Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ազատամարտիկներ.«Վերջ տվեք հանցավոր անտարբերությանն ու քաղաքական ինտրիգներին»

Հունիս 13,2012 23:30

Հայտարարություն

Վերջին տարիների քրեա-օլիգարխիկ վարչախմբի վարած ազգադավ քաղաքականության հետևանքով մեր երկիրը հայտնվել է պատերազմի շեմին, տարածաշրջանում դառնալով գերտերությունների սպասարկող գործիք:

Սրընթաց թանկացումները, գործազրկությունը, ծայրահեղ աղքատությունը, երկրի ընդերքի անխնա թալանը, աղետալի չափերի հասնող արտագաղթը, ահավոր ձևով քայքայում են մեր երկիրը, գերշահույթ բերելով  ռեժիմին: Այս ամենը  իր բացասական հետևանքն է թողնում ինչպես Արցախի հիմնահարցի կարգավորման խնդրի, այնպես էլ Հայաստանի գոյատևման և զարգացման վրա: Ազատամարտիկների այրամբ, հայ ժողովրդի զրկանքների գնով ստեղծված, Արցախը ազատագրած, տարածաշրջանում երբեմնի մարտունակ բանակ ունեցող, հաղթանակած երկիրը` այսօր հանցագործ իշխանությունների և կոռումպացված գեներալների շնորհիվ հայտնվել է թույլի և պարտվողի կարգավիճակում: Բանակը իր բուն նպատակին ծառայելու փոխարեն ռեժիմը այն օգտագործում է սեփական ժողովրդին ճնշելու համար, սպասարկելով սեփական շահերը:

Անհայտ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները ուժասպառ են լինում բախվելով իշխանությունների դռները, պահանջելով մահվան դեպքերի արդար բացահայտում, որին ռեժիմը պատասխանում է ստանդարտ արտահայտություններով ` «Ինքնասպանություն» կամ «Դիպուկահարի կրակոց»` խնամքով  թաքցնելով իրականությունը: Վերջին մեկ ամսվա ադրբեջանական հարձակումները Հայաստանի և Արցախի սահմանների վրա վկայում են այն մասին, որ թշնամին զգացել է մեր երկրի թուլությունը և հետախուզական մարտերի միջոցով շոշափում է Արցախի և Հայաստանի սահմանները, որի հետևանքով զոհվում է հայ զինվորն ու գյուղացին: Ավազակապետությունը օգտվելով ժողովրդի անտարբերությունից, ընտրակաշառքներով ու համակարգված ընտրակեղծիքներով բռնազավթելով իշխանությունը, կազմակերպված ձևով բարոյալքում են ժողովրդին ու բանակը: Արդյունքում վտանգված է ՀՀ անվտանգությունը:

Ելնելով վերը նշվածից դիմում ենք հասարակությանը, քաղաքական և հասարակական  գործիչներին, մտավորականությանը:

Հանուն  Հայաստանի  հանրապետության, հանուն հայ զինվորի ու Արցախի` վերջ տվեք հանցավոր անտարբերությանն  ու քաղաքական ինտրիգներին, որոնք կործանում են մեր երկիրը: Միայն ակտիվ պայքարի միջոցով կկարողանանք ազատվել ռեժիմից ու սաստել թշնամուն:

Սա մեր երկիրն է, հանցագործ իշխանությանը չէ: Մենք  և մեր երեխաներն են ապրելու մեր երկրում, միայն սրտացավ ու համախմբված պայքարի միջոցով, առանց օլիգարխների, հանցավոր իշխանությունների ու կոռումպացված գեներալների կկարողանանք վերակենդանացնել ու  զարգացնել մեր երկիրը: Այլապես շարունակելով հանցավոր անտարբերությունն ու հանդուժողականությունը, մենք կդատապարտվենք կործանման, ինչի համար պատմությունը մեզ չի ների:

Գյումրիի մի խումբ ազատամարտիկների անունից`

Գևորգ Ալիխանյան

Մնացական Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930