Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցողները կզբաղվեն էքստեմալ սպորտով

Հունիս 13,2012 15:47

Սահմաններ չկան, կան միայն արգելքներ. Հաշմանդամություն ունեցողների համար հենց այդ արգելքները վերացնելու նպատակ են դրել «Արմենիան Էքստրիմ» ակումբը եւ «Հայ Էքստրիմ» հ/կ-ն` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:

«Սա նախագիծ է` մշակված հատուկ հաշմանդամների համար, ովքեր կամքի ուժի հետ կապված խնդիրներ չունեն: Նրանց ֆիզիկական խնդիրները կյանքը լիարժեք վայելելուն խանգարելու պատճառ չպետք է դառնան: Իսկ կյանքը լիարժեք վայելելու լավագույն միջոցներից մեկն էլ սպորտն է, հատկապես` էքստրեմալ սպորտը: Եվ այս պատճառով մենք որոշեցինք այդ հնարավորությունն ընձեռել բոլորին», – «Արմատ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Արմենիան Էքստրիմ» ակումբի նախաձեռնության նախագահ Գոռ Հովհաննիսյանը:

Նախագիծը բազմաթիվ մարզական միջոցառումների անցկացման ծրագրեր ունի, որոնցից մեկն էլ Հայաստանում նրանց համար մատչելի բոլոր լեռնագագաթները, այդ թվում՝ նաեւ Արագածի հարավային, բարձրանալն է: Գոռ Հովհաննիսյանի խոսքերով, առաջին երթուղիները լինելու են դեպի համեմատաբար հեշտ բարձունքներ, իսկ մինչ այդ, խմբերի հետ դեռ նախապատրաստական մեծ աշխատանք կա կատարելու, սկսած տեսական գիտելիքներից, վերջացրած ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությամբ:

«Հայ Էքստրիմ» հ/կ բժշկական ջոկատի հրամանատար, ռազմական բժիշկ Գեւորգ Շահսուվարյանը նշեց, որ այս ուղղվածության աշխատանքներն ըստ էության սկիզբ են առել 2002 թվականից, երբ Հայաստանում «Փյունիկ» հաշմանդամների ակումբի եւ Ֆրանսիայից ժամանած հաշմանդամ մարզիկների միջեւ հինգ մարզաձեւից մրցումներ կազմակերպվեցին եւ ֆրանսիական կողմի փորձի յուրացումն անգնահատելի դեր խաղաց: «Մեր ջոկատն ապահովված է լավագույն մասնագետներով եւ սարքավորումներով, ընդհուպ, մինչեւ շարժական լաբորատորիան: Ավելին, ԱԻՆ-ի հետ համագործակցության շնորհիվ անգամ անհրաժեշտության դեպքում ուղղաթիռով հաշմանդամ մարզիկներին տեղափոխելու հնարավորություն ունենք, թեեւ դրա կարիքը, փառք Աստծո, չի զգացվել: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հաշմանդամների հետ էքստրիմում աշխատելիս. ինքներս ենք նրանցից շատ բան սովորում: Նրանց առօրյա կյանքն ինքնին էքստրիմ է, թեկուզ մայրաքաղաքի փողոցներում տեղաշարժվելը: Իսկ մեր հավաքներում արդեն իրենք են մեզ հուշում, թե ինչը ինչպես պետք է անել: Մենք նրանցից ավելի շատ բան ենք սովորում», – ասաց Գեւորգ Շահսուվարյանը:

Բանախոսները տեղեկացրին, որ օգոստոսին բոլոր էքստրեմալ ակումբների, այդ թվում նաեւ հաշմանդամների, տասնօրյա փառատոն է լինելու Սեւանում: Դրա  շրջանակներում  հաշմանդամ երեխաների ակումբի անդամները, որոնք հիմնականում տեսողական խնդիրներ ունեն, կմրցեն առագաստանավային սպորտից: «Եթե ներկա լինեք, զարմանքով կտեսնեք, թե ինչպես են նրանք հատուկ լսողական սարքերի օգնությամբ վարում առագաստանավերը, երբեմն` ավելի լավ, քան առագաստանավային ակումբի առողջ տղաները: Այնտեղ են լինելու նաեւ մեր լեռնամագլցողները, որոնց վերելքին հետեւելը նույնպես անչափ հետաքրքիր է: Տարվա ընթացքում միջոցառումներ ունենք նաեւ մեր հաշմանդամ ջրասուզակների համար», – այդ միջոցառումները լուսաբանել հորդորեց Գ. Շահսուվարյանը:

«Սահմաններ չկան, կան միայն արգելքներ» ծրագրի մասնակից Արեւիկ Մելքոնյանը պատմեց, թե ինչպես է հայտնվել այդ ծրագրում եւ թե ինչպես է մասնագետների աջակցությամբ կարողացել հաղթահարել հոգեբանական արգելքները եւ առաջին անգամ սար բարձրացել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930