«Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը նախկին արտգործնախարարին ավելի է մոտեցնում քաղաքական ռեաբիլիտացիային։ Օսկանյանն այս պահին զոհի կերպարում, իսկ ավելի ուշ նաեւ քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվելով կարող է անկախ քաղաքական գործչի ընկալում ստեղծել եւ ապա դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն 2012-ի նախագահական ընտրություններում: Անկախ ամեն ինչից, եթե վերջինս ձերբակալվի չապացուցված մեղքերի համար, անձամբ ես պայքարելու եմ նրա համար, ինչպես դա արել եմ Ջհանգիրյանի եւ ինձ համար անընդունելի այլ նախկին պաշտոնյաների քաղաքական հետապնդումների ընթացքում։ Այսուհանդերձ, սա որեւէ կերպ չի կարող արդարացնել նրա դերակատարությունը մարտի 1-ին, առավել եւս, որ նրա ցուցումով արտգործնախարարության որոշ նախկին պաշտոնյաներ CNN-ի ուղիղ եթերով հայտարարում էին, թե մարտի 1-ին ցուցարարների մոտ զենք կար…», գրել է մեկ այլ ֆեյսբուքցի։
«Էս Օսկանյանը զարմանալի մարդ է՝ ասում է, որ փողը լվանալու համար այն դեռ պետք է կեղտոտ լինի… Կարծես հայ չի եւ չգիտի, որ «փողը ձեռքի կեղտ է», ինչը հիշում են այն պահին, երբ դա ձեռնտու է իշխանությանը՝ հատկապես փողերի լվացման դեմ օրենքի առկայության պայմաններում։ Իսկ ի՞նչ խորհուրդ սրանից… ընդամենը փոխել այդ իշխանությունը եւ վերջ»։ Իշխանափոխության անհրաժեշտության թեման միշտ ակտուալ է ֆեյսբուքում, եւ նորմալ է, երբ ֆեյսբուքցիները ցանկացած բան բխեցնում են իշխանափոխության անհրաժեշտությունից։ Օսկանյանի թեմայի շրջանակներում՝ իշխանություն փոխելու առաջարկով երեկ բազմաթիվ ֆեյսբուքահայեր էին հանդես զալիս։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»