«Վարդան Օսկանյանը բավականին հայտնի քաղաքական գործիչ է, լուրջ հեղինակություն ունեցող: Ինքս ուրախ եմ, որ նա խորհրդարանում է: Ես կարծում եմ, որ նրա խորհրդարանական գործունեությունն ի նպաստ պետք է լինի քաղաքական գործընթացներին որակ եւ բովանդակություն հաղորդելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն, որը պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով:
Ընդհանրապես, նա կարծում է, որ ընդդիմության ցուցակներով էլ խորհրդարանում են հայտնվել մարդիկ, ովքեր անկասկած որակ եւ բովանդակություն են հաղորդելու աշխատանքներին, մանավանդ, որ քաղաքական մեծամասնության մեջ էլ, իր կարծիքով, բավականին շատ են նման մարդիկ: «Այսինքն, մենք ունենք քաղաքական լուրջ կարողություն` գործընթացները փողոցից խորհրդարան բերելու»,- ասում է մեր զրուցակիցը` բնավ դեմ չլինելով հանրահավաքներին: Բայց կարծում է, որ որոշումները ոչ թե հանրահավաքներում, այլ խորհրդարանում պետք է կայացվեն` լուրջ քաղաքական քննարկումների արդյունքում: Որ այս խորհրդարանն ունի այդ հնարավորությունը, նա մեկ վայրկյան անգամ չի կասկածում եւ վստահ է, որ կշարունակի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում քաղաքական հետապնդումներ չեն լինի:
Այս ամենի համատեքստում անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, նախկին վարչապետը նկատեց. «Քաղաքական հետապնդումների ես դեմ եմ` բոլոր դեպքերում: Եթե մենք խոսում ենք այլակարծության մասին, ժողովրդավարական ավանդույթներից եւ դրանց արմատավորման մասին, ուրեմն, որեւէ քաղաքական հետապնդում չի կարող լինել: Ես խիստ կասկածում եմ, որ այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, քաղաքական հետապնդման նպատակ է կամ դրսեւորում: Ես այդ կարծիքին չեմ այս պահին, ժամանակը ցույց կտա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ