Ի՞նչ արժեն համակարգիչներն այսօր և ի՞նչ գնային տարբերություն կա այլ երկրների համեմատությամբ:
Այս հարցերի պատասխանը «Ա1+»-ի լրագրողը փորձեց ստանալ համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն այցելելով:
Տնօրենը, ով խնդրեց չհրապարակել ընկերության անունը, նշեց, որ Հայաստանում համակարգչային շուկայում մոնոպոլիա չկա, ներմուծողները շատ են։
Սակայն մենաշնորհի բացակայությունը դեռևս չի նշանակում, որ Հայաստանում համակարգիչներն էժան են: Դրսի շուկայի համեմատությամբ համակարգիչն այստեղ 80-100% ավելի թանկ է: Առաջին պատճառը տրանսպորտային ծախսերն են. քանի որ Հայաստանը չունի ծով, այդ պատճառով ծախսերը 15% ավելանում են:
Կարդացեք նաև
Սակայն, ըստ մեր զրուցակցի, ավելի և արդեն անիմաստ է թանկացնում ապրանքը մաքսազերծման գործընթացը: Մաքսազերծումը կատարվում է գնահատման սկզբունքով, այսինքն՝ նախապես չհավատալով ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրին՝ մաքսային վարչությունն ինքն է գնահատում ապրանքը:
Ի դեպ, միշտ ապրանքն ավելի թանկ է գնահատվում, քան այն գնել են արտադրողից: Եվ արդեն այս ավել գնահատված ապրանքին ավելանում է ավելացված արժեքի հարկը (20%):
Բացի այդ՝ համակարգչային տեխնիկան շատ արագ է փոխվում և հետևաբար արագ է արժեզրկվում, իսկ տեսչությունը ապրանքների կոդերը շատ ուշ-ուշ է վերանայում, և երբեմն ներկրողը ուղղակի նախընտրում է չներմուծել, քան կրկնակի բարձր գնահատվի իր ապրանքը: «Հնարավոր չէ օրական 6000 ապրանք գնահատել, աչքաչափով գնահատում են, քո ներկայացրած գնին ավելացնելով մոտ 10-20%»,- ասաց ընկերության տնօրենը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ