Facebook-յան «Ելք» խմբում սկսել է ստորագրահավաք` ի պաշտպանություն տաղանդավոր գրող Վանո Սիրադեղյանի: «Ստորագրում ենք լայքելով: Պրոցեսն սկսվեց»,- գրվեց «Ելքի» պատին: Ստորագրահավաքին արդեն մասնակցել են մի քանի տասնյակից ավելի քաղաքացիներ:
Սակայն «Ելքի» նախաձեռնած ստորագրահավաքը շարժեց մի խումբ օգտատերերի զայրույթը: Չստացված պետականության, դատարկվող երկրի, անկասելի թալանի ողջ մեղքը բարդվեց Վանո Սիրադեղյանի վրա: «Այս ստորագրահավաքի իմաստը չեմ հասկանում: Վանոյի նման հարյուրավոր մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ ու, վերջապես, սեփական հողը սիրող մարդիկ են գնացել… Ինչի իրենց համար ստորագրահավաք չենք կազմակերպում: Չեմ հասկանում, ինչ օգուտ պիտի տա Վանոն իր ձեռքով ավիրած ու հրեշներ ծնած Հայաստանին?»: Որոշ օգտատերեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին Վանոյին քաղաքում երևալուն պես նետել Կիևյանից, «ցխել» նրա գլուխը: Ավելին` Վանո Սիրադեղյանի հավանական վերադարձը պատճառ դարձավ, որպեսզի ոմանք երկիրը ընտանիքով լքելու վերջնական որոշում կայացնեն: Դիմադրությունը հուժկու էր:
Այս նախաձեռնությունը, անշուշտ, բավական վտանգավոր է: Մանավանդ, եթե հաշվի առնենք ԱԱԾ-ի` Facebook սոցիալական ցանցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, անգամ «պրիվատ» նամակները վերահսկելու գործոնը: Դե, Վանո Սիրադեղյանն էլ բազում հանցագործությունների մեջ մեղադրյալ մի փախստական, ում ինտերպոլը փնտրում է 2000 թվականից… Եղան պայծառատեսներ ու սրատեսներ, որ պատմեցին` Վանոյին տեսանք Էմիրաթներում: Հետո` Վանոն Երևանում էր` գլխարկը մինչև աչքերը իջեցրած: Վանոն Նոյեմբերյանում է` մի խուլ, կուսական անտառում, ապրում է մի փայտահատի հետ: Չէ՛, Վանոն հանրահավաքում էր` «Ազատության» հրապարակում, Մատենադարանում, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ էլ քթի տակ ժպտում էր…
«Մենք ոչ մի տեղեկություն չունենք ոչ նրա գտնվելու վայրի, ոչ էլ նրա վիճակի մասին,- ասաց «Ելք» խմբի և ստորագրահավաքի նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը: – Խոսակցություններ են պտտվում, որ նա հիվանդ է: Մենք պաշտպանում ենք Վանո Սիրադեղյանի` իր պետության մեջ առանց հետապնդումների ապրելու իրավունքը: Ոչ մի դատարան չի ապացուցել նրա մեղավորությունը, ուստի մենք առաջնորդվում ենք հենց անմեղության կանխավարկածով: Որտեղ էլ Վանոն գտնվելիս լինի, կարծում ենք, կունենա ինտերնետային կապ: Մենք նաև ուզում ենք նրան ցույց տալ, որ կա այս նախաձեռնությունը մեր երկրում և այն մի օր վիրտուալ հարթակից կտեղափոխվի նաև դատարաններ, հրապարակներ, և ՀՀ քաղաքացիները ցույց կտան իրենց համերաշխությունը: Քանի որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, ուստի, դատարանի վրա հույս դնելը միամտություն է: Մենք նաև ուզում ենք տեսնել` քանի մարդ կա երկրում, որ էսպես է մտածում: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը խոցելի կլինի մեկ այլ գործիչ: Քաղաքացիները, մտավոր ընտրախավն ամեն դեպքում պետք է հանդես բերեն քաղաքացիական կամք»:
Կարդացեք նաև
Իրականում, ստորագրահավաքին այսքան բուռն ատելությամբ արձագանքը այնքան էլ զարմանալի չէ, ոչ էլ` նորություն է համազգային ողբերգության համատեքստում: Մեր միջի վառը միշտ էլ ցավեցրել է մեր աչքերը: Դրա համար էլ մենք միշտ կերել ենք մեր միջի լավին: Ու քանի որ հիմնականում ու հիմնովին թաղված ենք եղել կեղտի մեջ, մեր միջի գործ անողը կեղտոտվել է ակամա: Որովհետև հնարավոր չէ շփվել կեղտի հետ` թեկուզ այն դուրս թափելու նպատակով, և գոնե շալվարիդ փողքը չկեղտոտել: Եվ ուրեմն, Վանոն մեղավոր էր, որ ինքը մեծ գրող էր: Վանոն մեղավոր էր, որ մեզ մաքրեց քաղաքն ուտող կրիմինալից: Վանոն մեղավոր էր, որ այդ գործի համար ընտրել էր «խոտորնակին խոտորնակ» տարբերակը: Հենց Վանոն ինքը պիտի հատուցեր այն ճակատագրական սխալի համար, որ երկրում սկիզբ առավ «գյադեքի ժամանակը»:
Վանոյից շտապ պետք էր ազատվել: Որովհետև կյանքը կարճ է, իսկ կովերը պիտի բազմանան: Վանոն գիտեր, որ կովերը դուրս են գալու փարախի սահմաններից, շփոթելու են հայոց լեզվի տաճարը ախոռի հետ: Անասնաբար հարամելու են ամեն բան: Միայն մի հարցում էր սխալվել: Լավ չէր պատկերացրել, որ համընդհանուր մսաղացում խոտ չեն աղալու…
«Ժամանակ»