Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուռերն» ադրբեջանական զինուժի համար անձեռնմխելի՞ են

Հունիս 14,2012 11:26

 Սահմանագոտում ադրբեջանական զինուժի գնդակոծություների պատճառով հունիսի 6-ից մինչ այժմ փակ է Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Միջպետական ճանապարհի այդ վտանգավոր հատվածի մուտքն արգելելու համար Բաղանիս գյուղի մեջ եւ Ոսկեպարի տարածքում պետավտոտեսչության մեքենաները` Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցների հետ շուրջօրա հերթապահություն են իրականացնում: Մեքենաները երթեւեկում են սահմանագոտին շրջանցող, Հարսանաքար սարի ստորոտով ձգվող ճանապարհով: 6.3 կմ երկարությամբ շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվեց 2006-2007թթ.` պետբյուջեի 768 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Սակայն դրա գործարկումից հետո պարզ դարձավ, որ շրջանցիկ ճանապարհում սողանքային ակտիվ գոտի է գործում, եղավ փլուզում: Շրջանցիկ ճանապարհի այդ հատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ տեղադրվեցին գաբիոններ (ցանցերի մեջ խճաքարեր): Դրանք ինչ-որ չափով կանխում են հողի սողանքի վտանգը, սակայն գաբիոնների վերեւի մասում սողանքն ակտիվ է: Այդ պատճառով շրջանցիկ ճանապարհը սպասարկող Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ ճանապարհաշինարարները սողանքի գոտում, ճանապարհի եզրին ստեպ-ստեպ խիճ են լցնում, որպեսզի ճանապարհը չփլվի:

Նշենք, որ շրջանցիկ ճանապարհով երթեւեկող խոշոր բեռնատարները՝ «ֆուռերը» ավելի են մեծացնում սողանքի վտանգը: Հայաստան բեռներ ներկրող «ֆուռերը» ծանրաքարշ են, դրանց վարորդներն էլ անծանոթ լինելով շրջանցիկ ճանապարհին ու դրանում սողանքի գոտու առկայությանը՝ հաճախ երթեւեկում էին ճանապարհի երթեւեկելի մասի եզրով՝ սողանքի համար վտանգավոր մասով, այդ կերպ փլուզման վտանգն աճում է: «Ֆուռերը» ներկայումս երթեւեկում են ոչ թե շրջանցիկ, այլ սահմանի եզրով ձգվող վտանգավոր ճանապարհով: Ի՞նչն է դրա պատճառը՝ հարցրի ճանապարհի մուտքը հսկող նոյեմբերյանցի ոստիկաններին:

– Ադրբեջանցի զինուժը նրանց վրա կրակ չի բացում, գիտեն, որ դրանք միջազգային մեքենաներ են, դրանց ղեկին օտարերկրացիներ են,- ասացին ոստիկանները:

Այդ պատասխանը զարմանալի է, քանզի սահմանին կանգնած ադրբեջանցի ասկյարը դժվար թե իմանա, նրան չի էլ հետաքրքրում, թե տվյալ բեռնատարը արտասահմանյան, թե հայկական ընկերության է պատկանում կամ դրա ղեկին ինչ ազգության վարորդ է: Իրականում ոստիկանները խոշոր բեռնատարներին հիմնական, գնդակոծության համար վտանգավոր ճանապարհով են ուղարկում, քանի որ իրական վտանգ կա, որ 40 տոնննանոց այդ բեռնատարների ծանրության տակ կփլվի սահմանի վտանգավոր հատվածը շրջանցող, այդքան թանկ (բառի բուն եւ փոխհարաբերական իմաստով) ճանապարհը :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930