Շարունակվում է Կարմիրգյուղի մանկապարտեզի հիմնանորոգումը: Մանկապարտեզի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Ջժմաչյանը, գյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով 2012-ին տեղական միջոցներից ներդրվում է 17 միլիոն 887 հազար 300 դրամ:
«Կլոր սեղան» հասարակական կազմակերպության եւ համայնքի համատեղ ուժերով վերանորոգվել էր շենքը: Ծրագրի շրջանակներում «Կլոր սեղան» ՀԿ-ն ներդրել էր 6 միլիոն դրամ, նույնչափ ներդրում էր կատարել նաեւ համայնքապետարանը:
Ամբողջությամբ փոխվել է տանիքը: Վերանորոգվել են շենքի մի օգտագործվող հատվածի առաջին եւ երկրորդ հարկերը: Վերանորոգվել է նաեւ սանհանգույցն ու խոհանոցը, փոխվել են պատուհաններն ու դռները:
Կարդացեք նաև
Նախատեսվում է նաեւ մի նոր ծրագիր իրականացնել, որի արդյունքում կներդրվի 12 միլիոն դրամ եւ կլուծվի ջեռուցման համակարգի անցկացման խնդիրը:
Հավելենք, որ Կարմիրգյուղի մանկապարտեզը սեզոնային է, ուր այժմ գործում է երկու խումբ: Մանկապարտեզի տնօրինության կողմից ենթադրվում է, որ կբացվի նաեւ երրորդ խումբը, որի ստեղծման համար մի շարք նախադրյալներ արդեն կան:
Այստեղ հաճախում են 60-70 փոքրիկներ: Ջեռուցման խնդիրը լուծվելու դեպքում մանկապարտեզը կարող է գործել շուրջտարի: Հաջորդ տարում նախատեսվում է ցանկապատել մանկապարտեզն ու կառուցել խաղահրապարակ:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ