Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գասպարիի գործով ակտիվիստներն ու ոստիկանը ցուցմունք տվեցին

Հունիս 13,2012 13:54

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն  այսօր դատաքննությունից հետո նախկին քաղբանտարկյալ, ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով վկաների հարցաքննությունը համարեց ավարտված:

Այսօր դատակոչվել էին հասարակական նախաձեռնության ակտիվիստներից Լենա Նազարյանը, Լալա Ասլիկյանը եւ ոստիկանության պահպանության ծառայության վարորդ Արշակ Առաքելյանը:Պաշտպանական կողմը, հանձին Վարդգես Գասպարիի եւ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի, միջնորդեց, որ դատակոչված վկաներից՝ Լեւոն Բաղդասարյանը եւ Զարուհի Փոստանջյանը չգան դատարան, խնայելով ժամանակն ու պետական բյուջեն, քանի որ վկաները նույն բանն են ասելու:

Մեղադրող Արմեն Անֆանդյանը չառարկեց:

Վկա Լենա Նազարյանը նկարագեց անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի ՀՀ կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ցույցի մասին, ինչն առիթ է դարձել ակտիվիստներից մեկի՝ Վարդգես Գասպարիի դեմ՝ խուլիգանության հոդվածով քրեական գործ հարուցելու: Նա ասաց, որ բազմամարդ ժողովուրդ կար, քանի որ նախորդ օրը սպանվել էր զինվոր Աղասի Աբրահամյանը:

Վկան նկարագրեց, որ շարքով կանգնած էին, պահել էին ձեռքերում ցուցապաստառներ «Հայրենիք, պաշտպանիր քո զինվորին», «Բանակն առանց մարդասպանների»: Ակտիվիստներ Լենա Նազարյանի եւ Լալա Ասլիկյանի նկարագրածով ամեն ինչ խաղաղ էր ընթանում, ծրագրված էր ցույցից հետո երթ դեպի նախագահական:

Սակայն կառավարության նիստն ավարտվելուն պես մուտքից դուրս են գալիս նախարարները, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ոստիկանապետը, ըստ վկաների, փորձ է անում ճեղքել շարքերը, անցնել հավաքված ժողովրդի միջով, ինչը կարող էր չանել՝ շրջանցելով նրանց: Լենա Նազարյանին ոստիկանապետի թիկնազորը հրում է մի կողմ, իսկ Լալա Ասլիկյանի ցուցապաստառը պատռվում է: Այդ ժամանակ է, որ ընդվզում է Վարդգես Գասպարին, որն էլ, ըստ վկաների, սկսում է բարձրաձայն ասել. «ամոթ,հանցագործ, խուլիգան, տականք»:

Այս երկու վկաները չէին լսել «ասկյարներ» բառը, որը լսել էր …նախաքննության մարմինը:

Լալա Ասլիկյանի նկարագրելու ժամանակ դատական նիստերի դահլիճի խոսափողն ընկավ, դատավորը խորհուրդ տվեց՝ «ձեռքերով չխոսել»: Վկան սա դիտեց իր արտահայտվելուն միտված քայլ եւ շարունակեց իր ցուցմունքը:

Ասլիկյանը հայտնեց նաեւ, որ չի տեսել, որ Գասպարին հրի, սպառնա, հայհոյի ոստիկաններին:

Ոստիկանության վարորդ Արշակ Առաքելյանին դատարանը այսօր մի անգամ հետ ուղարկեց, քանի որ դատարան էր ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի: 1 ժամ հետո ներկայացավ՝ վարորդական իրավունքի վկայականով:

Այս վկան ասաց, որ այդ օրը Կենտրոնի վարչական տարածքում էր հերթապահում: Նրա հետ են եղել ոստիկաններ Արթուր Բաղդասարյանը եւ եւս մեկը, որին չէր հիշում: Ըստ նրա, ամեն ինչ սկսվել է, երբ շենքից դուրս է եկել նախկին ոստիկանապետը: Գասպարին, ըստ այս վկայի, սկսել է «ոչ սեռական բնույթի» արտահայտություններ անել: Իրենք մոտեցել են , փորձել են հանդարտեցնել Գասպարիին, սակայն նա չի լսել ոստիկաններին: Այս վկան հայտնեց, որ հարկադրանքի են դիմել, բռնել են Գասպարիի ձեռքից, տարել կառավարության շենքի մոտից մինչեւ «ժամացույցի տարածքը», որտեղ Գասպարին պառկել է: Բարձրացրել են, դրել մեքենան եւ տարել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Դատարանում ոստիկան-վկան «չհիշեց», թե Արթուր Բաղդասարյանը մեքենան նստե՞լ է, թե՞ ոչ, մինչդեռ նախաքննության ժամանակ հայտնել էր, թե իր գործընկերը եղել է մեքենայում: Վկան դատարանում ասաց, թե Գասպարին արմունկով խփել էր ոստիկան Բաղդասարյանին, եւ վերջինին «ամբոխի միջից» հանել էին, քանի որ Բաղդասարյանը վատ է զգացել, գլխապտույտ ուներ: Վկան ասաց, թե բաժնում Գասպարին սպառնացել է իրենց՝ ասելով. բոլորիդ գլուխները ջարդելու եմ, մինչդեռ նախաքննության ժամանակ հիշել էր, թե Գասպարին կառավարության շենքի մոտ էր դա ասել: Դատարանը սա չդիտեց լուրջ էական հակասություն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին: Նիստի օրը նշանակվելիս, տեղեկացանք, որ դատախազը հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 5-ը դասընթացների է մասնակցելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930