Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականը խոսեց ենթամշակույթներից

Հունիս 13,2012 13:36

Եվ կոչ արեց ոչ թե հնազանդեցնել այնտեղ ներգրավված երիտասարդներին, այլ երկխոսել

«Այսօր աշխարհում մեծ տարածում գտած տասնյակ ենթամշակույթներ իրենց նախասիրությունների եւ գաղափարների վրա հենվելով՝ դասակարգային, ռասայական կամ գենդերային պայքար են մղում հասարակության գործող կարգերի դեմ: Մեզանում ենթամշակույթները կրկնօրինակված են՝ առանց հստակ գաղափարախոսության, եւ երիտասարդները դրանցում առայժմ միայն գրավչություն են տեսնում: Խնդրահարույց է այն իրողությունը, որ հասարակության տեղեկացված չլինելը, անլուրջ քննադատությունը եւ անհանդուրժողությունը խափանում է երկխոսությունը ենթամշակույթները կրողների հետ եւ արհեստականորեն դուրս մղում նրանց սոցիալական միջավայրից»,- Ավանի Մշակույթի պալատում օրերս կայացած «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանն ասաց Վարդան սարկավագ Ասլանյանը: Ենթամշակույթների թեման «Մանանայի» շրջանակներում քննարկվում էր առաջին անգամ:

Հաշվի առնելով ենթամշակույթներում գլխավորապես դեռահասների ներգրավվածությունը՝ Վարդան սարկավագը փաստեց. կրիտիկական հասունացման շրջանում՝ 12-19 տարեկան հասակում, դեպրեսիվ երիտասարդի նկատմամբ պետք է կարեւորվի ընտանեկան եւ հանրային ուշադրությունն ու հոգատարությունը, ինչը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել դեռահասի գործողությունները՝ կանխելով նրա սխալ ու կործանարար արարքները:

Հոգեւորականի կարծիքով, բավական դրական գծեր կարելի է նկատել ենթամշակույթների անդամ հանդիսացող դեռահասների ոճի եւ ժամանցի մեջ. օրինակ՝ գունեղ եւ տպավորիչ հագուստն ու աքսեսուարները, երաժշտական լայն նախասիրությունները: Հատկապես շեշտվեց ենթամշակույթների՝ դեռահասի ստեղծագործ կարողությունների վրա ունեցած խթանիչ ազդեցությունը, երբ երիտասարդները մեծ ոգեւորությամբ զբաղվում են նկարչությամբ (գրաֆիտի, էմո-արտ), երգում են, բանաստեղծություններ ու երաժշտություն գրում, երաժշտական խմբեր ստեղծում: «Հասարակության խնդիրն է՝ այս զգալի ուժերն ու եռանդը ուղղորդել ճիշտ հունով եւ խրախուսել դեռահասներին»,- ասում է հոգեւորականը:

Ենթամշակութային ֆենոմենի դրական կողմը նշելով, նա միաժամանակ բարձրաձայնեց  մի շարք մտահոգիչ խնդիրների մասին. «Ենթամշակույթները անվերահսկելի լինելու դեպքում լիակատար ազատության ձգտող երիտասարդների շրջանում պարարտ հող կարող են նախապատրաստել ախտավոր երեւույթների համար. օրինակ՝ սեռական անկանոն հարաբերություններ, թմրանյութերի, ալկոհոլի, ծխախոտի օգտագործում եւ, որ ամենավտանգավորն է, կարող են ներազդել սթրեսի կամ կենցաղային դժվարությունների մեջ հայտնված դեռահասի հոգեբանության եւ աշխարհընկալման վրա՝ խորթացնելով նրան հասարակությունից եւ ընտանիքից: Մեր օրերում ինքնասպանության, ենթամշակութային հողի վրա գործած հրեշավոր դաժանությունների ու մարդասպանությունների դեպքերը վերոնշյալի ճշմարտացիության հստակ ցուցիչն են»:

Հոգեւորականի խոսքով, ամեն դեպքում, չպետք է խուճապի մատնվել եւ կտրուկ զսպող քայլեր ձեռնարկել դեռահասներին հնազանդեցնելու համար:

Անդրադառնալով նաեւ ամբողջ աշխարհում եկեղեցու եւ ենթամշակույթների միջեւ ծավալվող երկխոսության ձեռքբերումներին եւ «կիսելով» ենթամշակույթների շարքերում գտնվող դեռահասների հետ շփման սեփական փորձառությունը՝ բանախոսը վստահեցրեց, որ հոգեւորականի ներկայությունը ենթամշակույթների շարքերում կարող է բազում արատավոր երեւույթներից զերծ պահել երիտասարդությանը: Հանդիպման ավարտին հրավեր ուղղվեց հայ երիտասարդներին՝ ակտիվ հաճախելու Հայ առաքելական եկեղեցու «Մանանա» երիտասարդական ծրագրի հանդիպումներին:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930