Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, խոսելով կոալիցիոն կառավարության մշակած ծրագրի մասին, որն Ազգային ժողով է ներկայացվելու ամենաուշը հունիսի 20-ին, մի քանի ուշագրավ նորություններ հաղորդեց:
Ծրագիրը, որը կազմված է ՕԵԿ-ի, Հանրապետական կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի դրույթների հիման վրա, նախատեսում է շարունակել ավանդների փոխհատուցումը: «Դուք գիտեք, որ սա մեր բնակչությանը ամենաշատ հուզող հարցերից մեկն է, եւ ՕԵԿ-ի առանցքային ծրագրային դրույթներից մեկն է: Մարդիկ մտավախություն ունեին, որ ավանդների փոխհատուցումը այլևս չի շարունակվի: Ասեմ, որ այն շարունակվելու է, եւ եթե սկզբում հատկացվեց սոցիալապես անապահով ավադատուներին, ինչպես գիտեք նրանք պարտադիր պիտի գրանցված լինեին ընտանեկան նպաստառուների ցանկում, 70-ից ավելի տարիք ունենային, ապա այժմ ծրագիրը շարունակվելու է ըստ տարիքային առաջնահերթության: Անկախ այն հանգամանքից` ավանդատուն սոցիալապես ապահովված է, թե անապահով, նրան փոխհատուցելու են իր ավանդը` հաշվի առնելով ավանդատուի տարիքը: Ես կարծում եմ, որ սա և սոցիալական և ամենակարևորը բարոյականության առումով անչափ կարևոր է»,-ասաց ՕԵԿ փոխնախագահը:
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ կոալիցիոն կառավարության ծրագրի, պետությունը պետք է դառնա սոցիալապես անապահով մարդկանց անհետաձգելի հիվանդությունների բուժման երաշխավորը, օրինակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ավելացել է սրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը, ՕԵԿ-ն առաջարկել է սրտի վիրահատությունը դարձնել անվճար: Հովհաննես Մարգարյանի ներկայացմամբ, փոքր ու միջին բեզնեսմենների համար մշակել են պարզեցված հարկերի վճարման կարգ, նմանապես ակտիվ պայքար է ծավալվելու մենաշնորհային տնտեսության դեմ: «Դուք տեսաք, որ դեղագործական ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լուրջ խախտումներ արձանագրեց, եթե ակտիվ պայքարենք մենաշնորհների դեմ, ապա հնարավոր է մրցակցային արդար պայմաններ ստեղծել: Պետք է նաև կրճատել պետության այն գործառույթները, որոնք խոչընդոտում են ազատ շուկա ներթափանցելուն», -կարծում է Հովհաննես Մարգարյանը:
Ըստ մեր զրուցակցի, նախանշվում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև ավելացնել կենսաթոշակը, խթանել ծննդաբերության աճը. ծնվող երեխաների թվին համընթաց ավելացնել հատկացվող միանվագ գումարի չափը: Ըստ Հովհաննես Մարգարյանի, եթե պետությունը 3-րդ երեխայի ծնվելու դեպքում հատկացնում է 430 հազար դրամ, ապա այդ գումարը նույնպես ենթակա է ավելացման:
Կարդացեք նաև
Կոալիցիոն ծրագիրը լուրջ փոփոխություններ է նախատեսում նաև կրթական ոլորտում : Ուշագրավ դրույթներից մեկն այն է , որ նպատակադրված են բուհում այս կամ այն մասնագիտությունը ստանալու համար ուսման վարձավճարի վերին շեմ սահմանել: «Մենք բազմիցս ենք խոսել ուսանողական վարձերի մասին` նշելով, որ տարբեր բուհերում տարբեր վարձավճարներ են սահմանվում: Չնայած նրան, որ բուհերն ազատ են վարձավճար սահմանելու հարցում, բայց հիմա կսահմանվի վերին շեմ, որից ավելի ոչ մի բուհ իրավունք չի ունենա վարձավճար սահմանելու: Օրինակներով խոսեմ. պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար ուսանողը տարեկան 1 միլիոն դրամ կամ որ նույնն է` 2500 դոլար է վճարում, մյուս տեղերում ավելի էժան է, այժմ, ասենք, վարձավճարի վերին շեմ կսահմանվի որեւէ X դրամը, որը կհաշվարկի հիմք ընդունելով երկրի սոցիալական վիճակն ու միջին աշխատավարձի չափը: Սա շատ կարևոր է, փաստորեն տվյալ մասնագիտության համար սահմանվում է մաքսիմում արժեք` անկախ նրանից, թե բուհը պետակա՞ն է, թե՞ մասնավոր: Ասեմ, որ հանրակացարանային ցանցը ևս բարելավվելու է, դուք գիտեք, որ մարզերից Երևանում սովորող ուսանողերից շատերը տուն են վարձում, իսկ դա թանկ է նստում ընտանեկան զամբյուղի վրա, հիմա պետությունը աջակցելու է այդ հարցի լուծմանը»,- ասում է պարոն Մարգարյանը:
Ըստ նրա, պետությունը դառնալու է նաև միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու երաշխավորը, այսինքն` այն աշակերտները, ովքեր ցանկություն չունեն ավագ դպրոց հաճախելու, պետությունը օգնելու է անվճար միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալուն: Նմանապես այն զինծառայողները, որոնք, ավարտելով ծառայությունը, ցանկություն ունեն բարձրագույն կրթություն ստանալ, պետությունն ամեն ինչ անելու է այն մատչելի դարձնելու համար: Հովհաննես Մարգարյանը ծրագրի առանցքային դրույթներից մեկը համարում է այն, որ բոլոր 1-ին դասարանցիներին պարտադիր կարգով համակարգիչներ են տրամադրելու:
ՕԵԿ փոխնախագահի ասելով` շարունակվելու է երիտատասարդ ընտանքիներին հիպոթեքային վարկերի հատկացումը, նախատեսված է ստեղծել 100 հազարից ավելի աշխատատեղեր, երեք անգամ ավելացնելու են ջերմոցների տարածքները, որպեսզի կարողանան նպաստել գյուղատնտեսական ապրանքների գների նվազմանը: Ըստ ՕԵԿ փոխնախագահի, քայլեր են իրականացվելու երկրի համաչափ զարգացման համար, նախատեսված է որոշ գերատեսչություններ տեղափոխել մարզեր : Իսկ թե որքանո՞վ են իրագործելի այս խոստումները, մեր զրուցակիցը կարծում է, որ ծրագիրը հավակնոտ է, բայց` իրատեսական: Մոտ օրերս ՕԵԿ-ը դարձյալ առաջարկներ է ներկայացնելու, որից հետո ծրագիրն ուղարկվելու է Ազգային ժողով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ