Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում ամփոփվել են մարզի գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասի չափերը:
Ըստ գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի` հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս կրեց: Մարզում ընդհանուր հաշվարկով վնասվել է 500 հա հացահատիկ, 170 հա կարտոֆիլ: Կարկուտից գրեթե ոչնչացել են նաեւ 28 հեկտար բանջարբոստանային տարբեր մշակաբույսեր եւ 108 հեկտար բազմամյա խոտաբույսեր:
«Առավոտի» հետ զրույցում Վանիկ Հովհաննիսյանը նշեց, որ հաշվարկներն ու ճշտումները նախնական են: Կարկուտից մեծապես տուժել է Գավառ քաղաքը, Կարմիրգյուղը, Գանձակը, Սարուխանը, Արծվաքարը, Փամբակը, Ծովազարդը եւ այլ համայնքներ: Վնասված բուսականությունը հիմնականում անվերականգնելի է:
Ըստ ԱԻՆ վարչության Գեղարքունիքի գրասենյակի տվյալների` մեծապես կարկտահարվել են նաեւ պտղատու այգիները: Կարմիրգյուղում սելավներից վնասվել են նաեւ տնտեսությունները. ջրալցվել է գյուղի N2 միջն դպրոցը եւ 50 բնակարան: Լճափ գյուղում գյուղատնտեսության անկմանը զուգահեռ սատկել են մանր եղջերավոր 10 եւ խոշոր եղջերավոր 2 անասուն:
Մարզի տարեց գյուղատնտեսները նշում են, որ իրենց կյանքի ընթացքում չեն տեսել, որ Գեղարքունիքի մարզի որեւէ շրջանում հավկիթի մեծության կարկուտ գա: Նրանք կասկած են հայտնում, որ կարկուտը Հայաստանի տարածքում տեղադրված կարկտացիրների հետեւանքն է: Ենթադրում են, որ կարկտաբեր ամպերը ցրվում են ու տարածվում հանրապետության մյուս տարածքներում:
Այս տեսակետի մասին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Վանիկ Հարությունյանն ասաց, որ այդպիսի բան լինել չի կարող` «կարկտաբեր ամպերն ու կարկտացիրները մեր մարզից հսկայական հեռավորության վրա են»:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ