Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. Այն գործիչները, ովքեր չեն կարողանում Ռ.Քոչարյանին տեսնել ԲՀԿ-ի հետ՝ իրականությունը չտեսնելու հրահանգ են կատարում

Հունիս 14,2012 12:25

Հատված Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից:

– Դուք է՞լ եք կարծում, որ տեղի են ունեցել կրկնակի քվեարկություններ:

– Ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում այսօր բնակվում են այն թվաքանակի ընտրողներ, ինչ հրապարակել են իշխանությունները: Այդպիսի ակտիվություն դժվար է պատկերացնել, որովհետեւ ամենաբարձր ցուցանիշը, որը եղել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնական ընտրության ժամանակ, շատ ավելի ցածր մասնակցություն է ունեցել: Եթե այդ ոգեւորության պայմաններում ունեցել ենք այդպիսի արդյունք, եւ արտագաղթի այսպիսի պայմաններում ունենք այսպիսի արդյունք, ինձ համար աննկարագրելի թվային մանիպուլյացիաների պատկեր է առաջացնում: Եվ կարծում եմ, որ դա արդեն հետագա ուսումնասիրությունների խնդիր է, բայց եթե գնում էին այդպիսի շտաբի համագործակցության, առաջին խնդիրը պետք է լիներ դրա աշխատանքի արդյունքները հանրությանը ցույց տալը: Եթե արդյունքներ չկան, նշանակում է` այդ շտաբն ի սկզբանե միտված է եղել ինչ-որ իմիտացիոն գործընթաց ապահովելու: Եվ ես այսօր տեսնում եմ, որ այդ շտաբի գործունեության արդյունքում ՀԱԿ-ը չի շահել, միայն կորցրել է: Շահել է միայն ԲՀԿ-ն: Կարծում եմ` ԲՀԿ-ի հավաքած 470.000 ձայնի զգալի մասը նաեւ Կոնգրեսի վարած սխալ քաղաքականության արդյունք է: Այդ ձայների զգալի մասը պետք է որ լիներ ՀԱԿ-ինը: Ինչո՞ւ դրանք հայտնվեցին ԲՀԿ ընտրատրցակների մեջ` դա արդեն Կոնգրեսի համար լուրջ մտածելու թեմա է: Կարծում եմ` քննարկումների ընթացքում կարելի է հեշտությամբ պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Եվ ինչպես կարելի է բավարարված դուրս գալ այս ընտրությունից ու ասել, թե 7 տոկոսը բավականին մեծ արդյունք է:

– Քաղաքական ուժերի վերադասավորումներից տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն այնպիսի քաղաքականություն վարեցին, որ դաշտում մնացին 2 հիմնական ուժեր` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Փոխարենն` ընդդիմադիր ուժերը պառակտվեցին ու թուլացան: Եվ թե 2013թ., թե առաջիկա տարիներին նախագահական ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այլընտրանք չեն ունենալու եւ պայքարելու են միմյանց դեմ:

– Ես գտնում եմ, որ ընդդիմությունը կորուստներ է ունեցել, եւ այդ կորուստները պետք է արագ լրացվեն: Ընդդիմադիր կուսակցությունները պետք է շատ արագ կազմակերպեն կլոր սեղաններ, քննարկեն, թե ապագա ընտրություններին ինչպես պետք է մասնակցեն: Իսկապես այս գործընթացների արդյունքում հիմա ՀՀ-ում գործում են երկու իշխանական ուժեր` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Եվ այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ-ն այդ արդյունքին հասավ ՀԱԿ-ի թույլ տված սխալների արդյունքում, որն ինձ համար ընդունելի չի եղել: Ես Ռ.Քոչարյանին միշտ տեսել եմ ԲՀԿ-ի հետ միասին: Եվ այն գործիչների կապակցությամբ, ովքեր չեն կարողանում դա տեսնել, ուզում եմ ասել, որ նման ակնհայտ ճշմարտությունը չնկատելը կապված է ոչ թե ռենտգենյան սարքի կամ ակնոցների բացակայության կամ առկայության, այլ` միմիայն իրականությունը չտեսնելու հրահանգ կատարելու հետ: Վերջին հաշվով` այդ չտեսնելու արդյունքում նույն ԲՀԿ-ի ցուցակի մեջ մենք ունեցանք Մարտի 1-ի երկու շատ կարկառուն պատասխանատուներ` Վ.Օսկանյանն եւ Գ.Գրիգորյանը: Այդ դեպքում հարց եմ տալիս` եթե Ռ.Քոչարյանը չկար, Գ.Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն էր պետք: Վստահաբար կարող եմ ասել, որ Գ.Ծառուկյանին նրանք պետք չէին: Առանց նրանց Գ.Ծառուկյանը կստանար այնքան ձայն, ինչքան որ «քաղաքական դրդապատճառներով բարեգործություն» էր իրականացրել այս տարիներին: Նրան միանշանակ պարտադրեց Ռ.Քոչարյանը: Իսկ Ռ.Քոչարյանը կարողացավ պարտադրել, որովհետեւ, ըստ էության, ՀԱԿ-ն իր համար էլ ընդունելի համարեց այս անձնավորությունների հետ շփումները: Ես չեմ կարող ընդունել միասնական շտաբում ընդդիմության եւ Օսկանյանի հարաբերվելը, քանի դեռ չի իրականացվել Մարտի 1-ի լիարժեք բացահայտումը: Կարող եմ շնորհավորել` այսօր Կոնգրեսը պարտադրված է ԱԺ-ի շրջանակներում շփվել ոչ միայն Օսկանյանի, այլ նաեւ Գ.Գրիգորյանի հետ: Եվ այստեղ է ՀԱԿ-ի ընտրազանգվածի նվազման պատճառներից մեկը: Եվ այս ամենը դարձավ իրողություն հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո: Իսկ ընդդիմության խնդիրն այսօր նորից միասնականության հասնելն է: Ընդդիմությունն ունեցել է հաջողություններ, երբ միասնական է եղել: Իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններից դուրս` կա հսկայական հանրային զանգված, որին պետք է նորից համախմբել եւ ունենալ այն, ինչ ունեցել ենք 2008-ից սկսած մինչեւ 2011թ. որոշակի ժամանակահատվածում: Պետք է հստակեցնել խնդիրներն ու գտնել դրանց լուծման ճանապարհները: Կարծում եմ` մեկ-երկու ամսվա ընթացքում ընդդիմադիր բոլոր գործիչները, ուզեն թե չուզեն, կհավաքվեն կլոր սեղանի շուրջ եւ կփորձեն գտնել բանաձեւեր` նորից միասնականության հասնելու համար: Հասա՞ն միասնականության, նորից կունենանք պայքարի արդյունքում նպատակների իրականացմանը հասնելու հեռանկար:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930