Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը որտեղի՞ց գիտի, որ Վ. Օսկանյանի դեմ սկսված ԱԱԾ քայլը քաղաքական հետապնդում չէ:

Հունիս 14,2012 11:37

Նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները ինչ չափով որ երևան են բերում մեր քաղաքական իրականության քստմնելի կողմերը, նույնքան էլ` այս անվայել իրարանցումը քաղաքական կապիտալի վերածելու իշխանական որոշակի շրջանակների ցանկությունը:

Ամենահետաքրքրականը, մեր կարծիքով, մնում է իշխանության ներկայացուցիչներից մեկի` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի համարյա բետոնե դիրքորոշումն այն գերիշխող տեսակետի դեմ, թե նախկին արտգործանախարարի հանդեպ քաղաքական պատվեր է իրականացվում:

Հանրապետականի մամուլի քարտուղարը պաթոսով հերքում է դրա հավանականությունը, ավելին` համոզված է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում վերջ են տրված քաղաքական պատվեր կոչված երևույթի բոլոր դրսևորումներին` «նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Այս վստահությունը որքան ծիծաղելի է իր պարզամտությամբ, նույնքան տաղտկալի է երևույթներին այսօրինակ իշխանահաճո գնահատականներ տալու մշտապատրաստությամբ:

Արդ փորձենք հասկանալ, թե Էդուարդ Շարմազանովը որտեղի՞ց գիտի, որ Վ. Օսկանյանի դեմ սկսված ԱԱԾ քայլը քաղաքական հետապնդում չէ: Եթե ընդունենք, որ դա, այնուամենայնիվ, քաղաքական պատվեր է, ապա արդյո՞ք Շարմազանովը պիտի դրա մասին իմանար: Ինչո՞ւ պիտի երկիրը բացարձակ միանձնյա սկզբունքով ղեկավարող անձը որևէ մեկին հայտներ իր կողմից ծրագրվող քաղաքական հետապնդման մասին, չէ՞ որ դա կլիներ բացարձակապես անտրամաբանական և անհեթեթ:

Դա Շարմազանովի ու նրա նմանների չիմանալու բան պիտի լիներ հենց թեկուզ այն պատճառով, որ պատվեր տվողը որևէ կերպ չընկներ նրանց աչքից, ինչու չէ, երբևէ նաև չդառնար հնարավոր թիրախ: Հետևաբար, տրամաբանական բոլոր փաստարկները խոսում են այն մասին, որ Շարմազանովը, նրա հանգույն նաև վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մյուսները չէին կարող իմանալ և չպիտի իմանային նախապատրաստվող քաղաքական պատվերի մասին, ուստի իսկապես զարմանալի է այդ մարդկանց աներեր վստահությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների ընթացքում որևէ քաղաքական պատվեր չի իջեցվել, այդ թվում` նաև Վ. Օսկանյանի դեմ, և որ իշխանությունը օրնիբուն կառուցում է ժողովրդավարական Հայաստան`«պարոն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Տեսնես կգա՞ մի օր, որ Շարմազանովի նման այս աներեր հավատով համակված լինենք նաև մենք բոլորս:

 

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930