Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը հրամանով ո՞ւմ է ազատել՝ փորձագետի՞ն, թե՞ ռեկտորին

Հունիս 14,2012 11:59

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, ժամը 10-ին սկսեց «Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումով նախնական դատական նիստը: Հայցադիմումն ուղղված է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ:

Սուրեն Զոլյանի ներկայացուցիչն է ճանաչված փաստաբան Լիանա Գրիգորյանը (հայտնի է ճանապարհային ոստիկանությանն առնչվող վերջին աղմկահարույց գործով), իսկ ԿԳ նախարարի ներկայացուցիչներն են Նորայր Հակոբյանը եւ Վահե Բավեյանը: Ռեկտորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցադիմումի առարկան, այն է՝ Զոլյանը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 6-ի 160-Ա եւ ապրիլի 17-ի 173 հրամանները, աշխատանքային պայմանագիրը եւ վճարել ապրիլի 17-ից պարապուրդի գումարը: Պատասխանողն առարկեց հայցի դեմ ամբողջությամբ: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ Ս. Զոլյանը հանդիսացել է «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» փորձագետների կոմիտեի փորձագետ եւ որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է խարտիայի պարտավորությունները: Իսկ փորձագետ Սուրեն Զոլյանը այս տարվա մարի 19-23-ը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցնելու փորձագետների կոմիտեի նիստին: Պատասխանող կողմը հաջորդ նախնական նիստին պետք է ներկայացնի հիմքեր, թե ինչու է ԿԳ նախարարը արգելել եւ կամ որ հիմքով է արգելել փորձագետին, այլ ոչ թե ռեկտորին մասնակցելու Ստրասբուրգում կոմիտեի նիստին: Ի դեպ, ԿԳ նախարարը օգտագործել էր «ոչ նպատակահարմար» բառակապակցությունը:

Դատավորը փորձում էր կողմերից ճշտել, թե ինչ հիմքերով են կողմերը վիճարկում «ռեկտորի լիազորությունները պրոռեկտորի վրա դնելու» ապրիլի 6-ի 160-Ա հրամանը, որով Սուրեն Զոլյանը ստացել էր խիստ նկատողություն: Մի դեպքում խոսք գնաց, որ Զոլյանը ընտրվել է որպես ռեկտոր եւ ոչ թե նշանակվել Արմեն Աշոտյանի կողմից: Հայցվոր կողմը հաջորդ նիստին դատարան կներկայացնի նաեւ ՀՀ կառավարության հանձնարարականը, որով հանձնարարվում է ԿԳ նախարարին աշխատանքային պայմանագիր կնքել ընտրված ռեկտորի հետ:

Ի դեպ, բավականին շատ էին կողմերի հղումները ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ «ԿԳ նախարար Աշոտյանը որեւէ օրենքով լիազորված չէր թույլատրելու ռեկտորին՝ մեկնելու գործուղման կամ առարկելու դրա դեմ»: Պատասխանողի ներկայացուցիչները հայտնեցին, որ այս տարի ԿԳ նախարարի հրամանով Զոլյանին թույլատրվել է գործուղվել Լեռնային Ղարաբաղ՝ երկու օրով, ավելին՝ նրանք խոստացան հաջորդ նախնական դատական նիստին բերել ԿԳ նախարարի եւս 5 հրամաններ, որոնցով թույլատրվել է, որպեսզի Զոլյանը մեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու խարտիայի կոմիտեի նիստերին:

Դատարանն ուշադրություն հրավիրեց ռեկտոր եւ փորձագետ կարգավիճակների վրա, եւ պիտի ապացուցեն, թե ինչ իրավական հիմքերով պետք է ռեկտորին թույլատրվեր մեկնել Ստրասբուրգ:

Ի դեպ, Aravot.am-ին հայցվորի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը հայտնեց, որ խարտիայի 17 հոդվածի համաձայն՝ «Կոմիտեի անդամները պետք է նշանակվեն 6 տարի ժամկետով եւ պետք է ունենան վերանշանակվելու իրավունք: Այն անդամը, որն ի վիճակի չէ աշխատելու մինչեւ իր պաշտոնի ժամկետի ավարտը՝ կփոխարինվի: Կոմիտեի քարտուղարությունը պետք է ապահովվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից»:

Հաջորդ նախնական դատական նիստին կողմերը կներկայացնեն ապացույցներ, հակափաստարկներ նաեւ լեզվաբանության ինստիտուտում ստուգումների ակտի վերաբերյալ, որը վերաբերվել է Զոլյանի կողմից «ոչ պատշաճ ներքին իրավական ակտեր» հաստատելուն, դասախոսի աշխատանքի ընդունելուն. «ով բազային գիտելիքներ չունի»:

Հուլիսի 2-ին, ժամը 14.30-ին կշարունակվի նախնական դատական նիստը, ինչը նշանակում է, որ կողմերը ներկայացնելու են ապացույցներ մինչեւ դատաքննություն սկսելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930