Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա մեկ դատարան՝ ՀՀ նախագահի նստավայրը»

Հունիս 14,2012 13:32

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ Հայաստանում փաստաբանական ինստիտուտը կայացած չէ, քանի որ իշխանությունները չեն թողնում, որ այն կայանա: Իսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանի կարծիքով էլ՝ կայացած չէ ողջ արդարադատության համակարգը: 

«Առավոտ»- Պարոն Զոհրաբյան, դատական համակարգի եւ, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որոնց մասին Դուք եւ Ձեր 544 գործընկերները բարձրաձայնում եք, նոր չեն: Ինչո՞ւ հենց այս փուլում որոշեցիք այդպիսի միասնական մասնագիտական հակազդեցությամբ հանդես գալ:

Ա. Զոհրաբյան- Գալիս է մի օր, երբ համբերության բաժակը լցվում է: 2007թ. դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Վերաքննիչ դատարանի լիազորությունները նույնացվեցին Վճռաբեկ դատարանի լիազորությունների հետ: Եվ Վճռաբեկ դատարանը հայտարարեց՝ ես «ակադեմիական» դատարան եմ՝ իրավունքի դատարան: Ես բողոքները ընտրելու եմ եւ որոշեմ՝ ընդունե՞մ վարույթ, թե՞ չընդունեմ: Ես կընտրեմ երեք սկզբունքներից ելնելով. օրենքի միատեսակ կիրառության, Վերաքննիչ դատարանի որոշման՝ իմ մեկ այլ որոշմանը հակասելու եւ գործում ծանր հետեւանքներ առաջացնող դատական սխալի առկայության դեպքում: Բացի այդ, ներդրվեց նաեւ հավատարմագրված փաստաբանների միջոցով բողոքները բերելու լրացուցիչ ֆիլտրը՝ դրանով էլ ավելի կրճատելով բողոքների քանակը: Ի վերջո, այս նոր ռեժիմով աշխատելու ժամանակ Վճռաբեկ դատարանը չկարողացավ խաղի միատեսակ կանոններ սահմանել: Եվ մեր գործընկեր Գեւորգ Գյոզալյանը կարողացավ հասնել նրան, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն դրույթը, որը բողոքներ ներկայացնելու իրավունք էր տալիս միայն հավատարմագրված փաստաբաններին:

ՍԴ հասավ նաեւ այն խնդիրը, թե ինչու ՎԴ-ն չի պատճառաբանում իր որոշումները: ՍԴ-ն ասաց, որ ՎԴ-ն պետք է պատճառաբանի, քանի որ այդպես կարող է բացահայտել, թե ինչ է օրենքի միատեսակ կիրառություն, ծանր հետեւանք եւ այլն: Բայց Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ Վճռաբեկ դատարանը շարունակեց չպատճառաբանել, այսինքն՝ ձեւականորեն պատճառաբանել՝ կրկնելով Վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ բողոք է բերված, եւ ասելով, որ բողոք բերող կողմը պատշաճ չի հիմնավորել դատական սխալի առկայությունը եւ այլն: Եվ այս պայմաններում կոնկրետ փաստաբաններիս համար կանխատեսելի չէ դատարանը: Իսկ Սահմանադրական դատարանը շատ հստակ խնդիրներ ֆիքսեց. ասաց, որ այդ չպատճառաբանելը բերում է կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը եւ վնասում է կանխատեսելիությանը: Այսինքն՝ այս հինգ տարիների ընթացքում մենք բազմիցս փորձել ենք տարբեր եղանակներով խնդիրները լուծել՝ եւ Սահմանադրական դատարանի միջոցով, եւ բողոքների, նամակների, եւ հնարավոր այլ միջոցներով: Եվ այսօր հասել ենք այս ծայրահեղ վիճակին, քանի որ այլեւս այլ հնարավորություն չենք տեսնում:

«Առավոտ»– Պարոն Հարությունյան, որպես իրավապաշտպան, ով առնչվել է դատական բոլոր ատյանների եւ փաստաբանական ինստիտուտի հետ, Ձեր գնահատմամբ՝ արդյոք այսօր կոռուպցիոն խնդիրներ չկա՞ն նաեւ փաստաբանական համակարգում:

Վարդան Հարությունյան– Նախ՝ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի աստիճանի դատարան՝ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ, կա մեկ դատարան՝ դա Հայաստանի նախագահի նստավայրն է, որտեղից ցուցումներ են տրվում բոլոր դատավորներին՝ նրանց նշանակելուց առաջ նախապես կորզելով պայման, որ անվերապահորեն կենթարկվեն ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան մարդու կամ կենտրոնի ցուցումներին: Դրա վառ օրինակը երեւաց 2008թ. միտինգները ցրելուց հետո քաղաքական բանտարկյալների դատավարությունների ողջ ընթացքում, որոնց ես մասնակցել եմ եւ տեսել, թե ինչ կարգի դատարաններ եւ ինչ կարգի դատավորներ ունենք: Դատավորների համար ես ուղղակի ափսոսում եմ, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են այդքան նվաստանալ, մեղք են ուղղակի: Իսկ դատարանների մասին ասացի արդեն՝ այդպիսիք չկան:

«Առավոտ»– Իսկ ի՞նչ կասեք փաստաբանական ինստիտուտի մասին, արդյոք նրանք ե՞ւս չեն ենթարկվում Ձեր նշած կենտրոնի ցուցումներին:

Վ. Հարությունյան– Անկախությունից հետո մեր երկրում կարելի է նշել մի քանի կարեւոր բնագավառ, որոնք չկարողացան մինչեւ վերջ կայանալ. դրանցից մեկը փաստաբանական ինստիտուտն է, որը չկայացավ ոչ թե փաստաբանների մեղքով (մենք ունենք փայլուն փաստաբաններ), այլ չկայացավ, որովհետեւ դատական համակարգի եւ իշխանությունների գերխնդիրներից մեկը եղավ փաստաբանական ինստիտուտին կայանալ չթողնելը: Մեր դատական պրակտիկայում դատախազը եւ դատավորը, որպես կանոն, հանդես են գալիս որպես մի կողմ, իսկ փաստաբանը՝ որպես երկրորդական, խեղճացած կողմ, որի վրա կարող են գոռգոռալ, դուրս հրավիրել, նույնիսկ քրեական վարույթ հարուցել եւ այլն: Այսինքն՝ չկա մրցակցային դատարան եւ չի էլ կարող լինել:

Ա. Զոհրաբյան– Պարոն Հարությունյան, Դուք, որպես իրավապաշտպան, Ձեր գործունեությունը կայացած համարո՞ւմ եք:

Վ. Հարությունյան– Իհարկե՝ ոչ, չեմ համարում:

Ա. Զոհրաբյան– Իսկ ինչո՞ւ:

Վ. Հարությունյան- Որովհետեւ հաջողություններ չեմ կարողանում գրանցել այս պետությունում, այս հասարակությունում: Նույնը եւ փաստաբանը՝ չի կարողանում դատարանում հավասար իրավունքով մրցակցել դատախազի հետ: Այդ իմաստով ես համարում եմ, որ փաստաբանները ոչ թե վատն են, այլ համակարգը թույլ չի տալիս, որ նրանք կայանան:

Ա. Զոհրաբյան– Բայց արդյոք չի՞ կարելի ասել, որ արդարադատության համակարգը կայացած չէ, որովհետեւ փաստաբանությունը արդարադատության անիվներից մեկն է: Ի վերջո՝ եզին չեն կապում սայլի ետեւից:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ


Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Իրավապաշտպանի եւ փաստաբանի ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճն ամբողջությամբ 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930