Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանի անտառներում տարածված վնասատուներն արդեն տներ էլ են մտնում

Հունիս 13,2012 15:04

Կապանի տարածաշրջանի անտառներում մեծ տարածում գտած տերեւակեր ոսկետուտ վնասատուների կողմից անտառներին հասցրած զգալի վնասներն արդեն անզեն աչքով նկատելի են: Անտառներում տարածված վնասատուները ոչ միայն այգիներ են մտնում, այլ նաեւ բնակիչների անհատական տներ ու ամառանոցներ:

«էս մի 10-15 օրվա մեջ արդեն մի 20 հատ էդ վնասատուներից սպանած կլինենք տան տարբեր սենյակներում, նույնիսկ երեխու ննջարանում ենք գտել: Սկզբից չէինք ջոկում, թէ դա ինչ կլինի, զզվելի որդանման բան է, սենյակի վարագույրներին եւ տան մուտքի մոտ ենք անընդհատ հանդիպում, փոքր երեխա էլ կա տանը, չգա մի վնաս տա իրեն»,- ասում է Կապանի ծայրամասային թաղամասերից մեկի առանձնատանը ապրող բնակչուհին:

Իսկ անտառածածկ տարածքներում ծառերն առանց տերեւների են մնացել եւ անտառի ֆոնի վրա գունափոխված են երեւում, ինչն անզեն աչքով նկատելի է նույնիսկ բավականին հեռավորության վրա: Բացի այդ, տարածաշրջանի տարբեր բնակավայրերի բնակչությունն արդեն մեկ ամիս է՝ ահազանգում է, որ ոսկետուտը նաեւ իրենց այգիներն են փչացնում, պտղատու ծառերի տերեւները ուտում: Վնասատուների տարածվածության խնդրին անդրադաձել էինք «Առավոտի» նախորդ  համարներից մեկում , որտեղ նշվել էր, որ ահազանգերի հիման վրա պատասխանատու կառույցների մասնագետների կողմից Կապանի անտառներում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել եւ որոշվել է ոսկետուտից անտառները պաշտպանելու ու դրանց տարածումը կանխելու նպատակով` ուղղաթիռով իրականացնել զանգվածային սրսկումներ:

«Հայանտառ» ՊՈԱԿ- Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանը «Առավոտին» փոխանցեց, որ այսօրվանից սկսած` հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում 3500 հա տարածքում կիրականացվեն մասսայական սրսկումներ, բայց միայն` անտառածածկ տարածքներում, իսկ անտառամերձ այգիներում եւ վնասատուներից տուժած մյուս տարածքներում չեն իրականացվի: «Ուղղաթիռով վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ կիրականացվեն Սյունիքի, Նորաշենիկի, Ուժանիսի, Դավիթ-Բեկի եւ Առաջաձորի անտառպետությունների տարածքներում, որտեղ մեծ տարածում են գտել վնասատուները: Մենք իրականացվելիք միջոցառման մասին համապատասխան գրություններով նախապես տեղյակ ենք պահել այն համայնքների ղեկավարներին, որոնց տարածքներում պետք է կատարվեն օդային սրսկումներ», -հավելում է Վ. Միրզոյանը:

Կապանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին են բնակչություններից ահազանգեր ստանում` թրթուրների աննախադեպ ակտիվացմամբ պայմանավորված Կապանի տարածաշրջանի անտառների համատարած չորացման մասին եւ մեղադրում մասսայական սրսկումներն ուշացնելու մեջ: «Քաղաքացիները մտահոգված են թե’ անտառների բնական ճանապարհով ոչնչացման առնչությամբ, թե’ մեղվապահության հեռանկարով: Ժամ առ ժամ, թրթուրները ավելի ու ավելի են ակտիվանում, անտառները` չորանում, մի՞թե կարելի է նման մակերեսային ձևով խնդրին մոտենալ: Մեր անտառը մեր տարածաշրջանի խորհրդանիշն է:
Խնդիրը կայանում է նրանում, որ թրթուրները համատարած են անտառներում, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը իրավասու է պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացնել միայն կառույցի վերահսկողության տակ եղած տարածքներում, իսկ ո՞վ է պատասխան տալու մյուս տարածքների համար եւ ինչքանո՞վ արդյունավետ կլինեն մասնակի պրոֆիլակտիկ աշխատանքները:
Կառույցի անգործությունից կարելի է ենթադրել, որ կառույցը իր գործունեության շեշտը դրել է միայն տուգանքներ կիրառելուն, այլ ոչ` անտառների պահպանությանը:
Հ/կ-ները առաջարկում են հանրությանը ներկայացնել բնությանը հասցված վնասի չափը եւ թե ինչպես են անգործության հետևանքով բնությանը հասցված վնասի պատասխանատուները ենթարկվելու պատասխանատվության: Որքանով տեղյակ ենք, տեղական կառույցի պատասխանատուները ժամանակին արձանագրել են խնդիրը եւ ահազանգել վերադասին, բայց բավականին ժամանակ հետո է միայն պայքարի միջոցառումներ իրականացվում», – ասում է «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930