Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտի սեփական մեկնաբանությամբ հանդես եկավ մրցույթի հաղթողը:
«Առավոտը» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հարցազրույց ունեցավ ժյուրիի անդամ, ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոյի հետ, ով երկրորդ անգամ է հրավիրվում մասնակցելու ժյուրիի աշխատանքներին: Նա ասաց, որ լինելով Արամ Իլյիչի ընտանիքի մտերիմ բարեկամներից մեկը, համակարծիք է կոմպոզիտոր, մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի հնչեցրած այն մտքին, թե հաջորդ տարի Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ Երեւանում պետք է անցկացնել ոչ թե մրցույթ, այլ փառատոն. «Դա հնարավորություն կտա Հայաստանում հյուրընկալել ոչ միայն այս մրցույթի նախկին դափնեկիրներին, այլեւ անվանի արվեստագետների՝ բոլոր ոլորտներից: Արամ Իլյիչը իր մարդկային որակներով եզակի անձնավորություն էր ու դեռ ապրում են մարդիկ, ովքեր իրենց շփումներով համոզվել են դրանում: Վստահ եմ, որ հաջորդ տարի Երեւանում անցկացվող խաչատրյանական փառատոնին, իհարկե, եթե Սմբատյանի առաջարկն ընդունվի, կմիանան նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ն, մի խոսքով՝ երկրներ, որտեղ այսօր էլ հնչում է հայ կոմպոզիտորի երաժշտությունը ու հայտնի թատրոնների խաղացանկում է նրա անկրկնելի «Սպարտակ» բալետը»:
Հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ