Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ ապագայում պատերազմը բացառված է»

Հունիս 13,2012 12:59

Հայ-ադրբեջանական սահմանում վերջերս կրկնվող դիվերսիոն գործուղությունների եւ պատերազմի հնարավոր վերսկսման մասին «Ա1+»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, զինադադարի վերջին խախտումները, դիվերսիոն գործողություններն արդյոք վկայո՞ւմ են պատերազմի հնարավոր սպառնալիքի մեծացման մասին:

-Ոչ: Որպեսզի մենք պատասխանենք այդ հարցին, պետք է հասկանանք, թե ինչ նպատակ են հետապնդում այդ դիվերսիոն գործողությունները եւ ինչ պայմաններում կարող է վերսկսվել պատերազմը: Ադրբեջանը կսկսի պատերազմ միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ կհաղթի, իսկ որպեսզի այդպիսի համոզմունք ունենա, պետք է լինեն լրջագույն առավելություններ. կարճ ասած, ռազմական բալանսը պետք է լինի հօգուտ իրեն: Այսօր  ռազմական հավասարակշռությունը պահպանված է եւ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը չի հասնի իր նպատակին, եւ կրելու է լուրջ վնասներ ոչ միայն պատերազմի գոտում, այլ ամբողջ Ադրբեջանի տարածքում:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Հայկական կողմն այսօր ունի այնպիսի զինատեսակներ, որոնցով ի վիճակի է հասցնել անդառնալի կարուստներ Ադրբեջանի բոլոր ռազմարդյունաբերական կենտրոններին: Բացի այդ՝ պատերազմի վերսկսումը չի բխում այն պետությունների շահերից, որոնք ունեն տնտեսական շահեր տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակում պատերազմի վերսկսման հնարավորությունը մոտակա ժամանակաշրջանում բացառում եմ:

Իսկ դիվերսիոն գործողությունների հիմնական նպատակը պատերազմի վերսկսման սպառնալիքի մթնոլորտի ձեւավորումն է Հայաստանում եւ ԼՂՀ-ում:  Սրանով Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին՝ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու Հայաստանին, որպեսզի պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ միջազգային հանրությունը արագացնի հարցի լուծումը, իսկ Հայաստանը՝ համաձայնվի զիջումների: Կան նաեւ երկրորդական նպատակներ. հետախուզություն, իրենց զորքերում եւ հասարակության մեջ մարտական ոգին բարձր պահելու ձգտում եւ այլն: Ադրբեջանի իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ մոտակա ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի, այն պարզ պատճառով, որ հայկական կողմը չի համաձայնի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, վերջինս էլ  համաձայն չէ քննարկել Արցախի անկախության հարցը: Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի արտահանման գագաթնակետը այս տարին էր, եւ ըստ փորձագետների, նավթի ծավալները այս տարվանից սկսելու են նվազել եւ 20 տարի հետո սպառվելու են, իսկ Ադրբեջանի տնտեսական հզորության հիմքում նավթադոլարներն են, ապա հասկանալի է դառնում, թե ինչու է ադրբեջանական իշխանությունը տարբեր միջոցներով փորձում արագացնել ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծումը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930