Ինչպես տեղեկացրել ենք, կիրակի օրը կրակել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսայի` Անդրանիկ Խաչատրյանի վրա, որը Գյումրու ավագանու անդամ է: Երեկ տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ոստիկանությունն այս գործով բերման է ենթարկել 32-ամյա Գառնիկ Գրիգորյանին, և աշխատանքներ է տանում մյուս մասնակիցներին ևս հայտնաբերելու ուղղությամբ: Թե որտե՞ղ են հնչել կրակոցները , դեռևս հստակեցված չէ, կա վարկած, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին, իրավապահներին նույնիսկ պարզ չէ. Շիրակի մարզի՞, թե՞ Լոռու հատվածում:
Սակայն նշենք, որ մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ իմանալ Անդրանիկ Խաչատրյանի ու Գառնիկ Գրիգորյանի միջև ծագած ռազբորկայի մասին, որն, ըստ էության, ավարտվել է կրակոցներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գառնիկ Գրիգորյանը Գյումրու կենտրոնում գտնվող Տարտու փողոցում շաուրմանոց ունի, որտեղ աշխատող խոհարարը հատուկ բաղադրատոմսով էր պատրաստում այս կերակրատեսակը: ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի ընտանիքը, որը նույնպես մի քանի օբյեկտներ ունի քաղաքում` ռեստորաններ, սննդամթերքի խանութներ, այդ խոհարարին կանչել է աշխատելու «Պեգաս» մսամթերքի խանութում, որտեղ նույնպես շաուրմանոց են բացել: Հիշեցնենք, որ «Պեգաս» խանութն աշխատեցնում էր Սարգսյանի փեսան`ավագանու անդամ Անդրանիկ Խաչատրյանը: Գառնիկ Գրիգորյանն էլ, գտնելով, որ խախտվել են բիզնեսի չգրված կանոնները՝ առանց իր թույլտվության խլել են այն խոհարարին, որի պատրաստած շաուրմայի բաղադրությունը ուսուցանվել է իր շնորհիվ, հաշիվ է պահանջել ավագանու անդամից: Նա սկզբում հասկացրել է, որ շատ տգեղ քայլ են կատարել` խոհարարի միջոցով շաուրմայի բաղատրատոմսը խլելով: Մի խոսքով, վիճաբանությունն այս թեմայի շուրջ է ծագել, որն էլ, ըստ որոշ տեղեկությունների, ավարտվել է կրակոցով: Ավագանու անդամը ըստ էության խորը վնասվածքներ չի ստացել, հիվանդանոց դիմելու կարիք չի եղել, ավելին՝ նրանք պնդում էին, թե ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գառնիկ Գրիգորյանը Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանի աղջկա ամուսինն է, սակայն երբ կատարելով մեր լրագրողական պարտականությունը` փորձեցինք նրանից ճշտել՝ արդյոք այդ երիտասարդն իր փեսան է և որևէ առնչություն ունի՞ նշված միջադեպի հետ, այս պաշտոնյան ամենավերջին ձևով վիրավորեց մեզ` լրագրողական էթիկայի դասեր սովորեցնելով: «Մի քիչ քթածակ, հոտառություն ունեցեք, զանգել եք ի՞նչ հարցեր եք տալիս, մնում է միայն ուրիշների անկողինների մեջ մտնեք»,- ինքնամոռաց ու զայրացած բացականչում էր ոստիկանության պաշտոնյան` մոռանալով, որ նման պահվածքը հարիր չէ պաշտոնյային, և որքան էլ անտրամադիր լինի, իրեն ոչ մեկը իրավունք չի վերապահել վիրավորել մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողին:
Ինչևէ, նյութը պատրաստելուց հետո մեզ հայտնի դարձավ, որ Գառնիկ Գրիգորյանը երկու անգամ բացատրություն է գրել` նշելով, որ ինքը ոչ մի առնչություն չունի այս դեպքի հետ: Այդուհանդերձ նշենք, որ այս գործը քննվում է, աշխատանքներ են տարվում «ռազբորկայի» մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ