Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերական զրո

Հունիս 14,2012 13:18

Ես չեմ հավատում, որ Վարդան Օսկանյանը զբաղվել է «փողերի լվացմամբ», ինչպես չէի հավատում, որ նման բանի ընդունակ է մեկ այլ նախկին արտգործնախարար՝ Ալեքսանդր Արզումանյանը: Ընդհանրապես «հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը», որը «փող լվանալու» ճշգրիտ անվանումն է, շատ ծանր մեղադրանք է: Տեսականորեն բացառված չէ, որ Ջոն Հանթսմանը, որը գումարներ է փոխանցել Օսկանյանին, եկամուտներ է ստացել ոչ օրինական ճանապարհով, բայց արդյոք մեր ԱԱԾ-ն ի վիճակի՞ է զբաղվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության եւ համաշխարհային մորմոնական շարժման առաջնորդներից մեկի գործերով: Թե ինչ նպատակներ է այդ գործիչը հետապնդում Հայաստանում՝ նույնպես դժվար է ասել, բայց որ նրա օգնությամբ ստեղծված «Սիվիլիթասը» դրական ու խրախուսելի աշխատանք է կատարում, դա, իմ կարծիքով, անվիճելի է: Ինձ համար «Սիվիլիթասը» առաջին հերթին լրատվամիջոց է, եւ բոլոր նորմալ լրագրողները, անկախ քաղաքական համոզմունքներից, կարծում եմ, պետք է կանգնեն գործընկերների կողքին: Հարկային խնդիրներ, այո, բոլոր հիմնադրամները կարող են ունենալ, բայց դա բոլորովին այլ մեղադրանք է, եւ քանի ուշ չէ, հավանաբար իշխանությունները պետք է իրենց մոտեցումները վերաձեւակերպեն:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: «Կենտրոնի» «Ուրվագիծ» հաղորդման հյուրը լինելով՝ պարոն Օսկանյանը հայտարարեց. «Իշխանության հանդուրժողականությունը զրո է»՝ ավելացնելով, որ իշխանությունը բոլորից պահանջում է ասել, թե ամեն ինչ լավ է, արտագաղթ չկա, տնտեսական աճ կա եւ այլն: Անկախ նրանից՝ արդյոք նրա գլխին գործ սարքո՞ւմ են, թե՞ չէ, այդ պնդումները ճշգրտման կարիք ունեն: Եթե համեմատելու լինենք Ֆրանսիայի կամ թեկուզ Էստոնիայի հետ, ապա՝ այո, զրո է: Եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ, ապա՝ «պլյուս 1» է: Շատ պարզ պատճառով. իր արտգործնախարար լինելու տարիներին, մասնավորապես, 2002-ի ապրիլից՝ «Ա1+»-ը փակելուց հետո չկար մի հեռուստաընկերություն, որտեղ հանիրավի հետապնդվող ընդդիմադիր քաղաքական գործիչը կարող էր գնալ եւ ուղիղ եթերում բողոքել այդ հետապնդումից: Հիմա առնվազն «Կենտրոնը» եւ «Երկիր մեդիան» այդպիսի հեռուստաընկերություններ են: Ավելին՝ երբ «Ա1+»-ը փակվեց, «վերեւից» ստիպեցին բոլոր հեռուստաընկերություններին եւ մի շարք այլ լրատվամիջոցների հայտարարել, որ Հայաստանում խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում (դա կարելի է սեւ հումոր համարել): Չեմ պատկերացնում, որ այժմ նման բան հնարավոր է: Դուք կասեք՝ հիմա էլ է «Ա1+»-ը եթերազրկված, եւ վերջերս էլ է Ամալյանը մի «մրցույթ» անցկացրել, որն իր ցինիզմով նախորդ «մրցույթներին» չէր զիջում: Շատ ճիշտ է: Դրա համար էլ ասում եմ՝ «պլյուս 1», ոչ թե «պլյուս 10»:

Նույն հարցազրույցում, երբ Պետրոսը արդարացիորեն նկատեց՝ դե, 20 տարի նույն բանն է, դրան պարոն Օսկանյանը հակադարձեց. «Ի՞նչ է, հիմա պետք է 100 տարի է՞լ շարունակվի»: Աստված մի արասցե: Բայց դրա համար նրանք, ովքեր այս 20 տարում այդ ամենն արել են, պետք է ընդունեն, որ սխալ են արել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930