Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գեներալներն ու ԱԺ պատգամավորները թելադրում են խաղի կանոնները` մնացած 1,5 միլիոնը տառապում է»

Հունիս 13,2012 15:57

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հաշվարկել է ու պարզել, որ մայրաքաղաքի բոլոր երթուղագծերը միասին վերցրած օրական մոտ $25 հազար թաքնված եկամուտ են ստանում, որը գնում է գծատերերի գրպանը: Այսօր սպառողների պաշտպանը «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել` խոսելու տրանսպորտի ոլորտում առկա կոռուպցիայի եւ հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի մասին: Նկարագրելով փնթի, կեղտոտ, գերբեռնված ու սահմանված քանակից մի քանի նստելատեղ ավել եռակցած միկրոավտոբուսների վիճակը, պարոն Պողոսյանն ասաց. «Այսօր այդ գծերի տերեր հանդիսացող մի քանի գեներալներ ու ԱԺ պատգամավորներ թելադրում են խաղի կանոնները` մնացած 1,5 միլիոնը տառապում է»:

Ըստ նրա, տրանսպորտային բիզնեսը ամենանպաստավորն է ստվերային շրջանառության համար, որից գծատեր-մեծահարուստները կայուն գերշահույթներ են ստանում: Այն դեպքում, երբ գծատերը օրենքով ամեն ամիս ընդամենը 30 հազար դրամ հարկ է վճարում: Պարոն Պողոսյանի համար ասուլիսի կոնկրետ առիթ էր հանդիսացել օրերս թիվ 5 միկրոավտոբուսի երթուղագծում տեղի ունեցած՝ վարորդին սպանելու միջադեպը, ինչը սպառողների պաշտպանի կարծիքով, վարորդների աշխատանքի ընթացքում գերլարված ու նյարդային վիճակի արդյունք է:   «Վարորդները, ուղեւորները, տնտեսվարող սուբյեկտները մշտապես իրար հետ կոնֆլիկտի մեջ են: Վարորդները չունեն ֆիքսված աշխատավարձ, օրական 20-25 հազար դրամ գծի պլան են տալիս: Երթուղայինների տերերի թիկնապահները ծեծում են տրոլեյբուսի վարորդներին, որպեսզի ժամը 7-ից հետո չհամարձակվեն գիծ դուրս գալ եւ այդպես շարունակ»:

Արմեն Պողոսյանի խոսքերով, այսօր օրակարգային հարց է նաեւ հասարակական տրանսպորտի մասին օրենքի բացակայությունը. «Այդ հարցերը կարգավորվում են

ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով, որը չի բավարարում»:

Նրա ներկայացմամբ, վերջերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ հասարակական տրանսպորտի երթուղու մրցույթներին հետեւելու համար կարող են մասնակցել նաեւ հ/կ-ներ: Այս առնչությամբ, Aravot.am-ի հարցին, թե նախադեպեր կան, որ տնտեսվարողները «գիծը» շահելու համար մրցույթին իդեալական պայմաններով` DVD-ով, տաքացնող-հովացնող համակարգով ու մաքուր, փափուկ նստելատեղերով միկրոավտոբուսներ են ցուցադրում, իսկ հետո`գիծը շահագործում անմխիթար ու մարդկանց համար վտանգավոր ավտոմեքենաներով, ո՞վ պետք է հետեւի այդ ամենին, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Տրանսպորտի տեսչությունը»:

Այսօր Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած տրանսպորտի զարգացման հայեցակարգով 115 միկրոավտոբուսի երթուղագծերից պետք է մնա 76-ը: Սակայն, պարոն Պողոսյանի խոսքերով, այդ բարեփոխումը շա~տ դանդաղ է ընթանում. «Որ այս տեմպերով շարունակվի, Քրիստոսի երկրորդ գալստյանը նոր կունենաք 19 %: Իսկ այսօր 90 %-ից ընդամենը իջել է 70 %-ի»:

Ասուլիսին ներկա «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանն էլ, որը մի խումբ երիտասարդների հետ պայքարելու է հասարակական տրանսպորտին առնչվող անօրինականությունների դեմ, ասաց, որ միկրոավտոբուսները չեն հետեւում սահմանված ժամանակացույցին, այդ պատճառով էլ կանգառներում կուտակումներ են առաջանում, իսկ միկրոավտոբուսներն էլ երթեւեկում են գերբեռնված:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930