Այսօր երեկոյան նախատեսվում էր, որ կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի հերթական նիստերը: Դրանց ընթացքում պետք է հստակեցվեր կառավարության նոր կազմը: Մասնավորաբար, ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվեր, թե ովքե՞ր են պաշտոնավարելու ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելուց հետո թափուր մնացած նախարարական պաշտոններում: ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է վաղը, այն տեղի կունենա երեկոյան 20.00-ին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի հրաժարականներից հետո թափուր են մնացել առողջապահության, քաղաքաշինության եւ սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության նախարարների պաշտոնները: Քննարկվում է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարի փոփոխության հարցը: Նախկին կոալիցիոն քվոտայով այն պատկանում էր ՕԵԿ-ին, հնարավոր է, այժմ այդ պորտֆելն անցնի ՀՀԿ-ին: Նախարարի հավանական թեկնածուներից մեկն ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է: Որ նա ղեկավարելու է որեւէ ոլորտ, մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն իսկ հստակ է, իսկ թե հատկապես որը` դեռ պարզ չէ: Նույն աղբյուրի փոխանցմանբ , կարծես, արդեն հստակ է առողջապահության նախարարի անունը. Շրջանառվեցին տարբեր անուններ, սակայն, նախագահի ընտրությունը կարծես հանգել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի վրա:
Դեռեւս «բաց» է մնում ՕԵԿ-ի` նախարարի թեկնածուի եւ նախարարական պորտֆելի հարցը: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին ՕԵԿ-ում, ինչպես հայտնի է, հակված են փոխարինել կուսակցական համամասնական ցուցակից դուրս մնացած Հովհաննես Մարգարյանով, բայց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն, ավելի շուտ ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, արդյոք, հավանության է արժանացրել սույն թեկնածությունը, դեռեւս հայտնի չէ: Դեռ հայտնի չէ նաեւ թե ո՞ր նախարարական պորտֆելն է տրվելու ՕԵԿ-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ