Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճգնաժամի պայմաններում կարելի՞ է կառավարությունից պահանջել երկնքից աստղեր իջեցնել»

Հունիս 14,2012 13:36

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի

«Վարչապետ Սարգսյանի հասցեին ամենաիրարամերժ կարծիքներ են հնչում, ցավոք, կարծիքների մի ստվար հատվածն իր համար շահեկան չէ, մեղմ ասած: Բայց այնպես չէ, որ ինքը կողմնակիցներ չունի: Պարզապես, տարօրինակ ձեւով, կողմնակիցները, որպես կանոն, հանգիստ են, համեստ, համոզված, որ ամեն ինչը ճիշտ է, եւ չեն աղմկում: «Դեմ»-երն են աղմկում, եւ տպավորությունն այնպիսին է, որ բոլորը դեմ են»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը վարչապետի պաշտոնում՝ ասաց նախկին վարչապետ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ կառավարության ծրագրի հիմնադրույթները վարչապետն արդեն իսկ քննարկել է խորհրդարանական ուժերի հետ եւ հիմնականում բացասական արձագանքներ ստացել, մասնավորաբար՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, նաեւ ՀԱԿ-ը դժգոհություն են հնչեցրել Տիգրան Սարգսյանի կառավարությունից՝ ասելով, թե անցած 5 տարիների ընթացքում տրված խոստումները չեն կատարվել, ավելին՝ աճել են աղքատությունն ու արտագաղթը, ՀԱԿ-ն անգամ ի սկզբանե տապալված է համարել այս կառավարության ծրագիրը եւ գործունեությունը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Եթե կառավարությանը մենք համարում ենք տապալված, ասացեք խնդրեմ՝ ՀՀԿ-ն կարո՞ղ էր հավաքել 44 տոկոս վստահության քվե: Թող որեւիցե մեկը ինձ չասի եւ չփորձի ապացուցել, որ դա ընտրակաշառքով է արվել, որովհետեւ բոլորը, ով հնարավորություն ուներ՝ անում էր: Այնպես որ, եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Ավելին ասեմ, ՀՀԿ-ի հաջողությունը, մեծ իմաստով, պայմանավորված էր քաղաքական թիմի եւ նախեւառաջ հանրապետության նախագահի նկատմամբ ընդգծված վստահությամբ: Եթե հանրապետության նախագահի ձեւավորած կառավարությունը տապալել էր ամենուր եւ ամեն ինչ, արդյոք կարելի՞ էր հանրապետության նախագահին այդչափ վստահել: Համաձայնեք, որ՝ ոչ»: Նախկին վարչապետի գնահատմամբ՝ հանրությունն «ըմբռնումով մոտեցավ» ճգնաժամի պայմաններում գործող կառավարության գործունեությանը եւ նրա թերացումներին: Այս ամենից մեր զրուցակիցը եզրակացնում է. «Կառավարությունը չի տապալել հանրության բոլոր սպասելիքները: Կարելի է շատ բան սպասել, բայց ասացեք խնդրեմ՝ ճգնաժամի պայմաններում կարելի՞ է կառավարությունից պահանջել երկնքից աստղեր իջեցնել: Իհարկե՝ ոչ»: Խոսրով Հարությունյանը գտնում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը իր հիմնական գործառույթը՝ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ ճգնաժամից, իրականացրել է: Հետեւաբար, իր գնահատմամբ, այդ առումով Տիգրան Սարգսյանի կառավարությունը «հաջողված» է, մանավանդ, որ մի քանի ոլորտներում նույնիսկ «դրական տեղաշարժեր» են եղել: Օրինակ՝ «արտահանման տեմպերն այսօր ավելի բարձր են, քան ներմուծմանը, որը թեեւ քիչ, բայց էական նշանակություն ունեցող գործոն է» համարում Խոսրով Հարությունյանը. «Անկեղծ ասեմ՝ ինքս հիացած չեմ կառավարության գործունեությամբ եւ չէի էլ կարող հիացած լինել. այդ պայմաններում ես աշխատել եմ վարչապետ եւ շատ լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Եվ պահանջել կառավարությունից ավելին, քան նա կարող էր անել՝ անիրական է»:

Խոսրով Հարությունյանը կառավարության գործունեության հիմնադրույթներին դեռ ծանոթ չէ, ենթադրում է, որ կառավարության ծրագրի հիմքը կկազմի ՀՀԿ նախընտրական ծրագիրը, որն ինքը եւ իր ղեկավարած կուսակցությունը պաշտպանել են. «Ես այնտեղ բավականին լուրջ, կառուցողական, հանրային կյանքում որակական փոփոխություններ կատարելու հնարավորություններ եմ տեսնում»:

Դիտարկմանը՝ եթե ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» քննադատությունները բացատրում եք նրանով, որ ընտրակաշառք բաժանելու հնարավորություն չեն ունեցել, ապա ԲՀԿ-ի կեցվածքը ինչո՞վ կբացատրեք, քանի որ ԲՀԿ-ն ուներ ընտրակաշառք բաժանելու հնարավորություններ, ավելին՝ բազմաթիվ մեղադրանքներ եղան այդ առիթով, Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Դրա համար ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այս ընտրություններում թեպետ, ցավոք, «ընտրակաշառքի ինստիտուտը» պահպանվեց, գործեց, բայց դա չդարձավ վճռորոշ: Հավատացնում եմ ձեզ, ԲՀԿ-ի հաջողությունը պայմանավորված չէ այն 500 տրակտորներով կամ այլ բաներով: ԲՀԿ-ին սկսեցին վստահել՝ որպես լուրջ քաղաքական ուժի: ՀՀԿ-ի հաջողությունը պայմանավորված է նախագահ Սարգսյանի քաղաքական մեծ հեղինակությամբ եւ թիմի հեղինակությամբ: Սա է եղել իրականությունը: Ասացեք խնդրեմ՝ ընտրակաշա՞ռքն էր պատճառը, որ ընդդիմության հանրահավաքներին մարդ չէր հավաքվում: Այս ԱԺ-ն, ի տարբերություն բոլոր նախորդ խորհրդարանների, շատ ադեկվատ արտահայտում է քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Եվ սա շատ օգտակար է ու դրական՝ եւ քաղաքական մրցակցության, եւ միջկուսակցական համագործակցության համար»: Ի դեպ, Խոսրով Հարությունյանը չի ժխտում, որ վերջին շրջանում ԲՀԿ-ի դրսեւորած քննադատական վերաբերմունքը կառավարությանը պայմանավորված էր նաեւ անձնավորված խնդիրներով, բայց ասում է, որ հայեցակարգային մոտեցումներ էլ կան: Ամեն դեպքում խորհուրդ է տալիս սպասել մինչեւ քննարկումների եւ քվեարկության պահը՝ հետո մեկնաբանություններ անել. «Հետաքրքիր է տեսնել՝ այն որակական փոփոխությունները, որոնց մասին խոսում էր նաեւ ԲՀԿ-ի լիդերը, պաշտպանելո՞ւ է, թե՞ ոչ: Համաձայնեք, որ չնայած մեր սոցիալական վիճակին, այսօր հանրությունը սպասում է ոչ այնքան թոշակների, նպաստների, աշխատավարձերի կտրուկ աճի, որքան մեր իրականության որակական փոփոխությունների՝ կաշառակերության, հովանավորչության, մոնոպոլիաների վերացման, ազատ մրցակցության հնարավորության: Ես չեմ ասում՝ այս թոշակով կարելի է ապրել, բայց նման պայմաններում նման թոշակը նույնիսկ կեղեքիչ է դառնում: Պետք է բարելավվի միջավայրը եւ մթնոլորտը, մարդկանց մոտ վաղվա օրվա նկատմամբ վստահություն պետք է ստեղծվի: Այսօր կառավարությունը նախեւառաջ այս հարցը պետք է լուծի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930