Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ հազար տարվա կոշիկ հայտնաբերելով տուրիզմ չենք զարգացնի, պետք է դրանք շուկա հանել (Տեսանյութ)

Հունիս 14,2012 13:11

Չվերթները թանկ են, միջին խավի համար մատչելի հյուրանոցներ չկան, տուրիզմի ոլորտում էլ որակյալ կադրեր չունենք, որպեսզի աշխարհին տուրիստական նոր ապրանք ներկայացնենք: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, Vatel միջազգային հյուրանոցային բիզնես դպրոցի տնօրեն Ռոբերտ Մինասյանի կարծիքով, սրանք խոչընդոտներ են, որոնց պատճառով տուրիզմի ոլորտում մոտ 20 տարի է տեղում դոփում ենք:

Այսօր պարոն Մինասյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց ոլորտի բացերը. «Ռեստորաններում խորովածը բերում են սոխը վրան, քաբաբը բերում են, սոխը վրան, ընդհանուր ափսեներով են մատուցում, մատուցողներն էլ իրենց տան սովորածով են սպասարկում եւ մասնագիտական կրթություն չեն ստանում»:

Տուրիզմի մասնագետը 30 երկրներում է եղել եւ պարզել, որ սպասարկման ոլորտում ամենաշնորհալին շվեյցարացիներն են: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ռոբերտ Մինասյանը դեռ մի բան էլ հետընթաց է նկատել. «Այս տարի Պարսկաստանից ավելի քիչ եկան Հայաստան, պետք է ավելի հյուրընկալ լինենք»:

Նրա վստահեցմամբ, տուրիզմի ոլորտում որակյալ կադրերի բացակայությունն այսօր լուրջ խնդիր է. «20 տարիների ընթացքում նոր ապրանք շուկա չենք հանել, մեզ պետք են նոր կադրեր նոր մտածելակերպով, որպեսզի մեր երկիր այցելող տուրիստների պահանջները կարողանանք բավարարել: Այդ խնդիրը պետք է լուծեն կրթական հաստատությունները, գիտությամբ զբաղվողները: Հին կոշիկ, հնձաններ եւ այլ պատմական իրեր ենք հայտնաբերել, բայց այդ ամենը պետք է գիտականորեն ապացուցել, եւ կարողանալ շուկա հանել»:

Ռոբերտ Մինասյանի խոսքերով, մինչ օրս նույնիսկ հստակ հաշվարկ չկա, թե իրականում մեր երկիր որպես տուրիստ որքան մարդ է ժամանում: Մինչդեռ, մասնագետի կարծիքով, որպեսզի զբոսաշրջիկների իրական թիվն իմանան, պետք է հաշվեն տուրփաթեթներով մեր երկիր ժամանած անձանց, այլ ոչ թե բոլոր նրանց, ովքեր ժամանում եւ որոշ ժամանակ գտնվում են Հայաստանում` ինչպես օրինակ`

արտերկիր արտագնա աշխատանքի մեկնած եւ ժամանակավորապես տուն վերադարձած «խոպանչիներն» են:

Ի դեպ մեր երկրի տուրիզմի համար պատասխանատուները ծրագրել են, որ 2030 թվականին մեր երկիր 3 միլիոն տուրիստ է գալու: Կիրականա՞ն պետական կառույցների կանխատեսումները թե՞ ոչ, տուրիզմի մասնագետը վստահեցրեց, որ ամեն բան կախված է նրանից, թե «ինչ նոր բան կառաջարկենք աշխարհին»:  Ըստ նրա. «Հայաստանում ամեն ինչ կա, մեր երկիրն աստված ստեղծել է տուրիզմի համար եւ առաջին տուրիստն էլ Նոյն է եղել»:
Aravot.am-ի հարցին, թե կանաչ տարածքների զանգվածային ոչնչացումը, օդի բարձր աղտոտվածությունը, հանքերը բաց եղանակով շահագործելն արդյոք հակաքարոզչություն չի՞ մեր երկրի համար` հատկապես, որ զարգացած երկրների քաղաքացիները շատ թանկ են գնահատում իրենց առողջությունը, Ռոբերտ Մինասյանի պատասխանը` տեսանյութում:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930