Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստավկեն կպե՞լ է»

Հունիս 13,2012 13:02

Ինձ չի հետաքրքրում ֆուտբոլային խաղի հաշիվը՝ եթե Հայաստանը չի խաղում, ինձ համար բացարձակապես միեւնույն է, թե ով է հաղթելու, իսկ ով՝ պարտվելու: Բացի իմ երկրի հավաքականից եւ թիմերից՝ ես որեւէ երկրի երկրպագելու շարժառիթներ չունեմ: Ի դեպ, չէի հասկանում, երբ «Եվրատեսիլի» ժամանակ մերոնք ասում էին՝ քանի որ Հայաստանը չի մասնակցում, եկեք երկրպագենք Ռուսաստանին: Եթե դա երգի մրցույթ է, ապա պետք է երկրպագել լավ երգի, անկախ նրանից՝ այն ռազմավարական բարեկամդ է գրել, թե դարավոր ոսոխը:

Դառնալով ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը՝ ես չեմ խորանում եւ լավ չեմ հասկանում թիմերի մարտավարության եւ ռազմավարության նրբությունները: Ես չեմ ուզում լսել մարզական մեկնաբանների տրաֆարետային բացատրությունները՝ «խուճապային իրավիճակ է այսինչի տուգանային հրապարակում», «վտանգավո՛ր է», «այսինչը կարողացավ այնինչին անակնկալի բերել»: Դրա համար էլ ես ֆուտբոլը գերադասում եմ նայել առանց ձայնի: Խոստովանեմ, որ եվրոպացի ֆուտբոլիստների մեծ մասի անունները ես չգիտեմ: Խաղի մեջ ինձ հետաքրքրում է բուն խաղը՝ մարդկային գործունեության ձեւերից մեկը, որն արտահայտվում է մարդկանց հմտությունների, մտքի եւ, ամենակարեւորը՝ էմոցիաների միջոցով: Ավելին՝ Շվեդիա-Ուկրաինա խաղի ռեպորտաժում խաղացողներից մեկի մեջքին ինչ-որ բզեզ նստեց, օպերատորը վարպետորեն որսաց այդ մի քանի ակնթարթը, իսկ ռեժիսորը լավ ռեակցիա դրսեւորելով՝ միացրեց ճիշտ տեսախցիկը: Դարձյալ մարդկային գործունեության դրսեւորում է՝ չնայած բուն ֆուտբոլի հետ կապ չունի:

Բայց ամենահետաքրքիրը ֆուտբոլում ինձ համար, իհարկե, այն է, թե ինչպես են խաղացողներն ուրախանում, երբ գոլ են խփում, ինչպես են նրանք նեղվում, երբ դա չի հաջողվում՝ ամեն մեկը դա անում է յուրովի, եւ խոշոր պլանը տալիս է այդ ամենը դիտելու հնարավորությունը, ինչպես են նրանք դժգոհում մրցավարի, իրենց կարծիքով, սխալ որոշումից, ինչպես են վեր թռչում կամ գլուխները բռնում երեսներին տվյալ երկրի դրոշի գույներով քսված երկրպագուները, ինչպես են իրար բղավում խաղացողները, իսկ հետո ձեռք մեկնում կամ թարս-թարս նայում: Այդ ամենը հետաքրքիր է եւ հուզիչ, բայց ոչ սրտի կաթված ստանալու չափ:

Սակայն Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք հուզվում են հենց այդ՝ ինֆարկտ ստանալու չափ: Ոչ թե այն պատճառով, որ ուշքները գնում է Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականների համար՝ նրանք իրենց փողի դարդն են: Ֆուտբոլը որպես խաղ, իր մասնագիտական եւ էմոցիոնալ դրսեւորումներով, այդ մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում: Նրանք այս առաջնությանը, ինչպես նաեւ մնացած բոլոր խաղերին եւ այլ իրադարձությունների նայում են միայն մի տեսանկյունից՝ «ստավկեն կպե՞լ է», թե՞ «չի կպել»: Այսինքն՝ խաղադրույքը, որը նրանք դրել են, արդարացվե՞լ է, թե՞ ոչ: Շուրջբոլորդ լսում ես նման խոսակցություններ ու տհաճություն ես զգում՝ մի՞թե այդ հրաշալի խաղը հնարավոր էր այդպես ապականել:

Մյուս կողմից էլ այդ հոգեբանությունը, որի կիրառությունն, իհարկե, չի սահմանափակվում միայն ֆուտբոլով, խանգարում է հենց նրանց, բառիս լայն իմաստով՝ ղումարբազներին: Իրենց ինչ-որ արհեստական լծակներից կախման մեջ դնելով՝ նրանք չեն կարող ըմբոշխնել կյանքը՝ իր բոլոր գույներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930