Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանը հավատում էր, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը զինամթերք եւ պայթուցիկներ էր կուտակել։ Հիմա էլ ես եմ հավատում, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել»

Հունիս 14,2012 11:09

 Վարդան Օսկանյանը, իհարկե, վրդովված է, նա արդեն երկու օր է հայտարարություններ է անում իր ֆեյսբուքյան էջում, նախօրեին էլ հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին եւ ներկայացնում էր իր հետ տեղի ունեցածի վերաբերյալ սեփական գնահատականը։ Իսկ Օսկանյանի գնահատականն այն է, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, Հայաստանում իշխանությունը մոնոպոլիզացված է, իրավական համակարգը մեկ մարդու ձեռքի գործիքն է, որն օգտագործվում է քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու նպատակով։

Օսկանյանի գնահատմամբ, իշխանություններին ընդդիմադիր լինել՝ չի նշանակում պետությանը դեմ լինել, այլ նշանակում է՝ հանուն պետության դեմ արտահայտվել իշխանությունների արած սխալներին։ Օսկանյանն ասում է, որ ինքը չի հավատում Հայաստանի իրավական համակարգին, դատարաններին եւ զարմանում է, որ որեւէ մեկը կարող է հավատալ։ Ու էլի շատ բան է ասում Վարդան Օսկանյանը։ «Թող գնա, Պետրոս, եթե դու գտնում ես, որ Հայաստանը այսպես եկել է ու այսպես կգնա, թող գնա, դու մեզ այստեղ պետք չես, մեզ այստեղ պայքարողներ են պետք»,- մոտավորապես այսպես, հաղորդման ժամանակ, նա դիմեց Պետրոս Ղազարյանին։ Հիմա ուզում եմ Վարդան Օսկանյանին, ում նկատմամբ մինչեւ 2008 թվականը, լինելով «ՀԺ»-ի՝ արտաքին գործերի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրող, քիչ թե շատ բարեկամաբար էի տրամադրված, ոչ թե մուննաթով, ինչպես ինքն էր Պետրոսին ասում, այլ բարեկամաբար նույնը ասել՝ պարոն Օսկանյան, թողեք գնացեք, մի շարունակեք այն, ինչ սկսել եք, մի փորձեք մտնել քաղհալածյալի կերպարի մեջ, դա ոչ մի լավ բան չի խոստանում ոչ հասարակությանը, ոչ պետությանը, ոչ էլ ձեզ։ Իսկ ինչու։ Որովհետեւ քաղաքական գործիչների կյանքում լինում են ճակատագրական պահեր, որ ազդում են հետագա ողջ գործունեության վրա, երբեք չեն մոռացվում։ Ձեր դեպքում դա 2008 թվականի Մարտի 1-ն էր, այդ օրը ձեր հրավիրած մամուլի ասուլիսը (երեւի հիշում եք, որ այդ ասուլիսին անդրադարձել եմ նաեւ 2011 թվականի մայիսի 12-ին «ՀԺ»-ում տպագրված «Ո՞ւմ է պետք պաթոլոգիկ ստախոսի ներողությունը» վերնագրով հոդվածում), այնտեղ արտահայտած ձեր մտքերը, այդ իրադարձությունների ժամանակ ու դրանցից հետո ձեր պահվածքը, որպես պետական պաշտոնյա եւ որպես քաղաքացի։ Սա իսկապես բարեկամական հորդոր է, որին գուցե Վարդան Օսկանյանը արժանի էլ չէ։ Այն, որ չի կարելի հավատալ Հայաստանի իրավական համակարգին, որը մեկ մարդու ձեռքի գործիքն է ու օգտագործվում է ընդդիմությանը ճնշելու համար, ասվում է 2007 թվականից, երբ քրեական գործեր սկսեցին հարուցվել ընդդիմության առաջնորդ՝ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների վրա։ Մինչդեռ, Վարդան Օսկանյանը հավատում էր ու հայտարարում, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը զինամթերք եւ պայթուցիկներ էր կուտակել, ոստիկանությանը մեծ դիմադրություն ցուցադրել։

Հիմա էլ ես եմ հավատում, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել։ Վարդան Օսկանյանը աոաջին մարդը չէ հանրապետությունում, ով հանուն պետության ընդդիմանում է իշխանություններին, մինչդեռ այն ժամանակ, երբ այդպիսի տասնյակ գործիչների քրեական հետապնդման էին ենթարկում հակապետական (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով, Վարդան Օսկանյանը լռում էր, այսինքն՝ հավատում էր մեղադրանքին։ Երբ մի քանի դիվանագետներ, այս ամենին արձագանքելով, քաղաքացիական գիտակցություն դրսեւորեցին, հայտարարություն ստորագրեցին, որի ամբողջ իմաստն այն էր, որ «Հայաստանը այսպես չի եկել եւ այսպես չպետք է գնա», Վարդան Օսկանյանը նրանց ասաց՝ թողեք գնացեք, ազատեց աշխատանքից, զրկեց դիվանագիտական կոչումներից, ապրուստի նվազագույն միջոցից։ Հիմա էլ ասում է՝ պարոն Հանթսմանը երկու միլիոն դոլար է փոխանցել ինձ։ Նաեւ ասում է. «Մեզ այստեղ պայքարողներ են պետք»։ Բացարձակապես նույն բաների համար պայքարողներին, ինչի համար հիմա Վարդան Օսկանյանին պայքարողներ են պետք, ծեծեցին-ջարդեցին, բանտարկեցին, հալածեցին, ունեզրկեցին, գնդակահարեցին, ու եթե այն ժամանակ Վարդան Օսկանյանն ու իր նմանները արտահայտվեին, որ չեն հավատում իրավապահ համակարգին, մենք արդեն կունենայինք ուրիշ Հայաստան։

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930