Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ պատմամշակութային հուշարձանները դառնում են «օբյեկտներ»

Հունիս 13,2012 15:44

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն այսօր ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված զեկույցը: Այստեղ կազմակերպությունը ներառել է նաև պետական կառույցներին ուղղված նամակագրական այն շարքը: Գնահատելով չինովնիկների վերաբերմունքը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նկատեց. «Չինովնիկների պատասխանները պարզապես ծիծաղելի են և անընդունելի»: Ընդհանրացնելով, Ս. Բաղդասարյանը նշում է. «Սայլը տեղից չի շարժվում, այսօր էլ վտանգի տակ է Աֆրիկյանների տունը»:

Զեկույցում նշված է, որ մեր երկրում հուշարձանների պահպանության առումով գործում են բազում որոշումներ, սակայն դրանք այդպես էլ չեն գործում և շատ հաճախ խախտվում են: Ըստ ՀՀ-ում գործող օրենսդրության՝ մշակութային հուշարձանը ենթակա է տեղափոխման բնակլիմայական պայմանների վատթարացման, հուշարձանների բնական կամ արհեստական գործոններից ավերվելու, կամ հուշարձանի՝ պատմամշակութային արժեքը կորցնելու դեպքում: Այն էլ լիազորված մարմնի համապատասխան եզրակացության դեպքում: Սակայն մի շարք շինությունների դեպքում այս սկզբունքը չի պահպանվել: Ըստ Ս. Բաղդասարյանի՝ սա քաղաքապետարանի կողմից հատուկ ծրագրված քայլ է:

Նա նաև հավելեց. «Խախտումների արդյունքում ավելի քան չորս տարի Երևանը չի ունեցել պատմամշակութային հուշարձանների ցանկ և պահպանման գոտիներ, ինչը հնարավորություն է տվել կենտրոնի բարեկարգման և պետական կարիքների անվան տակ անարգել վնասել մի շարք հուշարձաններ: Եվ ինչպես նշում է հուշարձանների պահպանության գործակալության մասնագետը, այս բոլոր պատմամշակութային հուշարձանները դարձել են օբյեկտներ: Այդպիսիք են Պուշկինի թիվ 28 շենքը, որը Ֆոտինովի տունն էր , Պուշկինի 11-ը՝ Աֆրիկյանների տունը և այլն»:

Պարոն Բաղդասարյանը նաև բերեց մի շարք այլ շենքերի օրինակներ՝ Պուշկինի փողոցի «պաժառնի դեպոյի» շենքը, Պուշկինի թիվ 2-ը, Աբովյան 10, 12 շենքերը,Արամի 9 շենքը, որը մեծահարուստ Քալանթարյանի շենքն է: Ա. Բաղդասարյանը մանրամասնում է. «Այս շենքում ապրել և մահացել է անկախ Հայաստանի հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Փողոցը հենց իր անունով է կոչված: Սակայն շենքը բերել են այն վիճակի, իբր այն փլվում է, որ վաղը մյուս օրը ասեն, թե բերեք փրկենք, ոնց որ Փակ շուկան են անում»:

Պարոն Բաղդասարյանը նշեց, որ Դատախազությունը հայտնաբերել է 29 հուշարձանների քանդման փաստը, ուստի պետք է քրեական գործ հարուցեր: Սակայն, ըստ Ս. Բաղդասարյանի՝ դատախազությունը տեղեկանքի մակարդակից առաջ չի գնացել:

Անդրադառնալով հավատալու և փոխվելու գաղափարներին, որը հաճախ է շեշտվում ՀՀԿ-ի կողմից՝ պարոն Բաղդասարյանը նշեց. «Փոխվելու ենք մենք, ոչ թե իրենք: Գուցե մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը գային ու բացատրեին, որ հին շենքերը սիրուն չեն և պետք է քանդե°լ, չգիտեմ»:

Տեղեկացնենք, որ վաղը 18.30-ին Աֆրիկյանների տան մոտից կկայանա երթ՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների տան պահպանության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930