Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր Համբարձում Դանիելյան. Բանակն իդեալական միջավայր է՝ աղանդավորին դարձի բերելու համար (Տեսանյութ)

Հունիս 14,2012 12:50

«Բանակում հոգեւոր առաջնորդի առաքելությունն է՝ զինվորների շրջանում բարձրացնել քրիստոնեական դաստիարակության ոգին, ամրապնդել հավատքը եւ օժտել հայրենասիրական գաղափարներով, քանի որ հայրենիք հասկացությունն ասոցացվում է հավատքի հետ եվ օգնում զինվորին կատարել իր առաքելությունը»,-«Երկու երես» մամուլի ակումբում այսօր ասաց Արարատ-Զոդ զորամասի հոգևոր առաջնորդ Տեր Համբարձում քահանա Դանիելյանը: Նա փաստեց, որ բանակում հոգեւորականի քարոզչությունը տալիս է շոշափելի արդյունք. «Զինվորների եւ սպայական անձնակազմի մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ եւ քննարկումներ, ինչպես նաեւ՝ զինվորներին մասնակից ենք դարձնում Սուրբ Պատարագին եւ նախապես ծանուցում եկեղեցական տոների մասին: Մեծ զորամասերում մարտական հերթափոխից առաջ միասնական աղոթք ենք անում եւ զրուցում զինվորների հետ»: Տեր Համբարձումը հավելեց, որ այդ կերպ զինծառայողները հարգանքով եւ սիրով են լցվում միմյանց հանդեպ:

Խոսելով աղանդավոր զինծառայողներից՝ քահանան նշեց, որ հոգեւորականի գործունեությունը նաեւ ուղղված է կրոնական հողի վրա հիմնված բախումները կասեցնելուն. «Աղանդավորին դարձի բերելու համար բանակն իդեալական միջավայր է, քանի որ այնտեղ նրանք հեռու են աղանդավորների հետ շփումներից: Եղել են աղանդավոր զինվորներ, ովքեր ետ են կանգնել մոլորության ճանապարհից: Զորացրվելուց հետո էլ մենք աշխատում ենք նրանց ներգրավվել Առաքելական եկեղեցու տարբեր երիտասարդաց միություններում՝ նրանց հետ կապը պահպանելու նպատակով, նաեւ ուղտագնացություններ ենք կազմակերպում»:

Հոգեւորականի խոսքով՝ բանակում տիրում է սիրո եւ հարգանքի մթնոլորտ, չնայած մարդկանց շրջանում համատարած ատելությանը. «Շատերը բանակում լավ ընկերներ են ձեռք բերում: Հոգեւորականները մշտապես զինվորներին հորդորում են բանակից թշնամիներ չտանել»:

Ինչ վերաբերում է զինված ուժերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, քահանան ասաց. «Մեր զինվորները կատարեցին իրենց առաքելությունը: Թշնամու ինչ-ինչ ոտնձգությունների պարագայում մենք գիտենք, որ նրանք ունեն բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930