Երբ վճռում ես դառնալ ԱՌԱՋԻՆ, մինչդեռ հնարավոր է վկայից դառնաս մեղադրյալ
«Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական մուտքերի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ վերջերս քաղաքականություն մտած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքական կենսագրության ու ապագայի համար: Դա սպառնում է նրա` քաղաքական դաշտը նույնքան անսպասելի ու արագ լքելով, որքան անսպասելի ու արագ նա մտավ այնտեղ:
Օսկանյանը միշտ քննադատության, բայց ոչ մեղադրանքի թիրախ
Նախկինում Վարդան Օսկանյանը քննադատվել է արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող շատ հարցերի կապակցությամբ, բայց երբեք չի մեղադրվել կամ կասկածվել ֆինանսական մեքենայությունների կամ թալանի մեջ:
Կարդացեք նաև
Նա քննադատվել է Ռ.Քոչարյանի նախագահության շրջանում վարված արտաքին քաղաքականության` «կոմպլիմենտարիզմի» համար, ինչը բավականին հաճախ էր ռիսկեր ստեղծում Հայաստանի ու ԼՂ խնդրի համար:
Նա սուր գնահատականների արժանացավ «Ա1+» հեռուստաընկերության եթերում ԼՂՀ սահմանադրապատկան տարածքները ոչ պատահաբար «օկուպացված» անվանելու համար, որով ի ցույց դրեց Քոչարյանի իշխանության պատրաստակամությունը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը կենսագործելու ու հայկական կողմի հաշվին միակողմանի տարածքային զիջումների գնալու առումով:
Ներկայումս քննադատվող «Մադրիդյան սկզբունքներն ու առաջարկները» ծնունդ են առել հենց Քոչարյանի նախագահության ու Վարդան Օսկանյանի նախարարության օրոք, ինչը նախկին ու ներկա ընդդիմախոսները հաճախ են հիշեցնում նրանց: Անգամ իշխանության ներկայացուցիչներն են դա Քոչարյան-Օսկանյան զույգի «երեսով խփում», երբ վերջիններս քննադատում են Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը:
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից ի վեր թե ժողովրդի, թե վերլուծաբանների շրջանում ժամանակ առ ժամանակ թարմանում է ԼՂ հակամարտության կարգավորման «Մեղրիի տարբերակը» կամ «Գոբլի պլանը», որը տարածքային զիջումների մեջ էր ներքաշում նաեւ Հայաստանին: Մասնավորապես ենթադրվում էր Հայաստան-ԼՂՀ ցամաքային կապի դիմաց տրմադարել Ադրբեջան-Նախիջեւան ցամաքային հաղորդակցություն, ինչպես Վարդան Օսկանյանն էր բնութագրում` ասիմետրիկ կարգավիճակով, բայց որի կենսակոչումը իրականում սպառնում էր փոխել Մեղրի տարածաշրջանի նկատմամբ ՀՀ ինքնիշխանության մակարդակը եւ ձեւը: Շատերն այս տարբերակի ի հայտ գալը համարեցին 1999թ. ներիշխանական հերթական պառակտման հիմնական պատճառներից մեկը, իսկ Ազգային ժողովում տեղի ունեցած քաղաքական սպանությունները` ներիշխանական կոնֆլիկտը լուծելու եւ Քոչարյանին, նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը դիմակայող մյուս ճամբարը (Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան) վերացնելու քայլ:
Վերջապես, Օսկանյանը քննադատվեց նաեւ 2008թ մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն մտցնելու հարցում Ռ.Քոչարյանին օգնելու հարցում, քանի որ միջազգային հանրության առջեւ լեգիտիմացնում էր այդ որոշումը իբրեւ ստեղծված իրավիճակից միակ ելք:
Համաձայնենք, որ այս բոլոր մեղադրանքները եւ քննադատությունները ոչ պակաս լուրջ են եղել, քան ֆինանսական մեքենայությունների մեջ ներգրավվածության մեղադրանքը: Սակայն, որքան էլ այդ բոլոր պատմություններով Ռոբերտ Քոչարյանի թիմում Վարդան Օսկանյանը թիվ երկրորդ դերակատարն է եղել, այդուհանդերձ մեղադրանքների հիմնական սլաքը ուղղվել է դեպի ՀՀ երկրորդ նախագահը: Եւ այդ կերպ Վարդան Օսկանյանը մասամբ մնացել է ստվերում: Իսկ հանրությունը առավելագույնը սպասել է, որ նա կխոսի ու վկայություն կտա այդ ամենի մասին իբրեւ ականատես եւ քաջատեղյակ մարդ, բայց երբեք նրան ուղղակի չի մեղադրել կատարվածի մեջ:
Մինչդեռ «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված զարգացումներում Վարդան Օսկանյանը ենթադրյալ հանցագործության հենց անմիջական կատարող կամ հանցակից է մատնանշվում եւ այլեւս որեւէ մեկի ստվերում մնալու հնարավորությունից զրկված է: Արդեն իսկ ուրվագծվող գործից տեսանելի է, թե որքան հեռահար հաշվարկներ են ընկած դրա հիմքում եւ ինչպես կարող են փոխել իրավիճակը ի վնաս Վարդան Օսկանյանի ու ԲՀԿ-ի: Ու դա` մի այնպիսի շրջանում, երբ ԲՀԿ-ին կարծես թե հաջողվեց անցնցում դուրս գալ իշխանական կոալիցիայից` 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ 2011թ, փետրվարի 17-ին թարմացված կոալիցիոն հուշագրի իր ստորագրությունից հրաժարվելու համար, ինչպես նաեւ` այդ ընտրություններում սեփական թեկնածուն առաջադրելու, եւ միգուցե հենց Վարդան Օսկանյանի հայտով ներկայանալու նպատակով:
Առանց այն էլ Վարդան Օսկանյանին ուղղվող եւ ուղղվելիք քաղաքական մեղադրանքների բեռը թեթեւներից չէր: Իսկ այժմ դրանց գումարվում են նորերը, որոնք նրան սպառնում են ազատազրկումից մինչեւ քաղաքական ոչնչացման հեռանկարներով:
Ազատազրկման հեռանկարի եւ քաղաքական աննիհիլացիայի միջեւ
Հունիսի 12-ին Վարդան Օսկանյանի պատասխանը ՀՀ ԱԱԾ-ի` նույն օրվա հայտարարությանը վկայում է այն մասին, որ նա գիտակցում է իր դեմ հարուցված քրեական գործից բխող բոլոր տեսակի վտանգները: Նա երիցս դիպուկ ցուցանում է, թե որտեղ է թաքնված հիմնական վտանգը, ««փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել»: Եթե նշվածներից առաջինը Վարդան Օսկանյանին սպառնում է քրեական հետեւանքով, ապա վերջինը` քաղաքական հետեւանքով: Եւ իհարկե, ոչ մեկ, առավել եւս` Վարդան Օսկանյանը չէին ցանկանա հայտնվել քրեականից մինչեւ քաղաքական եղանակներով ոչնչացում կանխանշող զարգացումների շթղթայում:
Այս ամբողջում բավականին ուշագրավ են իշխանությունների կիրառած քաղաքական տեխնոլոգիաները: Նախ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրում է ցուցմունք տալու hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) կապակցությամբ մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Արդեն իսկ վերլուծաբանները նկատել են այն ժամանակային կապը, որ առկա է գործի հարուցման եւ կոալիցիա չմտնելու մասին ԲՀԿ հայտարարության օրերի միջեւ (վերջինիս հաջորդ օրը), հատկապես երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայից դուրս բերելու որոշման մեջ մեծագույն դերակատարում ունեցավ հենց Վարդան Օսկանյանը:
Բնական է, որ ԱԱԾ-ը այդ հարցաքննության մասին հաղորդագրություն չէր տարածի (չես էլ կարող մեղադրել), սակայն կարող էր սպասել, որ Վարդան Օսկանյանին ուղղված հարցերը կստիպեն նրան առաջինը հայտարարել հարուցված գործի մասին: Եւ հունիսի 11-ին Վարդան Օսկանյանը ֆեյսբուկյան իր էջում տեղադրեց այս գործով իր առաջին հայտարարությունը, նշելով, որ «հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա», եւ որ «սա իմ քաղաքական պայքարի պատկերացրած ձեւը չէ, սակայն սրան էլ եմ պատրաստ»):
Իր այդ հայտարարության մեջ Օսկանյանը անվանապես հիշատակում է իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի դոնոր կազմակերպություներին ու կառավարություններին, որոնց ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվել. «Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ»:
Դժվար թե Վարդան Օսկանյանը իրեն ուղղված հարցերից չհասկանար, որ խնդիրները կապված են ոչ թե կառավարությունների ու դեսպանատների տրամադրած գրանտային ծրագրերի հետ, այլ` կորպորացիաների ու անհատների փոխանցումների, որոնք չի մանրամասնում իր հայտարարության մեջ: Սակայն իր հունիս 12-յան հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ նա դա չի անի այն պարզ պատճառով, որ անընդունելի է համարում ««փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերի համատեղումը մեկ նախադասության մեջ: Հետեւաբար, նա ինքը իր հայտարարության մեջ չէր խոսի դրանից:
Ինչպես էլ որ արձագանքեր Վարդան Օսկանյանը իր հարցաքննությանն ու հարուցված քրգործին, միանգամայն ձեռնտու էր ԱԱԾ-ին. եթե Վարդան Օսկանյանն ինքը խոսեր Հանթսմանի փողերի հետ իր կապի մասին` շատ լավ: Իսկ եթե նա տարբեր պատճառներով խուսափեր (ինչպես եւ արեց), ապա ԱԱԾ-ն ինքը կխոսեր, ինչը ցույց կտար, որ Վարդան Օսկանյանը խնամքով շրջանցում է այդ դետալը` «թաքնվելով» կառավարությունների, արտաքին գործերի նախարարությունների, զարգացման գործակալությունների, դեսպանությունների հետեւում: Ասել է թե` տպավորություն կստեղծվեր, որ «Վարդան Օսկանյանը թաքցնելու բան ունի եւ դրա պատճառով չի հիշատակում հիմնական հանցավոր դրվագը»:
Եւ ահա ԱԱԾ-ն ինքն է հունիսի 12-ին «բացում փակագծերը». «Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված Պոլիմեր Մատերիալս եւ Հանթսման Ինթերնեյշնլ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով: Բացի այդ, Սիվիլիթաս հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում Պոլիմեր Մատերիալս եւ Հանթսման Ինթերնեյշնլ կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել»:
Միայն այսքանով ԱԱԾ-ը ոչ միայն «ակնհայտ է դարձնում թաքցվող-շրջանցվող դրվագը», այլեւ մեղադրանքների մի ամբողջ տարափ է թափում Վարդան Օսկանյանի գլխին. “Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊ ընկերության 100% բաժնեմասը փաստացի վաճառելը, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելը…”, “առաջացող հարկային պարտավորությունները չկատարելը…”, “ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելը,, չօգտագործելը…”, “այդ գումարը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելը…”, “գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելը….”, “հիմնադրամի կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար խախտելը…”, “բարեգործական նպատակներով հատկացված գումարի վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելը…”:
Հիրավի, աննախանձելի վիճակ հենց նոր քաղաքական դաշտ մտած ու քաղաքական մեծ հավակնություններով գործիչի համար:
Ինչպես եւ բնական էր սպասել, մինչ ԱԱԾ-ը փորձում է համոզել, թե քրեական գործը քաղաքական ենթատեքստ չունի, Վարդան Օսկանյանը նույն օրը հակադարձում է, թե «փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ: Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է: Չեմ ուզում մտնել թվերի եւ այլ մանրամասների մեջ»: Այս վերջին նախադասությունը վկայում է, որ ստրատեգիայի առումով Օսկանյանը շարունակելու է խնդիրը պահել քաղաքական հարթության վրա, չի մտնելու թվերի ու այլ մանրամասների մեջ, ինչը նրա փոխարեն անելու է ԱԱԾ-ը` այդ կերպ անընդհատ ցույց տալով, որ Վարդան Օսկանյանը խուսափում է դրանց մասին ավելի հանգամանալից խոսել, որովհետեւ թաքցնելու բան ունի ու այդ ամենի հետ նրա ուղղակի կապի բացահայտումը ցանկալի չէ…
Այս ամենին Օսկանյանը սոսկ արձագանքում է ընդհանրական ձեւակերպումներով. «Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար» (https://www.lragir.am/armsrc/country66751.html):
Թե որքանով են ճշմարիտ Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները, ժամանակն ու գործի այլ մանրամասները ցույց կտան: Մի բան պարզ է. ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը («հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում) նախատեսում է ազատազրկում 6-12 տարի ժամկետով…
Այս պահին սոսկ անդրադառնանք այն երկու բառերին, որոնք իր անվան կողքը եւ մեկ նախադասության մեջ չի ցանկանում տեսնել Վարդան Օսկանյանը:
Ջոն Հանթսմանը եւ Ռոբերտ Քոչարյանը
Ինչպես արդեն տեղեկացրել են հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, Ջոն Հանթսմանը Հայաստանում բարեգործական ծրագրեր սկսել է իրականացնել 1988թ.-ից: Երկրաշարժին հաջորդած տարիների ընթացքում Հանթսմանների ընտանիքն աղետից տուժածներին ընդհանուր առմամբ հատկացրել է 18 մլն դոլարի մարդասիրական օգնություն: ԱՄՆ-ում գրանցված Պոլիմեր Մատերիալս եւ Հանթսման Ինթերնեյշնլ կորպորացիաները, որոնք պատկանում են Ջոն Հանթսմանին, 1990թ. Հայաստանում հիմնադրեցին Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊ ընկերությունը: Հայկական ԶԼՄ-ներից մեկը` www.1in.am-ը գրում է, թե «Հանթսմանը փորձել է ամեն կերպ ընդունելության արժանանալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի կողմից: Սակայն ապարդյուն: Այդ տարիներին ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նրան Հայաստան չի հրավիրել»: Առաջին նախագահի ու նրա վարչապետի կողմից Հանթսմանին չհրավիրելու ու ընդունելության չարժանացնելու պատճառ է նշվում այն, որ վերջինս «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» կամ որ նույնն է` Մորմոնների համաշխարհային եկեղեցու առաջնորդն է: Դա նաեւ հիշատակվում է իբրեւ պատճառ այն բանի, որ Հանթսմանին Հայաստանում բարեգործության շրջանակներից անդին այլ բան չի թույլատրվել :
Մինչդեռ մեկ այլ լրատվամիջոց` «Հրապարակը» հիշեցրել է, թե «Մորմոններին Հայաստանում հարազատաբար են ընդունել թե 90-ականներին` Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի օրոք, էլ ավելի հարազատ են եղել Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիներին: Հանթսմանը գրեթե ամեն տարի եկել է Հայաստան, պաչ-պռոշտի արել Քոչարյանի հետ, նույնիսկ ստացել ՀՀ հատուկ կեցության անձնագիր, «իրականացրել» ծրագրեր»:
Մամուլում տեղ գտած երկու տեղեկությունների այս հակասության պարզաբանում էական է հասկանալու համար, թե ժամանակային առումով որքան հեռու են գնում Սերժ Սարգսյանի վարչախմբի սանձազերծած այս քրեական գործի շոշափուկները. Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ի բարձր հովանավորչությունն ավարտվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանո՞վ, թե այն շարունակվում է մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահություն, ով մոտ անցյալում քաղաքագիտական վերլուծությամբ բացահայտեց ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը, որը առավել քան տեսանելի դարձավ խորհրդարանական ընտրություններին Միասնական շտաբի շրջանակներում, ինչպես նաեւ` կոլաիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու քայլը ՀԱԿ-ի կողմից ողջունելու տեսքով: Մեղադրանքի սլաքի «երկարությունից» կախված կլինի նաեւ այն, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանը իր պաշտպանության տակ կառնի ԲՀԿ քաղաքական դեմքը ահնդիսացող Վարդան Օսկանյանին, թե՞ կնախընտրի իրեն պաշտպանելու նպատակով չզորակցել Օսկանյանին ու դրա դիմաց սլաքը չհասցնել նաեւ դեպի իրեն…
Ինչեւիցէ, մի բան ակնհայտ է. Ջոն Հանթսմանի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ամենաբեղուն շրջանը եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը: Թեպետ Հանթսմանը Հայաստան այցելել է երկու տասնյակից ավել անգամներ, այդուհանդերձ ՀՀ նախագահի կողմից ընդունելության արժանացել է միայն 2006թ. օգոստոսի 24-ին, որի կապակցությամբ անգամ մամլո հաղորդագրություն է տարածվել ու տեղադրվել ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում. «2006 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ամերիկացի հայտնի գործարար, բարերար, «Հանթսման» կորպորացիայի նախագահ Ջոն Հանթսմանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ: Ջոն Հանթսմանն այս անգամ Հայաստան էր ժամանել կրթության և առողջապահության ոլորտներին վերաբերող լուրջ գործնական ծրագրերով: Ողջունելով գործարարի մտահաղացումները՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է. «Այն, ինչ անում է Ջոն Հանթսմանը, անում է սիրով, նվիրումով ու հավատով»: Ամերիկացի գործարարը մտադրություն ունի Հայստանում հիմնել ուռուցքաբանական կենտրոն: Այս գաղափարը գնահատելով որպես բավականին հետաքրքիր ու հեռանկարային, հանրապետության նախագահը ասել է, որ պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել դրա իրականացմանը: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տարիների ընթացքում գործարարի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի և նրա մտադրությունները կյանքի կկոչվեն: Իսկ տարիների ընթացքում Ջոն Հանթսմանն իսկապես քիչ բան չի արել մեր երկրում: Հատկապես նշանակալի է աղետի գոտու վերականգման գործում նրա ներդրումը: Եթե այսօր Գյումրի քաղաքում Հանթսմանի անունով փողոց ու դպրոց կա, դա ոչ միայն և ոչ այնքան երախտիքի նշան է, որքան իրողություն, որ ամբողջ թաղամասն ու դպրոցը կառուցվել են հենց ամերիկացի հայտնի գործարարի ու բարերարի միջոցներով: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն ու Ջոն Հանթսմանը խոսել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին, տնտեսության գերակա ուղղություններին ու զարգացման հեռանկարներին»:
Սակայն մինչ Քոչարյան-Հանթսման հանդիպումը, նրանց կապի մասին մեկ այլ ուշագրավ դետալ է ներկայացրել www.1in.am-ը. «2005թ. Միացյալ հայկական հիմնադրամի հերթական տարեկան ճաշկերույթին մասնակցելու համար Լոս Անջելեսում գտնվելիս Ռոբերտ Քոչարյանը Ջոն Հանթսմանի հրավերով մեկնում է մորմոնական Յուտա նահանգ եւ մի քանի օր հյուրընկալվում նրա ընտանիքին: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ նախագահին ուղեկցող պաշտոնական այրերից եւ ոչ մեկը Քոչարյանի հետ Յուտա չի մեկնում: 2005թ. «Առաջին լրատվական»-ի ԱՄՆ-ում մեր թղթակիցն անձամբ է լսել այդ տարիներին Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի զայրույթն այս մասին, որ ՀՀ նախագահի մասնավոր այցը մորմոն եկեղեցու առաջնորդներից մեկի տուն անարգանք է Հայ եկեղեցուն եւ հայ ինքնության»:
Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Վարդան Օսկանյանը խուսափում իր անունը մի մարդու անվան կողքին տեսնելուց, ով մորմոնների համաշխարհային եկեղեցու ղեկավարն է. եւ այդ կապը նախագահական ընտրությունների նախաշեմին կարող է լրջորեն շահարկվել իր դեմ, հատկապես` երբ ինքը եղել է Ռոբերտ Քոչարյանի վստահելի զինակիցը, ով չէր կարող ՀՀ նախագահին թեկուզ խորհուրդ տված չլիներ օտարերկրյա այս կամ այն գործարարին հանդիպելու նպատակահարմարության, նրա կողմից Հայաստանում մեծածավալ ներդրումներ կատարելուն բարձր մակարդակով աջակցելու վերաբերյալ: Վերջապես հենց այդ շրջանում է Քոչարյանի կողմից Հանթսմանը արժանացել Մեսրոպ Մաշտոցի անվան պետական շքանշանի` Հայաստանում իր ծավալած հումանիտար գործունեության համար, ինչը կրկին մեծ աղմուկ է առաջցրել ժամանակին: Նրան նաեւ շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում:
Կեղտոտ փողերի լվացո՞ւմ, թե՞ պարզապես փողերի լվացում
ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը («հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում), որի մեջ մեղադրվում են Վարդան Օսկանյանն ու «Սիվիլիթաս» հիմնադրամը, սույն հանցանքը նկարագրում է հետեւյալ կերպ. «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)` և նախատեսված արարքը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ»:
Հոդվածն ինքնին կարծես թե ոչ միայն փողերի լվացման մասին է, այլեւ կեղտոտ` հանցավոր եղանակով ստացված փողերի լվացման: Արդյո՞ք այս կերպ իշխանությունները ակնարկում են, որ ոչ միայն Վարդան Օսկանյանին ու «Սիվիլիթասին» կատարված փոխանցումն է անօրինակա՞ն, թե՞ նաեւ կասկածելի են ժամանակին Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ի գործունեության ինչ-ինչ դրվագներ եւս, կամ ընկերության բաժնետոմսերի պարբերական վաճառքները` մերթ կառավարությունից ԱՄՆ քաղաքացուն, ապա` ԱՄՆ քաղաքացուց ՀՀ քաղաքացու: Հստակ չունենալով այս հարցերի պատասխանը, այդուհանդերձ, արժե անդրադառնալ կազմակերպության գործառնությանը Հայաստանում:
Հայաստանում Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ը հիմնադրվել է 1990թ. իբրեւ ԱՄՆ-ում գործող Հանթսման կորպորացիայի եւ Հանթսման Քեմիքըլ կորպորացիայի դուստր ձեռնարկություն` ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրեր, մասնավորապես` խոշորամասշտաբ պանելների եւ շինանյութի արտադրություն կազմակերպելու նպատակով: Կազմակերպությունը հիմնականում արտադրել է ապրանքային բետոն, բետոնե կղմինդրեր եւ ծածկի պանելներ: Սկզբնական շրջանում ՀՀ կառավարությունը բաժնեմաս է ունեցել այդ ընկերությունում, սակայն, կարծես թե որոշ ժամանակ անց Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս կորպորացիան ձեռք է բերել նաեւ կառավարությանը պատկանող բաժնեմասը: Թե ե՞րբ է դա տեղի ունեցալ, այս պահին ճշգրիտ տեղեկատվությունը բացակայում է:
Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ դեսպանատների զեկուցագրերից մեկը, որը կազմել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը 2005թ. մարտի 29-ին եւ կրում է «ԱՄՆ ընկերությունները Հայաստանում», ամփոփման մեջ նշում է. «Սույնը Հայաստանում գործառնող` ամբողջությամբ կամ մասնակիորեն ԱՄՆ-ին պատկանող ընկերությունների ցանկն է ըստ ոլորտների: Ցանկը ամբողջական չէ եւ ներառում է միայն այն ընկերություններին, որոնք հայտնի են ԱՄն դեսպանությանը»: Ամբողջությամբ կամ մասնակիորեն ԱՄՆ-ին պատկանող ընկերությունների ցանկում առաջին սեկտորում (շինարարական ծառայություններ եւ նյութեր) երկրորդը հիշատակվում է Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ը` իր տնօրենով, հիմնական կոնտակտային տվյալներով: Հատկանշական է, որ հրապարկված զեկուցագրի մասին ասվում է, որ այն բնօրինակից քաղվածք է, իսկ ամբողջական բնօրինակը մատչելի չէ: Ասել է թե` բացի հրապարակված ցանկից, դեսպանատան աշխատակցի եւ դեսպանի գրառումները բացակայում են :
Թե ինչ նպատակով է կազմվել այդ ցանկը, ինչ վերլուծություն, առաջարկություններ կամ եզրակացություններ են ներկայացվել դեսպանատան կողմից, հնարավոր չէ ասել: Խորհրդավոր ենթադրություններ չանելով զեկուցագրի մնացած հատվածների բացակայությունից, պարզապես էական է նշել, որ այն գրված է հենց այն տարում, երբ ԱՄՆ-ում գտնվող Ռոբերտ Քոչարյանը Յուտա նահանգում առանց պաշտոնատար այլ անձանձ ուղեկցության հյուրընկալվում է Ջոն Հանթսմանի ընտանիքում: Ըստ որում նույն ցանկից դժվար է պարզել, թե արդյո՞ք այդ պահին Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ի բաժնեմասերը ամբողջովին պատկանում էին ԱՄՆ-ին, թե նոր պետք է պատկանեին` ՀՀ կառավարությունից համապատասխան բաժնեմասը գնելու արդյունքում….
Համացանցում եւս մեկ տեղակատվություն է առկա այն մասին, որ Investment Law Group ընկերությունն է տարիներ շարունակ իրվաբանական խորհրդատվություն իրականացրել Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ին: Բացի այն, որ տարիների ընթացքում այս ընկերության իրականացրած գործունեության ցանկում նշված են ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով ամերիկյան Հանթսման կորպորացիայի հայաստանյան դուստր կազմակերպությունը հիմնադրելու վերաբերյալ խորհրդատվությունը, կամ խորհրդատվությունը երկրաշարժից տուժած ՀՀ շրջաններում 400 բնակելի տների շինարարության` «Հանթսման գյուղական ծրագրի» իրականացման շրջանակներում (այդ թվում շինարարական ու դիզայներական աշխատանքների մատակարաման վերաբերյալ բոլոր պայմանագրերի մշակումն ու դրանց վերաբերյալ իրավական կարծիքներ հայտնելը), հիշատակված է նաեւ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ին ցուցաբերված խորհրդատվությունը` ընկերությունում ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը ձեռքբերելու կապակցությամբ:
Այդպիսով, ինչ-որ մի պահից սկսած Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ը ձեռք է բերում ընկերության բաժենտոմսերի 100 տոկոսը (թե երբ, ի՞նչ հիմնավորումներով ու ի՞նչ գնով է ՀՀ կառավարությունը վաճառում բաժնետոմսերը, գոնե ինձ պարզ չէ) եւ այդ կերպ Հայաստանում գործունեություն է ծավալում մինչեւ 2009թ:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել այդ գործունեության մասշտաբները եւ ընկերության համար ստեղծված հնարավորությունները Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Երեւանից մինչեւ աղետի գոտի, երբ շինարարական բում էր, որի արդյունքում ընկերության արտադրանքի մեծ պահանջարկ կար, ինչպես նաեւ` մի ժամանակաշրջան ՀՀ կառավարությունն ինքը բաժնեմաս ուներ այդ ընկերությունում, եւ վերջապես, ինչպես բազմիցս գրվել կամ ակնարկվել է անգամ միջազգային կազմակերպությունների կողմից` շինարարության ոլորտում կեղտոտ փողերի լվացման մեծ հնարավորություններ ու ռիսկեր էին առկա….
Իսկ 2009թ. Հայաստանում դադարում է գործել նաեւ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ընկերությունը եւ 2010-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համապատասխան թույտվությամբ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվում են գործարար Սամվել Բեգլարյանին պատկանող «Շեն կոնցեռն» ընկերությանը : ՏՄՊՊՀ-ը արձանագրում է, որ ««Հանթսման» ընկերության և Անձանց խմբի համակենտրոնացումը չի հանգեցնում գերիշխող դիրքի»:
Այսպիսով, առանց վերոնշյալ հարցերի հստակ պատասխաններն իմանալու, դժվար է ասել, թե ինչ է ակնարկում «Սիվիլիթաս» հիմնադրամի ու նրա հիմնադրի գլխին դամոկլյան սրի նման ԱԱԾ-ի կախած ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը. Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումա՞րն է «լվացման» ենթարկվել «Սիվիլիթաս» հիմնադրամով, թե՞ այդ ընկերության գործունեության ու բաժենտոմսերի վերավաճառումների միջոցով լվացվել են կեղտոտ փողեր:
Գիտակցելով այս հեռահար ակնարկների ողջ դիապազոնը, Վարդան Օսկանյանը հակադարձում է. «Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար» :
Միգուցե անգամ այս իրավիճակում ու շրջանակներում Վարդան Օսկանյանի ինքնապաշտպանության հարցը հնարավորինս տեսանելի լիներ, եթե չլիներ մեկ տհաճ հարց նրա համար: Այդուհանդերձ, ինչո՞վ է պայմանավորված այն սերը, որ տածում է ամերիկյան հայտնի Հանթսման կորպորացիան ՀՀ նախկին արտգործնախարարի ու նրա հիմնադրամի նկատմամբ, որ կորպորացիայի հայաստանյան դուստր ընկերությունը, որի գործունեությունը դադարեցվել է 2009թ., վաճառվում է, իսկ 100 % բաժնեմասի փաստացի վաճառքից ստացված շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարը նվիրատվությամբ փոխանցվում է Վարդան Օսկանյանին ու «Սիվիլիթասին»:
Միայն այսքանով Վարդան Օսկանյանը չի կարողանալու իր անունը առանձնացնել Ջոն Հանթսմանից, եթե անգամ կարողանա այն առանձնացնել «փողերի լվացումից»: «Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»,- հունիսի 12-ին բավականին բազմիմաստ հայտարարել է Վարդան Օսկանյանը, ինչից պարզ չի դառնում, թե ում կատարած բարի գործը մանրադրամի դարձնելու մասին է ակնարկում նա` Հանթսմանի՞, թե՞ իր…
Իսկ հունիսի 13-ին ԱԱԾ-ը Վարդան Օսկանյանին կրկին հրավիրել էր հարցաքննության: Վարդան Օսկանյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմնին` իր ֆեյսբուքայն էջում թողնելով չներկայանալու բացատրությունը. «Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ» :
Թե ո՞ւր կտանի այս գործընթացը Վարդան Օսկանյանին, եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում Սերժ Սարգսյանի իշխանություն այս գործով, կանդրադառնամ հաջոդ հրապարակման մեջ:
Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ