Այսօր ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հետեւյալ վիճակագրությունը. «Հունիսի 1-ին ավարտվել է դիմում- հայտերի ընդունման առաջին փուլը, որի արդյունքում Երեւանի պետական համալսարանում դիմում է ներկայացրել 5330 դիմորդ՝ 333 անվճար եւ 2612 վճարովի տեղերի համար, 59 մասնագիտությունների գծով»: Ըստ Գալստյանի՝ այս տարի եւս դիմում- հայտերը առավել մրցութային են հումանիտար մասնագիտությունների թեւում:
Նրա ներկայացմամբ՝ հունիսի 25-ից հուլիսի 2-ը կընդունվեն դիմում- հայտերի
2-րդ փուլը՝ բանակից զորացրվածների, արտասահմանյան քաղաքացիների, մեր հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք արտասահմանյան ուսումնական հաստատությունները կավարտեն, ինչպես նաեւ այն դիմորդների համար, ովքեր այս տարի կավարտեն արհեստագործական ուսումնարանները եւ քոլեջները: Իսկ քննությունները կլինեն հուլիսի 3-8-ը ընկած ժամանակահատվածում:
Գալստյանը խոսելով քննությունների հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակներից՝ նշեց .«Ընդունող հանձնաժողովում փորձը ցույց է տվել, որ մասնագիտության առումով կողմնորոշված դիմորդների մոտ, որոնց թիվը տարերցտարի ավելանում է՝ սթրեսային վիճակներ ավելի քիչ է նկատվում: Քննությունների շտեմարանային եղանակը նույնպես նպաստում է սթրեսային իրավիճակների նվազեցմանը: Սթրեսային իրավիճակներն ու լարվածությունն ամենից շատ նկատվում է սոցիալապես անապահով ընտանիքների դիմորդների մոտ՝ ուսման վարձերի բարձր լինելու պատճառով, նաեւ տղա դիմորդների՝ կապված այն բանի հետ, որ, օրինակ, նրանցից մի մասի 18 տարին լրանում է մինչեւ հունիսի 30-ը, իսկ անվճար համակարգով չնդունվելու պարագայում նրանք կմեկնեն բանակ՝ ծառայության»,-հավելեց Վաչագան Գալստյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ