«Հենարան» մամուլի ակումբում այսօր Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր երկու լավ լուրով:
«Տարիներ առաջ, երբ ստեղծվեց Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիան, ես իմ առջեւ նպատակ դրեցի` հասնել այն բանին, որպեսզի Հայաստանում բնակվող հայ մարզիկը կարողանա պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար եւ ունենա գոտու վարկանիշ: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ, չնայած՝ դեռ հսկայական գործ էլ կա անելու: Հայաստանի ընդհանուր մարտերի բոլոր մարզիկներին հնարավորություն ընձեռելով` այսօր հասել ենք այդ ցուցանիշին եւ աշխարհի չեմպիոններ ունենք: Ավելին՝ ընդհանուր մարտերի միջազգային բոլոր կազմակերպությունները վարկանիշային ցուցակում 70 կգ քաշային կարգում առաջին համարը տալիս են հայաստանցի Դավիթ Խաչատրյանին: Նա անցկացրած իր բոլոր մարտերում համոզիչ հաղթանակներ է տարել աշխարհի տարբեր ծայրերը ներկայացրած մրցակիցների, այդ թվում ադրբեջանցի մրցակցի նկատմամբ` մարտի վերջնամասում խեղդող հնարք իրականացնելով:
Կարդացեք նաև
Եվ արդեն այժմ Դավիթը, որը նույնպես աշխարհի չեմպիոն է, օգոստոսին արդեն աշխարհի վարկածի չեմպիոնական գոտու համար Դոնի Ռոստովում մենամարտելու է ֆրանսիացի թխամորթ մարզիկ Մամուր Ֆոլի հետ: Այդ մենամարտն անցկացվելու է մարտեր՝ առանց կանոնների մրցաձեւի կանոններով եւ շատ մեծ հույս ունենք, որ մեր մարզիկը տուն կվերադառնա հաղթանակած», – ասաց Հայկ Ղուկասյանը:
Երկրորդ ուրախալի լուրն այն էր, որ հունիսի 17-ին Երեւանում` «Գիզա» ակումբում, կայանալու է պրոֆեսիոնալ միջազգային մրցաշար: Ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ, իրենք Հայաստանից այդ մրցաշարին մասնակցելու 270 հայտ են ստացել, որոնցից ընտրել են 30 լավագույններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ