Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը՝ Օսկանյանի մասին. «Նա պաշտպանված է մանդատով, ամենաանպաշտպանը ես եմ»

Հունիս 13,2012 16:03

PanArmenian Photo

«Պարզ է, որ Վարդան Օսկանյանը ի տարբերություն ինձ, պաշտպանված է մանդատով, ես շատ ավելի ծանր վիճակում եմ, քանի որ չունեմ պատգամավորական անձեռնմխելիություն: Ինչու եք զարմանում, որ Վարդան Օսկանյանի վրա ճնշումներ են գործադրվում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսպես մեկնաբանեց Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված վերջին զարգացումները:

Ըստ նրա, չնայած ինքն էլ էր ընտրվել ԱԺ պատգամավոր, բայց անկուսակցական լինելով՝ այնքան անպաշտպան էր, որ հանեցին ցուցակից, երբ նա արդեն ընտրվել էր, հետն էլ 3 գործ հարուցեցին, իսկ դա արդեն ցուցանիշ է:. «Իմ դեմ 3 գործ են հարուցել, Օսկանյանի՝ ընդամենը մեկ: Հաշվի առնելով, որ նա պատգամավոր է, նա առայժմ որպես վկա է ներգրավված: Կարող եմ մենակ մի բան ասել՝ ամենաանպաշտպանը այս երկրում անկուսակցականներն են: Իմ սեփականության նկատմամբ կատարեցին ոտնձգություններ, արգելափակեցին իմ մուտքը գրասենյակ, պրովոկացիաներ կազմակերպեցին: Այդ նույն մարդիկ, որոնք այդ հանցագործությունները կատարել են, դիմել են դատարան՝ երկու գործով՝ պահանջում են 4 մլն դրամ, իսկ մի գործ էլ՝ քրեական, իբր թե ես հարվածել եմ ինչ-որ կանանց, իբր թե ես կոտրել եմ այդ Սենիկ Ջուլհակյանի ձեռքը: Իմ մեքենան կողոպտվեց, քրեական գործը հարուցվել է, մինչեւ հիմա մեղավորներին չեն գտել: Իմ դեմ 3 գործ են հարուցել, ինչի՞ մասին է խոսքը»:

Մեր հարցին՝ կարելի՞ է ասել, որ արդեն ճնշումները ԲՀԿ-ի նկատմամբ սկսվում են՝ Հմայակ Հովհաննիսյանը կոնկրետ ԲՀԿ-ի մասով համաձայն չէր. «Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ի նկատմա՞մբ են սկսում, բայց որ այն մարդիկ, ովքեր համարձակություն ունեն քննադատելու ռեժիմը, անկախ նրանից, թե նրանք որ կուսակցության են պատկանում՝ ճնշում են: Կոնկրետ ես անկուսակցական եմ, որեւէ կուսակցության, որեւէ քաղաքական թիմում չկամ: Իմ մեղքն ընդամենը այն էր, որ ես համարձակություն ունեցա քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալ, դրա համար հիմա փորձ է արվում ռեպրեսիաների ենթարկել՝ ուղղակի 37 թվականի ոճով: Իմ պապը 37-ին զոհվել է այդ նույն կեղծ մատնությունների հիման վրա: Նույն մատնությունների մեխանիզմը 21-րդ դարում գործի են դնում, որեւէ բանով չապացուցվող կեղծ մատնություն: Գիտեք ինչ, եթե մարդուն փող են տալիս ու ասում են քո ձայնը վաճառի, եւ նա վաճառում է, փողով փաստաթուղթ է կեղծում, ապա ի՞նչն է խանգարում մարդուն փողով խրախուսել, որպեսզի կեղծ վկայություն տա: Այն նույն մարդկանց, որոնց տանում են ընտրատեղամասեր, գումարի դիմաց քվեարկել են տալիս, այդ նույն մարդիկ էլ կեղծ վկայություն են տվել, իմ դեմ քրեական գործ են հարուցել: Ուզում են կողոպտել, թալանել Քաղաքագետների միությունը»:

Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, այսօրինակ ճնշումներից հետո Վարդան Օսկանյանը կլռի՞, ավելի զգուշավո՞ր կլինի քննադատելիս՝ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի կարող ենթադրություն անել: Միայն կարող է ասել, որ ինքն առավել անպաշտպան է, քան Օսկանյանը. «Ես որպես քաղաքագետ ձեզ ասում եմ համաշխարհային տվյալներով՝ բոլոր երկրներում կուսակցականների թիվը ազգաբնակչության կազմում 3 տոկոս է: Որ կրակում են 100 հազար, 150 հազար, բացարձակ սուտ է, մեր երկրում կա ոչ ավելի, քան 30 հազար կուսակցական, մնացածը անկուսակցական են ու ավելի անպաշտպան: Նույնիսկ պատգամավորության թեկնածուի, այսինքն՝ իմ նկատմամբ, երբ թեկնածու էի, ոտնձգություններ էին կատարում՝ ընտրարշավի ընթացքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930