Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ խնդիրները եւ բացատրել, թե ինչու հենց հիմա դա տեղի ունեցավ: «Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ տալ, որովհետեւ անմեղության կանխավարկած կա, մյուս կողմից էլ կա փաստ, փաստի առթիվ հարուցված քրեական գործ»,- ասաց նա:
Հարցին՝ քաղաքական ենթատեքստ չկա՞՝ պարոն Դավթյանը պատասխանեց. «Հիմա ցանկացած հարց, որը հասունանում, այնուհետեւ հանրության սեփականությունն է դառնում, եթե նմանատիպ հարցեր առաջանային կես տարի առաջ կամ հետո՝ նորից նույն հարցադրումները կլինեին: Բազմաթիվ քրեական գործեր լինում են, բնական է, առավել մեծ հնչեղություն է ստանում, երբ հայտնի քաղաքական գործչին է առնչվում, բնական է, որ այսպիսի բուռն քննարկում է ծավալվել մեզ մոտ՝ ամենատարբեր հարթակներում: Ես չէի պատասխանի՝ զուգադիպություն է, թե պատահականություն է, կրկնում եմ՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ 10 տարի է աշխատում եք Օսկանյանի հետ, արդյոք նրա անձը ինչ-որ ֆինանսական մախինացիաների մեջ մտածի տպավորությո՞ւն է թողնում՝ Ձեր տպավորությամբ: Նա պատասխանեց. «Ես խորին հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր այն պետական անձերի հանդեպ, ովքեր իրենց գործունեությամբ ապահովել են որոշակի դրական արդյունքներ՝ մեր պետության զարգացման, առավել եւս՝ միջազգային կապերի ամրապնդման, առավել եւս, պարոն Օսկանյանը այնպիսի բարդ ոլորտ է ղեկավարել, ինչպիսին է արտգործնախարարությունը: Մարդկային առումով եւս շատ դրական եմ վերաբերվում պարոն Օսկանյանին, սակայն ինչ էլ ասելու լինենք, արդեն գոյություն ունի որոշակի փաստ»:
Իրատեսական համարո՞ւմ եք, որ 2013-ին ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն Օսկանյանը կլինի՝ նա պատասխանեց . «Դա ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ ցանկացած ՀՀ քաղաքացու իրավունքն է, թե ինքը ինչպես կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն պնդմանը, որ սա քաղաքական պատվեր է՝ Արտակ Դավթյանը հերքեց՝ ասելով՝ «Միգուցե ինքը պատվերներ ստացել է: Ես պատվերի մասին չգիտեմ: Այս տարիներին ոչ միայն պատվեր, այլ նաեւ միջամտություն իմ աշխատանքի հետ կապված, համենայնդեպս ինձ հետ չի պատահել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ