Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերին դեռ ռուսնե՞րն են պահում

Հունիս 13,2012 13:20

ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարի տվյալներով՝ իրենց երկրում աշխատող  հայերը տարեկան $1,5-2 միլիարդ են ուղարկում Հայաստան:

Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը, որի նպատակն է ԽՍՀՄ տարածքում բնակվող մասնագետներին քաղաքացիություն, տուն-տեղ ու աշխատանք շնորհել ու նրանց ընտանիքով Ռուսաստան տեղափոխել, դեռ  մեծ հետաքրքրություն է առաջացնում գյումրեցիների շրջանում: Հատկապես սկզբնական շրջանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության հայտարարած ընդունելության օրերին անցնելով հյուպատոսարանի մոտով՝ կարելի էր տպավորություն ստանալ, որ ողջ Գյումրին պատրաստվում է տեղափոխվել Ռուսաստան:

«Առավոտը» Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է ծրագիրը: Հարցին ի պատասխան՝ դիվանագետը տեղեկացրեց, որ այն ավարտվելու էր 2012 թվականին: Ավարտված է այն, թե ոչ՝ պարոն Կորչմարը չկարողացավ հստակ պատասխանել, սակայն կարծիք հայտնեց, որ  կշարունակվի, որովհետեւ դեռ արտասահմանում բնակվող 30 միլիոն հայրենակիցներ ունեն, որոնք աստիճանաբար պիտի վերադառնան Ռուսաստան՝ բնակության: Ամենայն հավանականությամբ՝ նկատի ունենալով այն փաստը, որ այս ծրագիրը խիստ քննադատության է արժանացել Հայաստանում, նույնիսկ եղան մարդիկ, որոնք  սպիտակ եղեռն որակեցին, ռուս հյուպատոսը շեշտեց, որ այն նախատեսված է իր սերնդակիցների համար, որոնք ապրել են Խորհրդային Միության տարածքում, եւ ամենեւին չի վերաբերում երիտասարդ սերնդին: «Հայրենակիցներ համարվում են այն մարդիկ, ովքեր ապրել են ԽՍՀՄ կազմում, կապված են ռուսական մշակույթին, խոսել են ռուսերեն լեզվով, բայց այն աստիճանաբար ավարտվում է: Մենք նպատակ չունենք, որ ողջ Հայաստանը իմանա ռուսերեն, կամ բոլոր ուկրաինացիները իմանան ռուսերեն, մեզ անհրաժեշտ են մասնագետներ՝ ռուսերենի իմացությամբ, որոնք կզարգացնեն մեր համագործակցությունը: Գլխավոր նախապայմանը ռուսերենի իմացությունը չէ, դեռ  սովետական տարիներին էլ ոչ մեկը Հայաստանում հարյուր տոկոսով չգիտեր ռուսերեն, նույնը՝ Վրաստանում ու Ադրբեջանում»,- ասաց հյուպատոսը: Նա նաեւ շեշտեց, որ հայերի բաժինը այդ ծրագրում շատ փոքր է, որովհետեւ, ըստ պարոն Կորչմարի, հայերը Ռուսաստան են մեկնում աշխատելու, նրանք չեն գնում ընտանիքով, չեն թողնում իրենց հողը, գերեզմանները, մեռյալներին՝ նախատատիկներին, պապիկներին եւ մյուսներին: «Գիտեք թվերը, մոտ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում աշխատող հայերը  Հայաստանում գտնվող իրենց հայրենակիցներին ուղարկում են մեկուկես-երկու միլիարդ դոլար, ահա թե որն է այդ աշխատանքի նպատակը: Դա աշխատուժի միգրացիա է՝ նրանք օգնում են Ռուսաստանին եւ իրենց հարազատներին»,- ասաց դիվանագետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը միգրացիոն ծառայության կողմից, սակայն սկզբնական շրջանի համեմատ շատ քիչ քանակությամբ են դիմումատուները: Եվ վերջում դիվանագետը մեկ անգամ եւս շեշտեց, որ  սա վտանգավոր չէ Հայաստանի համար, քանի որ հայերը չեն տեղափոխվում Ռուսաստան՝  ապրելու:

Մեր կողմից հավելենք, որ գյումրեցիներից շատերը մեծ ցանկություն ունեն օրինական ճանապարհով Ռուսաստան տեղափոխվելու, միայն թե նրանք փոքր-ինչ հուսախաբվել ու հիասթափվել են այս ծրագրից, քանի որ դիմումատուներից շատերի ասելով՝ պատճառ են փնտրում մերժելու: Բանն այն է, որ հայ մասնագետներից  շատերը չեն կարող հայթայթել պահանջված փաստաթղթերը, մեր երկրում խնդիր է, այսպես ասած, սեւ աշխատուժը, գործատուների մեծ մասը հարկային դաշտից խուսափելու համար աշխատակիցներին չի գրանցում՝ վերջիններիս ակամայից զրկելով «Հայրենակիցներ» ծրագրից օգտվելու հնարավորությունից: Իսկ ծրագրին դիմող մասնագետը պարտավոր է փաստաթուղթ ներկայացնել իր աշխատանքային ստաժի մասին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930