Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանի հասցեն գաղտնի՞ք է

Հունիս 13,2012 19:29

Փաստաբան Վահե Գրիգորյանը (կանգնած) եւ Արթուր Սաքունցը` այս հայցով նախնական դատական նիստի ժամանակ` փետրվարին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանի նախագահությամբ շարունակվեց «Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության` պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ հայցով դատաքննությունը:

Դատավոր Ա.Սուքոյանը մինչ նիստը կսկսեր, զարմացավ, որ նախնական դատական նիստերին ավելի շատ լրատվամիջոցներ էին մասնակցում, իսկ այսօր՝ դատաքնության փուլում  բացի Aravot.am-ից, որեւէ այլ լրատվամիջոց չէր մասնակցում:

Հայցվոր կազմակերպությունը ներկայացնում էին փաստաբան Վահե Գրիգորյանն ու կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, իսկ պատասխանողին՝ փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հայցվոր կողմը պահանջեց, որպեսզի պատասխանող Վ.Գասպարյանը հրապարակավ ներողություն խնդրի «Հրապարակ» թերթի /2011թ.հոկտեմբերի 17-ի/ եւ հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում հայցվորի գործարար համբավին հասցրած զրպարտչական արտահայտւթյունների համար եւ հատուցի  10 ՀՀ դրամ:

Վիրավորական արտահայտությունների մասով հայցվորը հրաժարվել էր իր պահանջից եւ միայն անդրադարձավ զրպարտչական արտահայտություներին, որոնք թվարկեց. «20 տարեկան պոչիկով լակոտներին, որ բերել են հելսինկյան կազմակերպությունները ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանի», «…Ու հաստատ իմացեք վաղը,եթե հանկարծ ինչ- որ բան լինի, ոչ միայն նրանց խոր թիկունքում չենք գտնելու, այլեւ Հայաստանի հանրապետության ողջ տարածքում այդ երեւույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս-այս տեղեկություները կապված զինծառայողների հետ: …Սիրելիներս, ձեր պատվիրատուները է՞լ ինչ հանձնարարություն են ձեզ տվել իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջը հրապարակեք, եւ հետո ամենախայտաբղետ  հիմնդրամներից գնալ հերթ կանգնել»: 

Հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը գտնում էր, որ «գործարար համբավ» ասելով նկատի ունի «պրոֆեսիոնալ համբավը», եւ բերեց մի քանի օրինակներ, համաձայն որի «գործարար համբավն» են պաշտպանել ոչ միայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները, այլ՝ մասնավորապես, քաղաքացի Պարույր Հայրիկյանը` «Հրապարակ» թերթի դեմ հայցով, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը ՝ Գեւորգ Մելքոնյանի եւ այլոց դեմ հայցով: «Գործարար համբավի դեմ ոտնձգություններից պաշտպանության հնարավորությունից զրկվելու կամ սահմանափակելու, նեղացվելու դեպքում կզրկվեն ՀՀ հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները»,- ասաց Վ.Գրիգորյանը:

Հայցվոր կողմը Արա Զոհրաբյանի հարցին, թե արդյոք, «հելսինկյաններին» հոգնակի եղանակով հղում անելը նշանակել է, թե խոսքը հենց հայցվորին է վերաբերում, Արթուր Սաքունցը նախ տեղեկացրեց, որ  պատասխանողը News.am-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ կոնկրետ նկատի է ունեցել հայցվորին եւ կազմակերպությանը. «Պատասխանողը միտումնավոր կասկածի տակ է դնում կազմակերպության կողմից իրականացվող իրավապաշտպանական գործունեությունը: Պատասխանողը իրեն է նկատի ունեցել, քանի որ հելսինկյան կազմակերպություններից իրենք միակն են, որ այդ ժամանակ դատի էին տվել Պաշտպանության նախարարությանը, ակցիաներ էին կազմակերպել բանակում սպանված զինվորների հետ կապված, պահանջել էին տեղեկություններ»:

Ա.Սաքունցը պնդեց, որ պատասխոնողը ուղղակիորերեն զրպարտել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Հայցվորին Արա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչո՞ւ է դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարան մինչ այս դատարան դիմելը, այն դեպքում, երբ հայցվորը ճշտել էր, որ Վովա Գասպարյանը բնակվում է Դավթաշենում, հետեւաբար, այդ տարածքի դատարան պիտի դիմեին: Արաբկիրի դատարանն, ի դեպ, վերադարձրել է այդ հայցը, նշելով, որ Դավթաշենն իր տարածքում չէր: Պատասխանողի նրկայացուցիչ  Արա Զոհրաբյանին հետաքրքրում էր.«Ինչո՞ւ թերությունը չեք շտկել եւ չեք դիմել Աջափնյակ եւ Դավթաշեն դատարան: Եռօրյա ժամկետում»:

Արթուր Սաքունցը հայտնեց, որ պատասխանողի հասցեն չգիտեին, դիմել են Ոստիկանւթյան անձագրերի եւ վիզաների վարչություն՝ խնդրելով իրենց կազմակերպությանը տրամադրել ոստիկանապետի հասցեն: Պատասխանել էին՝ գաղտնիք է: Դրանից հետո դիմել են ըստ աշխատանքի վայրի:

Արա Զոհրաբյանը չհասցրեց իր առարկությունները ներկայացնել, քանի որ աշխատանքի ավարտին մնացել էր 10 րոպե: Դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց հունիսի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930