Երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանի բեմադրությունը ջերմ է ընդունվել արտերկրում
Վերջին տարիներին հայաստանյան թատերարվեստի ոլորտում շատ է խոսվում երիտասարդ դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանի մասին: «Համազգային», Մնջախաղի, Տիկնիկային թատրոններում, ինչպես նաեւ «Ագորա» թատերախմբում նրա խաղացած դերերին ու բեմադրած պիեսներին բարձր գնահատական է տրվում թատերասերների կողմից: Միայն 2011թ. Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մոսկովյան «Ոսկե դիմակին», Սերբիայում, Հունգարիայում, Ղազախստանում կայացած փառատոներին ներկայացել է 4 աշխատանքով՝ Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով», Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթ», «Թեւավորը»՝ ըստ Մարկեսի եւ Գոգոլի «Ակակը» ներկայացումներով, որոնց հաջողությունների առյուծի բաժինը, ըստ մասնագետների, դերասանուհի ու բեմադրիչ Նարինե Գրիգորյանինն է:
Նախօրեին երիտասարդ արվեստագետի բեմադրած «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մեծ ընդունելություն է գտել այս օրերին Քիշնեւում անցկացվող ԱՊՀ երկրների երիտասարդական ֆորումում, որին մասնակցելու համար աջակցել է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս մասին «Առավոտին» հայտնեց բեմադրիչ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Կարդացեք նաև
«Շուրջ կես տարի առաջ ճանաչված բեմադրիչ Վիկտոր Ռիժակովի գլխավորած հանձնախումբը, հայաստանյան տարբեր թատրոններում դիտելով 6-7 բեմադրություն, ընտրել էր «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Մեկ օրից ֆորումը կավարտի իր աշխատանքը: Կքննարկվեն ու կամփոփվեն փառատոնի արդյունքները, եւ վստահ եմ, որ Նարինեի բեմադրությունը կարժանանա ուշադրության»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ ԱՊՀ երկրներից ընտրված է մեկական ներկայացում:
Քիշնեւյան ֆորումին մասնակցում են նաեւ թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, նկարիչներ Կարինե Եղիազարյանը, Նարեկ Քեշիշյանը եւ դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ