Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լուսինե Սուքոյանը վերջին շրջանում անկանոն է ներկայացել աշխատանքի, կամ գործի ներկայանալով` շուտ է հեռացել: Քաղաքապետարանում առկա աշխատանքի ներկայացողների գրանցամատյանում նրա անուն-ազգանվան դիմաց ստորագրությունների տեղում դատարկ տեղեր են եղել: Լ. Սուքոյանը այդ գրանցամատյանը իրեն տրամադրելու խնդրանքով դիմել է քաղաքապետի քարտուղարուհուն, սակայն մերժում է ստացել: Լուսինեն հետո ինչ-որ կերպ կարողացել է գրանցամատյանը վերցնել եւ իր անվան դիմաց ստորագրել: Սակայն նրա ինքնագլուխ արարքը բացահայտվել է, քաղաքապետարանի շուրջ մեկ տասնյակ աշխատողներ քաղաքապետ Վարդան Ղալումյանին զեկուցագրեր են գրել` հայտնելով աշխատանքից Լուսինե Սուքոյանի անհարգելի բացակայությունների մասին: Լ. Սուքոյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Լ. Սուքոյանը Իջեւանի ավագանու նախկին անդամ Գարիկ Սուքոյանի դուստրն է: Գարիկ Սուքոյանն էլ չէր ներկայանում ավագանու նիստերին եւ անհարգելի բացակայությունների պատճառով ավագանու անդամի նրա լիազորությունները դադարեցվեցին: Նշենք, որ նախկինում Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մեկ այլ գլխավոր մասնագետ` Աստղիկ Եգանյանն ինքնագլուխ կերպով փոփոխություններ էր կատարել համայնքի գույքահարկի բազայում: Նա ներկայումս քաղաքապետարանում չի աշխատում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ