«Առավոտի» հարցազրույցը Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանի հետ
– Պրն Մայիլյան, մի շարք գործիչներ, այդ թվում նաեւ Դուք, որոնք նախկինում կազմել են հասարակության քաղաքական ակտիվ խավը, այսօր լռում են, ինչո՞ւ:
– Այսօր քաղաքական դաշտում այլ մարդիկ են՝ այլ ձգտումներով ու արժեքներով, հիմա նրանց հերթն է, բայց ասածիցս բնավ էլ չի հետեւում, որ ընդհանուր գործընթացներին չենք հետեւում կամ տեղյակ չենք տիրող իրավիճակից:
– Իսկ ինչպիսի՞ն է այն:
– Մեղմ ասած՝ անառողջ: Հայաստանում կառուցվում է մի հասարակություն, հաստատվել են կարգեր ու ավանդույթներ, որոնք զարգացման ներուժ չեն պարունակում: Սրա օբյեկտիվ արտացոլումը վերջին ընտրությունների արդյունքներն են:
– Այսի՞նքն՝ պարզաբանեք, խնդրեմ:
– Նախ՝ ընտրությունները դարձյալ անցան արատավոր մեթոդներով ու միջոցներով, եւ արդյունքում խորհրդարանում հայտնվել է ոչ թե երկրի քաղաքական ընտրանին, ինչպես պետք է լիներ նորմալ հասարակության դեպքում, այլ քաղաքական ցածր արժեքներով առաջնորդվող մարդիկ: Այսօր կարելի է պնդել, որ Հայաստանը խորհրդարան չունի բառիս բուն իմաստով: Երկրում այսօր խորհրդարանական կառավարման ճյուղը չի գործում, ուստիեւ երկիրը շարժվում է թեք ընկած՝ ինչպես մեկ անիվից զրկված մեքենան: Իսկ այդպես երկար չես գնա:
– Ընդդիմությունը որոշակի քանակությամբ մանդատներ ունի, դա ի՞նչ կարող է տալ:
– Այս ընտրությունները նաեւ ավանդական ընդդիմության վերջնական պարտությամբ ավարտվեցին: Այն ընդդիմության, որը չորս տարի առաջ մեծ ազդեցություն ուներ հանրության վրա, այսօր մի կերպ կարողացավ մի քանի տեղ պոկել: Անկումն ակնհայտ է:
– Իսկ ի՞նչ կարելի անել:
– Պետք է քանդել իշխանություններ-ընդդիմություն համակարգը: Այդ երկյակն արդեն սկսել է գործել միասնական, եւ հանրությանն անվերջ շփոթեցնելով՝ գոյատեւում են: Անընդհատ երկու կողմից էլ շրջանառության մեջ է դրվում Սարգսյան-Տեր-Պետրոսյան-Քոչարյան եռյակը՝ այլեւայլ հավելումներով, ու հասարակությունն այդ կախարդական շրջանում տեղապտույտ է տալիս: Ներկայիս ընդդիմության էջն արդեն փակված է. այն պարտվեց եւ պարտվեց մինչեւ ընտրությունները: Այն իր հնարավորությունները մսխել էր մինչեւ ընտրությունները: Իշխանություններն ապականված են մինչեւ ուղնուծուծը: Այս ընդդիմությունն այս իշխանություններինն է, այս իշխանություններն էլ՝ այս ընդդիմությանը: Երկուսն էլ պետք է հեռանան միասին: Հասարակությանը կենարար Գոլֆստրիմ է պետք՝ թարմ հոսանք:
– Բայց որտեղի՞ց եւ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել նման ներուժ:
– Դրա համար մեկ աղբյուր գոյություն ունի՝ հասարակությունը, որը պետք է օգտագործի առաջիկա նախագահական ընտրությունների ընձեռած հնարավորությունները: Այսպիսի մի օրինաչափություն կա. նախագահի ընտրություններում հասարակությունն ավելի միավորված է լինում: Այսպես՝ 95-ի խայտառակ ընտրություններին հետեւեց 96-ի ընդվզումը, 98-ին հասարակությունը միասնական ընդվզեց՝ ընտրելով Կ. Դեմիրճյանին, ապա մյուս ընտրություններին՝ Ս. Դեմիրճյանին, իսկ 2008-ին տեղի ունեցավ, ըստ էության, ապստամբություն՝ մարտի 1-ի եզրափակիչ դեպքերով: Այս օրինաչափությունը, համոզված եմ, կգործի նաեւ առաջիկայում՝ պետք է օգտվել այդ հնարավորությունից: Խորհրդարանական ընտրությունների կեղտոտ մեթոդներն այս դեպքում դժվարությամբ են կիրառվում. երբ հասարակությունը սեւեռվում է՝ ընտրելու մեկ անձ, այն էլ՝ համընդհանուր ընտրություններով, ավելի շուտ գործում են ազնիվ ձգտումները: Դա բնական է:
– Իսկ ո՞վ:
– Դեռ անուններ չտանք: Թեպետ նախագահի ընտրություններում շատ բան անձնավորվում է, բայց դեռ չխորանալով քաղաքական մանրամասների մեջ (այն թողնելով հետագային)՝ պարզապես նշենք, թե միջին քաղաքացին ինչ կերպար կցանկանար տեսնել:
Նախ՝ Հայաստանի նոր նախագահը չպիտի խոսի բարբառային առոգանությամբ կամ ժարգոնով: Դրանց առկայությունը վկայում է ցածր կրթական ցենզի, աշխարհայացքի նեղության մասին: Այսօրվա «գործիչները» կամ խոսում են բարբառով, կամ երեւանյան փողոցային ժարգոնով: Բավական է մեզ հրամցնել կիսատ-պռատ, պարզագույն գաղափարներ, այն էլ՝ ծուռտիկ-մուռտիկ հայերենով: Մեզ այլեւս պետք չեն չորրորդ դասարանի շարադրություններ. բովանդակալից եւ իմաստուն խոսքի կարիք կա: Երկրորդը՝ Հայաստանում պետք է լինի երեւանցի նախագահ՝ կրած արժեքներով, մտածողությամբ, հայացքներով, նաեւ՝ ծնունդով: ՀՀ նախագահ պետք է լինի երեւանյան քաղաքական դպրոց անցած մարդ: Այսինքն՝ պարզ ասած, հասարակությունը՝ Ղարաբաղի հետ միասին, պետք է ազատվի ղարաբաղյան կառավարողներից: Դա՝ ի շահ հենց առաջին հերթին Ղարաբաղի:
– Համենայնդեպս՝ եռյակն ինչպե՞ս իրեն կպահի: Արդեն պարզ է, որ Սարգսյանը կմնա պայքարում, իսկ Քոչարյանը, ըստ Ձեզ, կմասնակցի՞:
– Քոչարյանի օրոք նրա դեմ երկու գործնական եւ բավականին հզոր ընդվզում եղել է, մեկը՝ կապված Արկադի Վարդանյանի հետ, մյուսը՝ մարտի 1-ի: Եթե նա իր թեկնածությունը փորձի դնել, կլինի երրորդը՝ արդեն ապստամբություն:
– Իսկ Տեր-Պետրոսյա՞նը:
– Նա խոհեմ մարդ է (երբեմն՝ անհարկի խոհեմ) եւ այդ քայլին չի գնա, իսկ նրանից բացի՝ այլ արժանի թեկնածու ՀԱԿ-ը չունի: ՀԱԿ-ի ներկայացուցիչները, անխտիր, մեծամասնական բոլոր ընտրատարածքներում, որտեղ հանդես են գալիս որպես անհատ, պարտվեցին: ՀԱԿ-ը հասարակությանը առաջարկելու թեկնածու չունի:
– Իսկ մյուս առաջնորդնե՞րը:
– Այսօր գործող մյուս բոլոր «քաղաքական առաջնորդները» ապացուցել են, որ ընդամենը ստատիստ են Սարգսյանի համար: Նրանք համակարգի ծոցից են դուրս եկել, ուստիեւ իրենց հայացքների եւ քաղաքական մտածելակերպի հետամնացությամբ անգամ մեկ խիզախ քայլ կատարելու ընդունակ չեն: Մի քանիսն էլ նախկինում կարեւոր պահի պատշաճ վճռականություն չեն ցուցաբերել ու հիմա չեն կարող ապացուցել, որ նույնը չեն կրկնի: Դրանք դատարկ խաղեր են:
– Բայց որտե՞ղ է այլընտրանքը:
– Այլընտրանքը կհայտնվի անսպասելիորեն՝ նոր առաջնորդի հետ, ով լուրջ ու վճռական քայլեր կառաջարկի հասարակությանը, իր անցյալով ու կենսագրությամբ կներկայանա, որ անվարան է պայքար ծավալելու: Իշխանություններին կմնա ընդամենը կիրառել փորձված տեխնոլոգիան՝ արժեզրկել ընտրությունները՝ բազմաթիվ ու խառնիճաղանջ թեկնածուներ առաջադրելով, սակայն չստանալով սպասված արդյունքը՝ իշխանություններն ու ընդդիմությունը, յուրաքանչյուրն իր մեթոդով, կդիմադրեն այդ ուժին, եւ բնական է, մենք կունենանք «հայկական գարուն»:
Սպասեք «հայկական գարնան»:
«Առավոտ» օրաթերթ