Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամո Հովհաննիսյան. «Մինչ օրս ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի արդյունք էլ չի տվել»

Հունիս 13,2012 18:02

Թեեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հանրության շրջանում պատերազմի վերսկսման հավանականության տեղիք են տալիս, այնուամենայնիվ, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ)  Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի գնահատմամբ, դրանք ընդամենը էպիզոդիկ երեւույթներ են:

«Առավոտի» հետ հարցազրույցում ղարաբաղյան ազատամարտի մասնակիցը վերհիշում  է 2004 թվականը, երբ Տավուշի մարզի սահմանային գոտում հակառակորդը կրկին ակտիվացել էր:

«2004 թվականին Էլի Տավուշի մարզի  սահմանների հետ խնդիր կար, տղերքից 40 հոգի կարողացան մի քանի օրով մասնակցել, եւ խնդիրը նորմալ լուծվեց»,-ասում է նա:

Հովհաննիսյանը ադրբեջանցիների ակտիվության պատճառը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցի հետ է կապում` նշելով, որ այդկերպ հակառակորդը ցանկանում է հայտնել, որ եթե խաղաղ ճանապարհով չկարողանա «իր տարածքները» վերադարձնել, ապա այնքան հզոր է, որ այդ հարցը ռազմական ճանապարհով կլուծի:

Նրա համոզմամբ, մինչ օրս ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի արդյունք էլ չի տվել, վերջին դեպքերն էլ դրա վառ ապացույցն են:

«Միջազգային ոչ մի ուժ դեռ ոչ մի հարց չի լուծել: Այսօր  պատերազմը չի ավարտվել,  ընդամենը զինադադար է,  մեր զինվորներն էլ, նրանցն էլ խրամատներում են: Ցանկացած պահի ամեն ինչ հնարավոր է»,-բացատրում է Կամո Հովհաննիսյանը:

Պատերազմի վերսկսման հավանականությունը, թեեւ  Կամո Հովհաննիսյանը այս փուլում մեծ չի համարում, այնուամենայնիվ, նշում է, որ Լոռու մարզի ԵԿՄ-ի անդամները մեկ մարդու պես պատրաստ են առաջին գծում պայքարելու:

«Մեր բանակը ի վիճակի է լուծելու ցանկացած խնդիր: Այն  տղաները, ովքեր մի անգամ մարտադաշտ գնացել են, հիմա էլ կկանգնեն, կկռվեն, դա մեր սուրբ գործն է, մենք չունենք մեր բռնած ճանապարհից հետ կանգնելու տարբերակ»:

Սակայն, նրա կարծիքով, ի տարբերություն 1990-ական թվականների, նոր ժամանակներում պատերազմի պահանջներն ու ելքերը փոխվել են:

«Այն ժամանակ ավելի շատ զինվորի անձի խնդիր էր, քաջության, հիմա` տեխնիկայի:  Ճիշտ է, եթե պատերազմ լինի,  չի լինելու 92-94 թթ. պատերազմի նման, ավելի շատ տեխնիկայի, մտքի պատերազմ է  լինելու, ստրատեգիական լուծումներ են տրվելու պատերազմի ժամանակ: Երբ տեխնիկան իր գործն արած լինի, զինվորը կմտնի տարածք»,-ասում է Հովհաննիսյանը` վերհիշելով ԱՄՆ-ի եւ Իրաքի հակամարտությունը:

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930