Նախորդ օրը Սեւանի տարածաշրջանի Զովաբեր գյուղում տեղացած երկարատեւ կարկուտը մանր եղջերավոր անասունների անկման պատճառ է դարձել: Զովաբերցիների բնորոշմամբ` կարկուտի հատիկների մեծությունը չի գերազանցել ընկույզի չափերին, սակայն այն տեղացել է ուժգին ու երկարատեւ:
Ինչպես «Առավոտին» հայտնեց Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, կես ժամ տեւած կարկուտը ջարդել է Զովաբերի հանդամասերում արածող ոչխարի հոտը: Կարկուտի հարվածներից սատկել է 17 ոչխար: Ոչխարները պատկանում են զովաբերցի 16 տնտեսությունների:
Ըստ համայնքապետի`կատարվածի մասին տեղում ակտ է կազմվել: Վնասն ուսումնասիրվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից: Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է վնասի չափերը:
«Առավոտի» այն հարցին, թե փոխհատուցում կամ ինչ-որ պետական աջակցություն կլինի տուժած տնտեսություններին, գյուղապետը պատասխանեց, որ դեռեւս ոչինչ պարզ չէ:
Կարդացեք նաև
Անի ՊՈՂՈՍՅԱՆ