Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթելով պատերազմի դաշտում՝ կարող է պարտվենք դիվանագիտական դաշտում»

Հունիս 13,2012 13:12

Այս համոզմանն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի տեղի ունեցող հրադադարի խախտման պատճառով հուղարկավորեցին նաեւ ծնունդով շիրակցի զինվորների: Այսօր Գյումրիում էլ ժողովրդին միակ մտահոգողը պատերազմի վերսկսման վտանգի թեման է: «Առավոտը» գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե նրա կանխատեսմամբ՝ կլինի՞ պատերազմ, եւ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է պատերազմի: Քաղաքագետի կարծիքով՝ այն բոլոր տրանսազգային կորպորացիաները, որոնք ներդրում են կատարել Ադրբեջանի տնտեսության մեջ, թույլ չեն տա այդ երկրին պատերազմ սկսել: Բացի այդ, նրա մեկնաբանմամբ, Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ տարբեր հատվածներում կոմպակտ բնակվող լեզգիները, թալիշները դեմ են պատերազմին, քանի որ նրանք գիտակցում են, որ առաջին գիծ ուղարկելու են հենց ազգային փոքրամասնություններին: Ըստ քաղաքագետի՝ պատահական չէ, որ վերջիններս ծառայում են ամենածանր հատվածներում՝ ադրբեջանա-ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական սահմանների վրա: «Մի քանի ամիս առաջ թե՛ իրանական եւ թե՛ ռուսական ինտերնետ կայքերում հրապարակվեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց՝ իրենք կոչ են անում իրենց ազգակիցներին չմասնակցել Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք ռազմական գործողություններին: Սա էլ է խնդիր Ադրբեջանի համար, նրանք հասկանում են, որ առաջինը իրենք են զոհ գնալու, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ որեւէ այլ խոշոր կենտրոնի ադրբեջանցի բնակիչը»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ ռազմական գործողություններով որեւիցե բանի հասնելու, անպայման կսկսեր պատերազմը. «Բայց դրա ադեկվատ պատասխանը կլիներ նավթատարների եւ գազատարների ինֆրաստրուկտուրայի ոչնչացումը. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատասխանը միանգամից դա պետք է լինի, որովհետեւ Ադրբեջանը առանց այդ նավթային եւ գազային շահերի հետեւում կանգնած պետությունների համաձայնության երբեւիցե չի կարող ռազմական գործողություններ սկսել տարածաշրջանում: Եթե Ադրբեջանը սկսի, մեր պատասխանը կլինի սաստիկ եւ շատ դաժան»: Վերջինս դեմ է այն կարծիքին, որ մենք՝ հայերս, զգուշորեն պիտի արձագանքենք Ադրբեջանի սադրանքներին, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրությանը չներկայացնի, թե հայերը ռմբահարում են ադրբեջանական գյուղերը: «Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել, որ Ադրբեջանն առանց որեւէ միջազգային հանրության վախի ռմբահարում է Չինարին, Բերդավանը եւ այլ սահմանակից գյուղեր: Էդ իրենց կարելի՞ է կրակահերթեր ուղղել մանկապարտեզի, դպրոցի կամ դաշտում աշխատող գյուղացիների վրա, իսկ հայերին չի՞ կարելի, որովհետեւ ադրբեջանցիները կարող են ցույց տալ միջազգային հանրությանը, որ հայերը ագրեսո՞ր են»,- հարցնում է Գագիկ Համբարյանը: Ըստ քաղաքագետի՝ ռազմի դաշտում լուծվում է հարցի 40%-ը, մյուս 60%-ը լուծվում է դիվանագիտության եւ քարոզչության դաշտում:

Գագիկ Համբարյանը քննադատում է մեր արտգործնախարարությանը ադրբեջանական սադրանքներին ոչ ադեկվատ կամ թույլ պատասխանելու համար: Ըստ նրա. «Սերբերը հաղթանակ տարան Բոսնիայում եւ Հերցեգովինայում, բայց մահմեդականներին հաջողվեց կեղծիքների միջոցով մեղադրել սերբերին Սրեբրենիցայում տեղի ունեցած դեպքերի համար, եւ նրանք ամբողջությամբ փոխեցին միջազգային հանրության կարծիքը նրանց նկատմամբ: Այսօր պրոպագանդայի առումով շատ մեծ գործ է տարվում նույն եվրոպական պետությունների կողմից Սիրիայի պահով, շատ լավատեղյակ աղբյուրներ ասում են, որ Սիրիայում այդպիսի լայնածավալ, մասսայական եւ մասշտաբային գործողություններ տեղի չեն ունենում, ինչպես ցույց են տալիս միջազգային հայտնի ընկերությունները եւ լրատվամիջոցները: Այս փաստերի մասին խոսեցին նաեւ ֆրանսիացի պաշտոնաթող դիվանագետները, որոնք մեղադրեցին իրենց սեփական կառավարությանը լրատվական կեղծիքների միջոցով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ձեռնտու տարբերակով ներկայացնելու համար»:

Ըստ քաղաքագետի՝ մեզ չպիտի բավարարի այն տեսակետը, ըստ որի՝ ովքեր զբաղվում են ԼՂՀ կոնֆլիկտով, նրանք էլ գիտեն կոնֆլիկտի բուն էությունը, իսկ մյուսների իմացությունը ավելորդ է. «Ոչ, մենք բոլորին պետք է բացատրենք. հենց սրանով է պայմանավորված, որ տարբեր միջազգային կառույցներում ընդունվում են հակահայկական որոշումներ, որոնք բացարձակ կապ չունեն Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի հետ, բայց ընդունում են, որովհետեւ Ադրբեջանին, Թուրքիային եւ նրանց դաշնակիցներին հաջողվում է համոզել»: Մեր զրուցակցի կարծիքով՝ թեեւ մենք հաղթանակել ենք մարտի դաշտում, սակայն ինֆորմացիոն պատերազմում, չգիտես ինչու, միշտ հանդես ենք գալիս պաշտպանվողի կարգավիճակում: Քաղաքագետին զարմացնում է նաեւ այն, որ թեեւ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Տավուշի մարզի դիրքերի նկատմամբ տեղի ունեցած դիվերսիային ակտիվորեն մասնակցել են թուրքական եւ հրեական ռազմական հրահանգիչները, սակայն Հայաստանի արտգործնախարարությունը բացարձակապես չի արձագանքում: Գագիկ Համբարյանի խոսքերով՝ եթե Թուրքիան բացեիբաց ադրբեջանամետ դիրքորոշում ունի, եւ դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, ապա գոնե կարելի՞ էր իսրայելական պետությունից բացատրություն պահանջել ու կարգի հրավիրել մեր տարածաշրջանում. «Հասկանալի է, որ Ավիկտոր Լիբերմանը՝ Իսրայելի արտգործնախարարը, եւ նախագահ Շիմոն Պերեսը ուղղակի բացեիբաց ադրբեջանասեր են, բայց դա թույլ չի տալիս նրանց, որ բացեիբաց հակահայկական գործողություններ ծավալեն: Մեր արտգործնախարարությունը բացարձակապես չարձագանքեց Ադրբեջանի կողմից Իսրայելից 1 միլիարդ 600 միլիոն դոլարի զենքի գնմանը, բայց երբ նույն Հայաստանի Հանրապետությունը մի քանի միլիոնի զենք էր գնել Մոլդովայից, Ադրբեջանը էնպիսի վայնասուն դրեց, որ նույնիսկ մի քանի պաշտոնյաներ Մոլդովայում զրկվեցին իրենց պաշտոնից, եւ մոլդովական իշխանությունները ստիպված եղան Ադրբեջանին մեկ առ մեկ բացատրություն տալ, թե ինչ են ուղարկել Հայաստան»:

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ լարվածությունը սահմանագծին կպահպանվի, բայց դա կախված է նաեւ հայկական կողմի թե՛ ռազմական եւ թե՛ դիվանագիտական պատասխանից: «Եթե մենք նստենք ու սպասենք, որ Ադրբեջանը պետք է իրեն խելոք պահի, էդպիսի բան չի լինի, որովհետեւ աշխարհում միշտ էլ հարգել են ուժեղին եւ ուժը, դիվանագիտությունն էլ է ուժ, դա մարդու մտքի ճկունության ուժն է, դրա համար մենք պետք է ակտիվացնենք մեր դիվանագիտությունը, մեր դեսպանները պետք է ակտիվ գործեն, այլապես հաղթելով ռազմի դաշտում՝ մենք միամիտ տեղը կարող ենք պարտություն կրել դիվանագիտության դաշտում»,- նախազգուշացնում է քաղաքագետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930