերցնեն ու փորձեն զարգանալ. նրանք աշխատում են, այսպես ասած, յոլա գնալով ու եղած ռեսուրսը մաշեցնելով. «Գործարարը մտածում է՝ ինչ էլ անեմ, էն մյուսը կխանգարի՝ գնային դեմպինգ կանի կամ մեկ այլ բան: Ասում է՝ սենց լավ է, հանգիստ աշխատեմ, տուն փող տանեմ: Իսկ ազատականացնել պետք է թույլ տալ՝ միկրոբիզնեսին ուղղակի սիմվոլիկ հարկեր վճարել»: Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը կդառնա հումք մատակարարող երկիր՝ պարոն Մակարյանը հետեւյալ օրինակները բերեց. Եվրամիության երկրները ծրագրել են մինչեւ 2020 թվականը շատ մեծ տնտեսական աճ ապահովել, որի հիմնական բաղադրիչը լինելու է արդյունաբերությունը. «Սրա զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ են հումք եւ լրացուցիչ աշխատուժ: Հումքը վերցնելու են մեզ նման երկրներից, որովհետեւ Եվրամիությունը խուսափում է իր տարածքներում էկոլոգիային վնասակար արտադրությունից, իսկ մենք էկոլոգիական առումով ցածր մշակույթ ունեցող երկիր ենք»: Ըստ պարոն Մակարյանի՝ մենք փաստորեն մատակարարելու ենք մետաղական, շինարարական հումքեր՝ պեռլիտ, պղինձ եւ այլն, այդ թվում նաեւ գյուղատնտեսական հումքեր. «Արդյունաբերության առումով, նաեւ ոսկերչության մասով, որ ասում են՝ մենք մրցունակ ենք, այս հարցում էլ պատրաստ չենք: Արտադրությունը պետք է լինի ավտոմատացված հոսքագծերով եւ կաղապարների վրա հիմնված: Այսինքն՝ շտապի, որ միլիոններով արտադրվի, էժան նստի ու վաճառվի: Մեզ մոտ այդպես չէ:

Իսկ եթե ձեռքի աշխատանք են արտադրում, ապա գոնե պետք է լինի մոդայիկ, հատուկ դիզայնով արտադրանք, որը նաեւ հավելյալ արժեք կունենա: Այսօր մեր շուկայում անորակ ապրանք է»: Ինչ վերաբերում է աշխատուժ մատակարարող երկիր դառնալուն, ապա Գագիկ Մակարյանը հիշեցրեց 2 կարեւորագույն փաստաթղթերի մասին, որոնք Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ: Մի փաստաթղթով պայքարում են անլեգալ աշխատուժի դեմ եւ նրանց վերադարձնում են իրենց երկիր: Մյուս փաստաթղթով կանոնակարգվում է աշխատուժի տեղաշարը: Այսինքն՝ նոր անձնագրերով հեշտանում է եվրոպական երկրներ լեգալ աշխատուժի տեղաշարժը: Ըստ Գագիկ Մակարյանի՝ քանի որ Եվրոպային մեծ ծավալի աշխատուժ է պետք լինելու, ուստի նրանք հայտ են ներկայացնելու, թե ինչպիսի որակյալ եւ մրցունակ կադրեր են իրենց անհրաժեշտ, որից հետո բազմաթիվ քաղաքացիներ կդիմեն այդ ճանապարհին. «Պետական հովանու ներքո կանոնավոր միգրացիա կլինի: Եվրոպան իր երկրներից անկանոն միգրանտներին դուրս կվռնդի ու մրցունակ աշխատողներով կապահովի»: Պարոն Մակարյանի խոսքերով՝ մեր արտաքին առեւտրի 49%-ը եվրոպական երկրներին է բաժին ընկնում՝ ներմուծումն ու արտահանումը միասին, ներմուծում ենք սարքավորումներ, սնունդ ու հագուստ, դա ավելի է խորանալու: Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ վերոնշյալ վիճակում չհայտնվելու համար նախ պետք է համալիր ծրագիր իրականացնել՝ լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ, ուշադրություն դարձնել կրթությանը եւ ամենակարեւորը՝ երիտասարդների զբաղվածության հարցը լուծել. «Երիտասարդ սկսնակ բիզնեսմենների համար հատուկ վարկեր ու արտոնություններ սահմանել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930