Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը խոսեց ԵՊԼՀ-ի նոր ռեկտորի ընտրության մասին եւ դատական հայցի՝ ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի: Նրա ձեւակերպմամբ, ՀՀ ԿԳ նախարարը սեղմ ժամկետում` տարբեր ժամանակներում իբր թե կատարված կարգապահական զանցանքների հիմքով, արձակել է երկու հրաման ԵՊԼՀ ռեկտորին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, իսկ երրորդ հրամանով դադարեցրել է Զոլյանի հետ կնքված պայմանագիրը` ազատելով նրան ռեկտորի պարտականություններից, որից հետո, առանց համապատասխան լիազորության, երկու անգամ խախտելով գործող օրենսդրությունը, նշանակել է ռեկտորի պաշտոնակատարներ:
Սուրեն Զոլյանը համոզված է, որ լուծումը պետք է գտնել իրավական նորմով.
«Ես կխոսեմ միայն փաստերով: 2003թ.-ից 2 անգամ որպես փորձագետ մեկնել եմ Ստրասբուրգ և կատարել եմ իմ աշխատանքը և դրա համար նախարարի կողմից ստացել եմ նկատողություն: Նրա խոսքով՝ ես խախտել եմ օրենքը: Իմ կարծիքով, այստեղ ոչ թե օրենքն է գործում, այլ նախարարի կամքը: Կարծես նախարարը ճնշում է Հայաստանից ներկայացված փորձագետին: Համալսարանի ռեկտորը ընդունվում է խորհրդի կողմից, նախարարը միայն ստորագրում է, հետևաբար այդ նույն խորհուրդն էլ պետք է հեռացնի պաշտոնից, իսկ հիմա բավականին լուրջ խախտում է գրանցվում»:
Նախկին ռեկտորի ասելով, վարչապետը և նախարարը իրեն չեն արձագանքել, վարչապետին ուղղվել է նամակ ապրիլի 20-ին, բայց մինչ այսօր պատասխան չի եկել: «Աշոտյանի մտքի թռիչքը եղել է հետևյալը. Սուրեն Զոլյանը խախտել է ՀՀ օրենքը, չի ենթարկվել նախարարի հրամանին: Ահա և նրանց գրագիտության սահմանը»,- ասում է Զոլյանը:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, չինովնիկների և տրամաբանությունը և շարահյուսությունը թույլ է, եւ իր խնդիրը չէ նախարարին օրենք սովորեցնել:
Հունիսի 14-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի վաղվա նիստից, նախկին ռեկտորը պատասխանեց. «Մի հանցանք կատարելով մնացածները ինքնստինքյան գալիս են, իմ կարծիքով հակաօրինական գործողությունների շարունակություն է լինելու, և ռեկտորի ընտրությունն էլ անօրինական մի շղթա է: Դատական իշխանությունը չպետք է ուղղորդված գործի, քանի որ այն անկախ իշխանություն է: Մինչ նիստի ընթացքը ավելի կարևոր էր, քան արդյունքը, որովհետև Հայաստանը տեսավ, թե ինչ է իրականում կատարվում»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ