Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խոսնակը՝ իրենց ընդդիմադիր հայտարարելու մասին. «Մենք չենք ուզենա, որ որեւէ մի ձեւակերպում կաշկանդի սեփական կուրսը վարելիս»

Հունիս 14,2012 10:48

Հատված ԲՀԿ ժամանակավոր մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ հարցազրույցից:

ԲՀԿն ի վերջո ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն հանդես կգա՞ հայտարարությամբ, որ ինքն ընդդիմադիր խմբակցություն է լինելու ԱԺում։

– Ձեւակերպման հետ կապված՝ մենք ընդհանուր քննարկում չենք ունեցել։ Բայց մեզ համար առաջնայինը ոչ թե ձեւակերպումն է, այլ իրական ձեւաչափը գործունեության, համոզմունքների համապատասխանության եւ այն ակնկալիքների, որոնք որ մեզանից ունի զանգվածը։ Այն, որ մեզ տարբեր կողմերից փորձում են պարտագրել ինչ-որ ձեւակերպումներ… Մենք անում ենք այն, ինչը որ բխում է մեր համոզմունքներից, մենք անում ենք այն, ինչ մեզանից ակնկալում է մեզ վստահած զանգվածը, ՀՀ բնակիչներն ու քաղաքացիները։ Մենք չենք պատրաստվում քողարկել մեր գործունեությունն այս կամ այն ձեւակերպման տակ՝ ավելացնելով կամ պակասեցնելով մեր գործունեության կշիռը։ Թող մարդիկ գնահատեն եւ դա, եւ ձեւակերպումն ինքը կծնվի անմիջապես դրանից հետո, եւ պարզ կդառնա, թե ԲՀԿ-ն իրականում ինչ է իրենից ներկայացնում։

Կարգավիճակի չհստակեցումը նախեւառաջ ձեր խմբակցության համար է անհասկանալի պայմաններ ստեղծում։ Ի՞նչն է խանգարում ընդամենը մի ձեւակերպում տալ եւ գործել ավելի արտոնյալ կարգավիճակում՝ թե էթիկայի հանձնաժողովի, թե ձայնի իրավունքի եւ թե այլ հարցերում։

– Գիտեք ինչն է խանգարում, մենք չենք ուզենա, որ որեւէ մի ձեւակերպում կաշկանդի սեփական կուրսը վարելիս, որովհետեւ շատ ժամանակ որեւէ ձեւակերպում հետո առաջացնում է տարակարծություններ ու տարբեր հարցադրումներ. «բա որ դուք էսպիսին եք, բա ինչո՞ւ դուք չեք անում սա»։ Ուրեմն եկեք թողեք՝ մենք մեր գործունեությունն իրականացնենք, որը կբխի սեփական համոզմունքներից եւ քաղաքական կուրսը վարելու ցանկությունից, եւ երկրորդ՝ մեր զանգվածի ակնկալիքներից։ ԲՀԿ-ն շատ հստակ աշխատում է զանգվածի հետ եւ հստակ ակնկալում, թե մարդիկ ինչ են իրենից սպասում։ Եթե մարդիկ ակնկալում են ոչ թե ցնցումներ, այլ ռեֆորմներ, ուրեմն մենք իրենց մատուցելու ենք ռեֆորմներ եւ չենք պատրաստվում ինչ-որ ձեւակերպումներով սահմանափակել եւ շրջանակների մեջ վերցնել մեր քայլերը։ Եվ եթե մենք ինչ-որ ձեւակերպումներ անելով պետք է կորցնենք արտոնություններ, գիտեք ինչ կա. մեզ համար, ընդգծում եմ, գերադասելի է զանգվածի ցանկությունը, քան ԱԺ կանոնակարգի ընձեռած արտոնությունները։ …Սա բացարձակապես չի նշանակում, որ ես խուսափում եմ «ընդդիմադիր» բառից…

Ասացիք՝ զանգվածի ցանկությունն է կարեւոր, Ձեր ասած զանգվածը չի՞ ցանկանում, որ ընդդիմադիր լինեք, հարցումստուգատե՞ս եք անցկացրել դրա վերաբերյալ։

– Ամենօրյա մեր գործունեությունը ստուգատես է։ Ամեն օր զանգվածի մեջ լինելով եւ պահելով համագործակցային հարաբերությունները՝ մենք շատ լավ ենք հասկանում, թե ինչ է մեզանից ուզում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930