Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հաշվետվություն ներկայացրեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների վիճակի մասին: Վերջինիս վկայությամբ` աշնանացան ցորենը լավ չի աճել, եւ սակավ բերք է լինելու: Ռ. Մելիքջանյանը, որպես մխիթարանք ասաց, որ սալորի եւ խաղողի լավ բերք է սպասվում: Դեբեդի տարածաշրջանի Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հարց բարձրացրեց, որպեսզի Այրումի պահածոների գործարանն այս տարի դեղձի մթերում կազմակերպի: Ռաֆիկ Օհանյանի խոսքերով` գործարանն անցյալ տարի շատ քիչ քանակի դեղձ է ընդունել: Տավուշի մարզպետը գյուղվարչության պետին հանձնարարեց զբաղվել այդ հարցով:
Նշենք, որ Այրումի պահածոների գործարանի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ